İçeriğe geçmek için "Enter"a basın

Ընտրություններ, երկրի առաջնային խնդիրներ, վստահություն․ Էրիկ Հակոբյանը՝ IRI-ի հարցման արդյունքների մասին

Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը բացատրում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)՝ փետրվարին անցկացրած հարցման արդյունքները՝ ներկայացնելով հանրության ընկալումներն այն մասին, թե դեպի ուր է գնում երկիրը, ինչ միտումներ կան տարբեր սոցիալական և տնտեսական խմբավորումների մեջ, և ում օգտին կքվեարկեին հարցվածները, եթե համապետական ընտրությունները լինեն առաջիկա կիրակի:
———
Կխոսենք Հայաստանում անցկացված սոցհարցման մասին, որը հրապարակվել է մոտ տասն օր առաջ։ Այս հարցումը հովանավորել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որն ԱՄՆ կառավարության թև է։ Հարցումը իրականացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը, որը ԱՄՆ հանրապետական կուսակցության միջազգային ճյուղն է։ Ցանկացած բանի, որը ֆինանսավորվում է օտար պետության կողմից, պետք է քննադատորեն մոտենալ շարժառիթներին։ Սակայն իրականում այս հարցումն արվել է պրոֆեսիոնալների կողմից և բավական վստահելի է։ Ես ինքս աշխատանքի բերումով ամբողջ կյանքում առնչվել եմ սոցհարցումների հետ։ Այժմ կանցնեմ այս հարցման արդյունքների վրայով և կբացատրեմ՝ որքանով է այն պատեհ Հայաստանում ներկա քաղաքական վիճակի հետ։

Առաջին հարցը, որ տրվել է, բոլոր հարցումներում տրվող հարց է՝ ճիշտ – սխալ ուղղության հարցն է։ Մարդկանց հարցնում ես՝ ուր է գնում երկիրը։ Զարմանալի չէ՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, 31 տոկոսը ասում է՝ երկիրը ճիշտ ուղղության վրա է, իսկ 24 տոկոսը վստահ չէ կամ հրաժարվում է պատասխանել այդ հարցին։

Երկրորդ հարցը՝ ինչպես են մարդիկ տեսնում երկրում իրենց ապագան, ինչը տարբեր է նրանից, թե ինչպես են տեսնում երկրի ապագան։ Մարդկանց 49 տոկոսը իրենց համար ավելի լավ հեռանկարներ է տեսնում, 45 տոկոսը՝ ավելի վատ հեռանկարներ։ Հետաքրքիրն այն է, որ տարիքով մեծ, մարզերում բնակվող և ցածր եկամուտ ունեցող հարցվածները իրականում ավելի դրական են տրամադրված երկրի ու իրենց կյանքի դրական ուղղվածության վերաբերյալ՝ ի տարբերություն երիտասարդ, քաղաքային ու ավելի բարձր եկամուտ ունեցող հարցվածների։

Հետաքրքիր է, որ այն, թե ինչ ուղղությամբ է երկիրն ընթանում, ուղղակի կերպով համընկնում է վարչապետի առաջնային ընտրազանգվածի հետ, որովհետև այդ ընտրազանգվածը մարզային է, ցածր եկամուտ ունեցող և համեմատաբար մեծահասակ, ինչը հակասում է մարդկանց ունեցած կարծրատիպերին։

Ինստիտուտների նկատմամբ վստահության մասին
Հարցման հաջորդ մասը վերաբերում է պետական ինստիտուտներին, թե որն է ամենամեծ աջակցություն վայելող կառույցը կամ անհատը, և որն է ամենաքիչ աջակցություն վայելողը։ Հարցման տվյալներով՝ Հայաստանում ամենահեղինակավոր կառույցը շարունակում է մնալ բանակը․ Հարցվածների 50 տոկոսը բանակի աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 23 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ»։

Սակայն այստեղ հարցում իրականացնող կազմակերպությունը, որը ԱՄՆ-ից է, չի հաշվի չի առնում, որ Հայաստանում բանակը լիովին այլ կերպ է ընկալվում։ Կա զինվորի բանակը, և կա ռազմական ղեկավարության բանակը։ Նրանք մարդկանց մեկ հարց են տալիս, և եթե մեկ հարց ես տալիս, մեկ պատասխան ես ստանալու, քան իրականությունն է․ որովհետև երբ Հայաստանում խոսում ես բանակի մասին, դու խոսում ես քո զարմիկի, որդու, դստեր, հարևանի երեխաների մասին, որոնք ակնհայտորեն ավելի դրական են ընկալվում, քան եթե խոսեինք բանակի ղեկավարության մասին։ Սակայն ընդհանուր առմամբ, ըստ հարցման, Հայաստանում ամենահեղինակավոր կառույցը շարունակում է մնալ բանակը։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքը հարցվածների 29 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», 28 տոկոսը՝ «անբարենպաստ», իսկ մնացած մասը՝ անտարբեր է, ինչը նշանակում է, որ լուսանցքում են մնում են մեծ թվով մարդիկ։

