İçeriğe geçmek için "Enter"a basın

Այս Տղաների Սխրանքն Է, Որ Մեզ Յոյս Է Տալիս Արցախը Պահել Եւ Զարգացնել

Արցախի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնում կամաւորական հիմունքներով աշխատանքի է անցել Օշին Տինկիզեանը: Նա ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութիւնից է եւ Լիբանանի Պէյրութ քաղաքի` Լիբանանահայ օգնութեան խաչի «Արաքսի Պուլղուլճեան» ընկերաբժշկական կենտրոնի ու «Ռազմիկ Պէօճեքեան» սեփական դարմանատան ֆիզիոթերափիսթ: Ստորեւ ներկայացնում ենք «Ապառաժ»-ի հարցազրոյցը նրա հետ:

«ԱՊԱՌԱԺ».- Ինչպէ՞ս որոշեցիք գալ Արցախ:

ՕՇԻՆ ՏԻՆԿԻԶԵԱՆ.- Արցախեան վերջին պատերազմի առաջին օրուանից որոշել էի, որ պէտք է մեկնեմ Արցախ, որպէսզի մասնագիտական գիտելիքներս ծառայեցնեմ ի շահ հայրենիքի եւ օգնեմ վիրաւորներին: Ցաւօք սրտի, չստացուեց, որովհետեւ չկար այն ճանապարհային քարտէզը, որը պէտք էր ուղղորդեր ինձ դէպի Արցախ:

Սակայն երբ ՀՅԴ Բիւրոյի Երիիտասարդական գրասենեակը հանդէս եկաւ Արցախի օժանդակութեան ծրագրով, ես մեծ ուրախութեամբ արձագանգեցի եւ պատրաստակամութիւն յայտնեցի կամաւոր հիմունքներով օգնել պատերազմում վիրաւորուած մեր զինուորներին, քանի որ արդէն աւարտել եմ եւ աշխատելու փորձ ունէի:

«Ա.».- Որտե՞ղ էք աշխատում Լիբանանում, ինչքա՞ն ժամանակ է արդէն, որ աշխատում էք:

Օ. Տ.- Արդէն 3 տարի էինչ աւարտել եմ ուսումս եւ աշխատում եմ Պէյրութի 2 տարբեր կենտրոններում Լիբանանահայ օգնութեան խաչի «Արաքսի Պուլղուլճեան» ընկերաբժշկական կենտրոնում եւ «Ռազմիկ Պէօճեքեան» սեփական դարմանատնում որպէս ֆիզիոթերափիսթ:

«Ա.».- Գիտէի՞ք մինչ այս Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասին:

Օ. Տ.- Ճիշդն ասած` մինչեւ Հայաստան գալս չէի լսել այդ կենտրոնի մասին: Պէտք է ասեմ, որ բաւականին տպաւորուած եմ այդ կենտրոնով: Շատ զարգացած, բազմաբնոյթ եւ լայն հնարաւորութիւններով կենտրոն է:

«Ա.».- Ո՞ւմ հետ էք այստեղ աշխատում, որո՞նք են ձեր հիւանդները:

Օ. Տ.- Հիմնականում պատերազմում վիրաւորուած զինուորների հետ եմ աշխատում: Բաւականութիւն եմ զգում եւ ոգեւորւում եմ նրանց հետ աշխատելով:

«Ա.».- Իսկ ի՞նչն է յատկապէս ոգեւորում ձեզ:

Օ. Տ.- Նրանց հետ աշխատելու ժամանակ լսում եմ նրանց պատմութիւնները: Գիտէ՞քնրանք բոլորն էլ իսկապէս հերոսներ են: Նրանք թէեւ անցել են դժոխքի միջով, բայց ոչ միայն յուսահատուած չեն, այլեւ վճռականութեամբ են լցուած ետ բերել կորցրածը: Այս տղաների սխրանքն է, որ մեզ յոյս է տալիս Արցախը պահել եւ զարգացնել:

«Ապառաժ»-ը զրուցել է պատերազմում վիրաւորուած զինուորներից մէկի հետ, ով բուժւում է Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնում: Նա նշեց, որ Օշինը շատ լաւ մասնագէտ է եւ իրենց շատ է օգնում վերականգնողական բուժման ընթացքում:

Իսկ Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնի աշխաատակիցները «համեստ», «կիրթ», «հոգատար», «շատ պատրաստակամ», «աշխատասէր», «չափից շատ կարգապահ» բառերով են նկարագրում Օշին Տինկիզեանին եւ աւելացնում, որ շատ հեշտ է մտերմացել իրենց հետ, իսկ իւրաքանչիւր հիւանդի անհատական մօտեցում է ցուցաբերում եւ ընկերանում նրանց հետ, ինչը կարեւոր գործօն է նրանց վերականգնողական բուժման ընթացքում:

26 մարտ 2021


Aztag Daily

Yorumlar kapatıldı.