İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին

1982 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ Գլխավոր կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը «ԻԿՕՄՕՍ» ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` կոչ անելով  հնագիտական և մոնումենտալ ժառանգության վայրերն այդ օրը նշանավորել հատուկ նախաձեռնություններով ու միջոցառումներով: Տարիներ շարունակ ԻԿՕՄՕՍ-ն առաջարկում է որևէ թեմա` օրվա խորհուրդը համարելով մշակութային ժառանգության  լայն ընդգրկման լուսաբանումը: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա՝ ապրիլի 18-ի, այս տարվա թեման է՝ «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ»:                                              

«Մշակութային ժառանգության պահպանությունը պահանջում է անցյալի քննադատական վերլուծություն, քանի որ այդ պրակտիկան պահանջում է ապագայի ապահովում: Ընդունելով բազմազանության առավել մեծ ընդգրկման և ճանաչման համընդհանուր  կոչերը` 2021 թվականի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը  հրավիրում է բոլոր մասնակիցներին անդրադառնալ, վերաիմաստավորել և վերանայել գոյություն ունեցող նարատիվները:   

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ապահովելու բաց հարթակ լայն ներգրավվածության և մասնակցության համար: Այդ օրը, մասնավորապես, պատեհ հնարավորություն է ժառանգության բազմազանության նկատմամբ բարձրացնել հասարակության զգայականությունը, մեկտեղել այդ ժառանգության պահպանության և պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ժառանգության խոցելիության վրա»,- նշում են «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունից:       

Ավանդույթի համաձայն` ապրիլի 18-ին առաջադրված թեմային համահունչ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը կներկայացնի ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020թ. դրամաշնորհային ծրագրերի շրջանակում  իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին: Ծրագրի արդյունքում ստեղծվել են  2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ` Հայաստանի հայտնի  և անհայտ հուշարձաններ /Գնդեվանք, Աղջկա բերդ, Թանահատի վանք, Մանթաշաբերդ, Ջրահարսի վարսեր, Սելիմի քարավանատուն, Մեծամոր արգելոց-թանգարան/  այցելելու և այդ հուշարձանների տարածքում որոշակի կանոնների հետևելու մասին:  Անիմացիոն հոլովակները երկլեզու են` հայերեն և անգլերեն, ունեն մինիմալիստական, բայց  պատկերազարդ  և գունեղ լուծումներ, ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ:

Ծրագիրն ունի հայրենաճանաչողական և կրթադաստիարակչական նպատակ և հոլովակները դիտելիս փոքր տարիքից քաղաքացու մոտ ձևավորվում է հետաքրքրություն և հարգանք պատմամշակութային ժառանգության, ընդհանրապես հայրենիքի հանդեպ: Բարեվարքության կանոններով խրախուսվում է խնամել, մաքուր և  անխաթար պահել և պաշտպանել  մեզ հասած ժառանգությունը: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նման ուսուցողական ծրագրերի միջոցով ճանաչել, պահպանել և արժևորել մեր հարուստ ժառանգությունը, որը մեր ինքնության անհերքելի վկայությունն է:                                         

 Ծրագրի շնորհանդեսը կկայանա  ապրիլի 18-ին, ժամը` 14:00-ին, Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

https://www.panorama.am/am/news/2021/04/17/Ղևոնդ-Ալիշան/2488079

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın