İçeriğe geçmek için "Enter"a basın

«Պատերազմի շահարկումներ», ժառանգած բանակցություններ, «նախկիններ» և ապագա․ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020-ի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց ամեն ինչից, բացի ծրագրի կատարման ընթացքից։ Մասնավորապես, վարչապետը անդրադարձավ պատերազմի վերաբերյալ շահարկումներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային ժառանգությանը, հոկտեմբերի 27-ի և պետության զարգացման հարցերին, ինչպես նաև ապագա անելիքներին։ ՍիվիլՆեթն առանձնացրել է Փաշինյանի ելույթի հիմնական մասերը։

Պատերազմի չորրորդ օրը այն դադարեցնելու՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին

Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերին հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է՝ 2-3 օրերի ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

«Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Գլխավոր շտաբի պետը նման բան չի ասել, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է։ Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- նշելց Փաշինյանը։

Նրա խոսքով, սակայն, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ ձեռնարկել է հրադադար հաստատելու ուղղությամբ։ Փաշինյանը հիշեցրեց, որ ամենաբարձր մակարդակով երեք անգամ՝ 2020-ի հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ին և հոկտեմբերի 26-ին, եղել են հրադադարի վերաբերյալ պաշտոնական պայմանավորվածություններ, որոնք խախտվել են Ադրբեջանի կողմից։

Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորությունները

«Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Տեղի է ունեցել հետևյալը․ վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և զինված ուժերի գլխավոր շտաբի հետ, ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի՝ այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի»,- ասաց վարչապետը։

Նա հայտնեց, որ այդ կապակցությամբ հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Դրանից հետո արտախորհրդարանական ընդդիմությանը տեղեկացվել է կատարվող իրադարձությունների մասին։

«Որից հետո, համաձայն պայմանավորվածության, ես զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար՝ 5+2 տարածքների ձևաչափով վերադարձի պայմանով։ ՌԴ նախագահի հետ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել, սա շատ կարևոր է, որ մենք ունենք իրադրության հաղթահարման ընդհանուր ձևակերպում։ Գիտեք, որ փախստականների վերադարձի հարց է եղել, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չենք ունենա, եթե հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտնման պրոցեսի հետ»,- նշեց Փաշինյանը։

Հայկական կողմից պայմանների ներկայացումից հետո, ըստ վարչապետի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Իլհամ Ալիևի հետ։

«Ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունել Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր պահանջը։ Երկրորդ՝ պահանջում է, որպեսզի տեղահանվածների վերադարձը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի հետ։ Եվ նաև ակնարկ է եղել այն մասին, որ պետք է լինի ոչ թե 5+2, այլ միանգամից 7 տարածքների վերադարձ։ Այս մանրամասները ինչու եմ նշում, որովհետև Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը։ Ադրբեջանն ինչ-որ մի պահից հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԼՂ հիմնախնդրի բանակցային ժառանգությունը

Փաշինյանի խոսքով՝ իր կառավարությունը ԼՂ հարցի կարգավորումը ժառանգել է փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում։ Նա նման հայտարարությունը հիմնավորում է 2018-ի ապրիլի 17-ին վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած 2 հայտարարություններով։

«Այդ օրը Սերժ Սարգսյանը ասել է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է, որովհետև այդ բանակացությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն՝ «ապրիլյան պատերազմը և անակընկալ էր և անակընկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ։ Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»»,- մեջբերեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ 2017-ին արդեն բանակցային գործընթացում Հայաստանը հասել էր «իր կարմիր գծերին և մի բան էլ հատել էր կարմիր գծերը», այսինքն, պատրաստ է եղել վերադարձնել 7 շրջանները, սակայն Ադրբեջանը պահանջել է ավելին։

«Հայկական կողմը 20-ամյա բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի նրան, ինչ ուզում է։ Եթե դու 20 տարի հույս ես տալիս, գալիս է պահը երբ այդ հույսը պետք է արդարացնես։ Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-1998 թթ․, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն էր։ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա չգիտեմ՝ վիճում են, թե ոչ, բայց մի երկու տարի առաջ վիճում էին, թե ով է դուրս թողել»,- նշեց նա։

Նրա գնահատմամբ՝ 1998-ին Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը 20 տարվա ընթացքում տանուլ են տվել ԼՂ բանակցային գործընթացը։

Թուրքական գործակալ լինելու փոխադարձ մեղադրանքներ և «Հոկտեմբերի 27»

Ռոբերտ Քոչարյանի իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, պատերազմից առաջ և ընթացքում կաներ այն ամենը, ինչն արվել է։ Ի պատասխան երկրորդ նախագահի հայտարարությունների, Փաշինյանն ասաց․

«Եթե 1997-1998թթ․ Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն էր։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Եթե ԱԱԾ-ն 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանը արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին։ Այո, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից»։

Ըստ Փաշինյանի՝ նախկին իշխանությունները տանուլ են տվել ենթակառուցվածքների և պետության զարգացումը

Վարչապետն իր հետ խորհրդարան էր բերել 2017-ին արված վերլուծություն՝ ֆինանսվորված իշխանությունների կողմից։ Ըստ այդ վերլուծության, կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը, պայմանական միավորներով, 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին։

«Ընդ որում, հաշվի չեն առնված էներգետիկ համակարգը, տրանսպորտը և սպառազինությունը։ Եթե սրանք ներառեին, այս հարաբերակցությունը կլիներ՝ 20-1: 2017-ին Ադրբեջանը ուներ երկրի ուղեծրում երեք արբանյակ, որը գնել էր։ Այո, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, Եվրոպայում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»,- ասաց նա։

Ապագայի մասին կամ կենացների շարքից

Ապագայի մասին խոսակցության ամենակարևոր մասը Փաշինյանը համարում է ԼՂ հարցի կարգավորումը․ «Որպես բանակցային հարց պետք է դնենք ԼՂ ինքնավար մարզի դեօկուպացիայի խնդիրը։ Մենք սա պետք է ձևակերպենք ոչ թե որպես ռազմական, այլ որպես բանակցային-քաղաքական հարց։ Եվ մենք պետք է հետևողականորեն շարունակենք ԼՂ-ի համար՝ անջատում հանուն փրկության բանաձևի իրագործումը»,- նշեց նա։

Ռազմավարական հեռանկարում, Փաշինյանը և նրա կառավարությունը պատկերացնում են, որ Հայաստանը պետք է անցում կատարի պրոֆեսիոնալ բանակի, իսկ ժամկետային զինծառայության կառուցվածքը էականորեն պետք է փոփոխվի։

«Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտունակության բարձրացման հարցերով։ Իսկ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ»,- ասաց վարչապետը։

Վերջերս Կառավարությունը 14,5 տոկոսով կամ 2 մլրդ դրամով ավելացրել է գիտության ֆինանսավորումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022-2025թթ․ ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով։

Վարչապետը նաև կարևոր է համարում տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման հարցը ուշադրության կենտրոնում պահելը․ «Ցավոք սրտի, ունեմ կասկածներ, որ հենց Ադրբեջանը ամեն ինչ անում է այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար։ Մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականացմանը։ Մեզ համար ռազմավարական խնդիր է օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ»,- ասաց նա։

Հակոբ Ասլանյան


https://www.civilnet.am/news/599362/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%aa%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ae-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%a8-%d5%a1%d5%aa-%d5%b8%d6%82%d5%b4/

Yorumlar kapatıldı.