Առավել հեղինակավոր ինստիտուտների շարքում է նաև եկեղեցին, որը վայելում է հարցվածների 30 տոկոսի աջակցությունը։ Եկեղեցուն ընդհանրապես չի վստահում հարցվածների 29 տոկոսը։ Հայաստանում ամենաքիչ վստահություն վայելող կառույցների թվում են, ինչը զարմանալի չէ, դատարանները։ Նրանց մասին, որպես վստահելի կառույց, դրական է արձագանքել հարցվածների 7 տոկոսը։ Հայաստանում ամենաքիչ վստահություն վայելող կազմակերությունները իրականում քաղաքական կաուսակցություններն են՝ 4 տոկոս դրական արձագանքով, ինչը ահավոր է։

Հարցման երրորդ մասը վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ առերեսվում իրենց առօրյա խնդիրներին, և որոնք են նրանց համար ամենակարևոր հարցերը։ Գլխավոր խնդիրը հայ ընտանիքների համար ապրուստի հարցն է՝ 28 տոկոս, որին հետևում է բնակարանային հարցը, երրորդը՝ աշխատավարձերը։ Արցախի չկարգավորված խնդիրը առաջանային տեղում չէ։

Ինչպես են մարդիկ տեսնում իրենց ապագան

Հաջորդը՝ ինչպես են մարդիկ տեսնում իրենց ապագան երկրում, քանի որ շատ են քննարկումները երկրում ստեղծված իրավիճակի մասին, և այն մասին, որ շատերը անհանգստացած են իրավիճակով և ցանկանում են հեռանալ։ Հարցվածների 73 տոկոսը Հայաստանում է տեսնում իր ապագան առաջիկա հինգ տարում, իսկ 26 տոկոսը կլքեր երկիրը, եթե հնարավություն ունենար։ Ակնհայտորեն, սա շատ մտահոգիչ թիվ է, և ինչն ավելի մտահոգիչ է՝ այս թիվը ավելի երիտասարդ, կրթված ու բարձր եկամուտ ունեցողների շրջանում է կենտրոնացած։

Որքան էլ որ այս թվերը մտահոգիչ են, պետք է զգույշ լինենք՝ դրանցից խուճապ չառաջացնելու, քանի որ եթե աշխարհի այս մասում հարցում ես անում, թվերը զարմանալի չեն։ Տեսել եմ վերջերս անցկացված հարցումներ, որտեղ թուրքական համալսարանների ուսանողների կեսը նախատեսում է երկրից գնալ։ Ուստի, այս տարածաշրջանում նման արդյունքները այդքան էլ բացառիկ չեն։

Երբ մարդկանց հարցնում ես՝ որոնք են ըստ նրանց երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրները, 21 տոկոսը գործազրկությունն է համարում առաջնահերթ խնդիր, 19 տոկոսը՝ քաղաքական անկայունությունը, այն, ինչին ականատես ենք փողոցում այսօր։ Երրորդ տեղում է բանակի բարեփոխումների անհրաժեշտությունը, իսկ չորրորդ տեղում՝ ղարաբաղյան հակամարտության հարցը։

Սա կարող է զարմանալի թվալ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներից շատերի համար, որոնք շատ ավելի շատ են կենտրոնացած այդ հարցի վրա՝ համեմատ երկրի ներքին հարցերի, սակայն երկրի ընտրողները ավելի լայն են նայում նրան, թե ինչն է կարևոր իրենց համար, ինչը բոլորովին կապված չէ Ղարաբաղի կամ երկրի արտաքին քաղաքականության հետ։

