İçeriğe geçmek için "Enter"a basın

Լավրովը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ․ այդ մասին մարտի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:

Զախարովայի խոսքով՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում այլ հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի շփումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:

«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվեն ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր», – տեղեկացրել է Զախարովան և նշել, որ նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների շուրջ։

«Քննարկվելու են կազմակերպության ձևաչափով բազմապլանային համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում»,- ասել է նա։


https://www.civilnet.am/news/574867/%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be%d5%a8-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%a3-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf/

Yorumlar kapatıldı.