Չորրորդ հարցը վերաբերում է արտահերթ ընտրություններին, և ով է դրանց աջակցում։
Հարցվածների մեծամասնությունը՝ 55 տոկոսը, կողմ է արտահերթ ընտրություններին, 42 տոկոսը դեմ է արտահայտվել։ Հետաքրքիր է այն, որ արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ լինելուն հակված են նրանք, որոնք դեմ են վարչապետին։ Սա ընդդիմության դիրքորոշման լրիվ հակառակն է, որովհետև ներկա կառավարությունը աջակցում է ընտրությունների անցկացմանը այն պատճառով, որ կարծում են՝ կհաղթեն։ Իսկ ընդդիմությունը դեմ է արտահերթ ընտրություններին, որովհետև վստահ է՝ կպարտվի։ Այսինքն, հակասություն կա նրա մեջ, թե ինչ է ասում ընդդիմությունը, և ինչ են կարծում նրանց կողմնակիցները։

Սրան առնչվող հարց՝ ով պետք է կազմակերպի խորհրդարանական ընտրությունները։ Ընդդիմության կողմից շատ են հնչում կարծիքներ, որ նրանք չեն ցանկանում ընտրություններ, քանի որ չեն վստահում ներկա իշխանություններին՝ դրանք կազմակերպելու հարցում։

Հարցվածների 62 տոկոսը հայտնել է՝ գործող կառավարությանը կվստահի ընտրությունների կազմակերպումը, իսկ 21 տոկոսը ցանկանում է, որ Վազգեն Մանուկյանի գլխավորած անցումային կառավարությունը կազմակերպի ընտրություններն ավելի ուշ։

Հարցին, թե ո՞ւմ կընտրեն, եթե հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, 33 տոկոսը պատասխանել է՝ «Իմ քայլը»-ին, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն՝ 3 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող ցանկացած կուսակցություն՝ 2 տոկոսով։ ՀՀԿ-ին կընտրեր հարցվածների 1 տոկոսը, Դաշնակցությանը՝ հարցվածների 1 տոկոսը։

Սակայն ինչն ամենակարևորն է, հարցվածների ամենամեծ հատվածը՝ 42 տոկոսը, պատասխանել է, որ չէր ընտրի ոչ մեկին։ Ակնհայտորեն, այստեղ շատ լայն դաշտ է բացվում այլ կուսակցությունների համար, որոնք ասպարեզ կելնեն։

Ակնհայտ է նաև, որ վարչապետն ունի ամուր ընտրազանգված՝ 30 տոկոս, աշխատավոր, շրջանային բնակչություն, որոնք համեմատաբար մեծահասակ են։ Որքան հեռանում ես Երևանից, այնքան աճում է նրա աջակիցների թիվը։ Մեկ այլ բան, որ նկատելի է այս հարցումից՝ 17 կուսակցություները իրական ազդեցություն չեն ունեցել հանրային կարծիքն իրենց կողմ թեքելու հարցում։ Ինչին հասել են՝ կառավարության հանդեպ աջակցության քայքայումն է, բայց ոչինչ չեն արել՝ քաղաքական գործընթացում իրենք իրենց օգնելու, իրենց դիրքերն ամրապնդելու, երկրում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու դիրքին հասնելու համար։

Որպես ամփոփում, այս հարցումից աչքի ընկնող ամենակարևոր բանը այդ 42 տոկոսը, որ չէր ընտրի ոչ ոքի։ Դա ցուցիչն է, որ մեր քաղաքական համակարգում նոր ուժի անհրաժեշտություն կա։ Քաղաքական ուժ, որը կապված չէ ներկա իշխանության ապիկարության և ոչ էլ նախկին իշխանությունների կաշառակերության հետ։ Եթե նայում ենք այդ 42 տոկոսին, որը դեռ որոշում չի կայացրել, նրանք ավելի երիտասարդ են, լավ կրթված, քաղաքային բնակչություն, և համեմատաբար բարձր եկամուտ ունեն։

Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք գուցե հայտնվի այս նոր քաղաքական ուժը, որը այդ ընտրազանգվածին ուղղորդվելու տեղ կտա, և եթե դա տեղի ունենա, ըստ իս, մենք գնում ենք դեպի ինչ-որ կոալիցիոն կառավարություն այս նոր ուժի և ներկա կառավարության միջև։

Իսկ եթե այս նոր ուժը չստեղծվի, ըստ իս, կունենանք ընտրություններ, որոնց արդյունքում ներկա կառավարությունը համոզիչ հաղթանակ կտանի, ինչին, անկեղծ ասած, արժանի չէ, և ինչը չի նպաստի երկրի առաջխաղացմանը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի


https://www.civilnet.am/news/564590/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d5%be%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%e2%80%a4-%d5%a7%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-iri-%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Yorumlar kapatıldı.