İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատմություն Գարի Կասպարովի հետ ճաշկերույթի մասին 

ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆ

2017 թվականին հնարավորություն ունեցա մի քանի ժամ շփվել Գարի Կասպարովի հետ: Նա եկել էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT) ելույթ ունենալու պուտինյան Ռուսաստանի մասին: Դահլիճը լեփ-լեցուն էր. մի 500 մարդ կլիներ:  Կասպարովը բնականաբար փնովում էր Պուտինին: 

Ելույթից հետո կազմակերպիչները նրան և մի քանի մասնակիցներիս հրավիրեցին ճաշելու: Գնացինք մի սիրուն ռեստորան: Ճաշի ժամանակ խոսակցությունը ելույթի շարունակությունն էր: «Պուտինը սենց, Պուտինը նենց»,- խոսում էր նա: Ես մի պահ չդիմացա ու հանդգնեցի չհամաձայնել գրոսմայստերի հետ՝ ասելով, որ այո՛, Պուտինը սրիկա է, բայց որպես ամերիկացի ես կուզեի՝ ինքներս մեզ հարցնեինք` իսկ ի՞նչ է ԱՄՆ-ն արել Ռուսաստանի հետ կոնֆլիկտը հրահրելու համար։ Թվարկեցի մի քանի խոշոր սխալներ Ամերիկայի կողմից: Գարին լարվեց ու թե՝ «Յաա՜, ասածդ ի՞նչ է, բոլոր ամերիկացինե՞րն են մեղավոր»: Ես պատասխանեցի, նա պատասխանեց… ու գնա՜ց։

Հիմա պատկերացրեք տեսարանը: Էլեգանտ ռեստորան Քեմբրիջի կենտրոնում, ամերիկացիները ապշած, վախեցած դիտում են երկու կոտոշավոր հայերի բարձրաձայն վիճաբանությունը: Վերջը ես զգացի, որ մի տեսակ անհարմար է ստացվում, ասացի․ «Ok Garry, let’s agree to disagree» (արի համաձայնենք մեր տարաձայնելուն): Նա թեթևացած ժպտաց, խոսակցության թեման փոխեցինք:

Վերջում, երբ գնում էի, ձեռքը սեղմեցի, ասացի, որ շատ հաճելի էր իրեն վերջապես հանդիպել։ Պատասխանեց․ «It was such a pleasure, you argue like a real Armenian!!!»

(«Այնքան հաճելի էր, դու վիճում էիր իսկական հայի նման»): Ու այնպիսի հավեսով ասաց, կարծես կարոտել էր այս վեճերը: Ասել, որ դա ամենահավես ճաշկերույթ էր իմ կյանքում, նույնն է, որ բան չասել:

Կասպարովի պատմությունը Բաքվի ջարդերի մասին

Թեման փոխեցինք, սկսեցինք խոսել Բաքվի մասին: Ասացի՝ լսել եմ, որ 1990-ի Բաքվի պոգրոմների ժամանակ ինքն ու իր ընտանիքը հազիվ են փրկվել: Պատասխանեց, որ իսկապես մի նման բան եղել է և պատմեց հետևյալը:


1990-ի հունվարյան մի օր Կասպարովների հետ կապվում է միլիցիան ու ասում, որ գազազած ամբոխը գալիս է իրենց թաղամասի ուղղությամբ և մի կես ժամից այնտեղ կլինի:  Արագ նրանց մոտ մի ավտոբուս են ուղարկում ու շենքի հայերին շտապ տեղավորում մեջը:  Գարիի տատը հրաժարվում էր գնալ: Կողի էր ընկել, ասում էր՝ սա իմ քաղաքն է, չեմ գնում,  թող գան ինձ մորթեն: Մի կերպ տատիկին համոզում են գնալ: Ավտոբուսը շարժվում է օդանավակայանի ուղղությամբ: 

Ավտոբուսում ադրբեջանցի մի միլիցիոներ կար: Նրան ռադիոկապով տեղեկացնում են, որ ամբոխները կտրել են օդանավակայան տանող ճանապարհը: Միլիցիոները շրջվում է Կասպարովին ու ասում․ «Նայիր, էս ատրճանակս է, եթե ձեզ բռնեն, դիր գլխիս ու սպառնա, որ ինձ սպանելու ես: Այդ դեպքում ձեզ անվնաս կթողնեն»։

Հասկանո՞ւմ եք:  Ադրբեջանցի միլիցիոներն իրեն կցված զենքը տալիս է օտար մարդուն, ինչն արդեն իսկ քրեական հանցագործություն է: Ու տալիս է ոչ թե ինչ-որ մեկին, այլ հայի: Եվ հետո էլ ասում է՝ գլխիս կդնես ու կսպառնաս ինձ սպանել: Հային է ասում: 

Պատկերացրեցի՞ք իրավիճակը: Պատկերացրեցի՞ք, թե այդ միլիցիոները ինչ մարդ պիտի լիներ, որ նման քայլի գնար:

Ախր ինչո՞ւ նա այդ քայլին գնաց: Ինչո՞ւ վտանգեց իր աշխատատեղը, ազատությունն ու անգամ կյանքը: Հանուն ինչի՞: Իր «թշնամի հային» փրկելու համա՞ր: Ո՛չ, նա դա արեց, որովհետև պարզապես մարդ էր, որի խիղճը և սերը ուրիշ մարդու նկատմամբ (նրա ազգությունից անկախ) իր իսկ ինքնապահպանման բնազդից ավելի ուժեղ էր: Այդպիսի մարդկանց համար անգլերեն արտահայտություն կա` righteous person, ռուսերեն` праведный человек։ Արդար մարդ, արդարությամբ մղվող մարդ:

Բարեբախտաբար ծայրահեղ այդ քայլի կարիքը չի լինում․ աբոխներին հաջողվում է ցրել, և ճանապարհն ազատվում է:

Ինչո՞ւ եմ սա պատմում: Պատմում եմ, որովհետև շատ եմ լսել նման պատմություններ ադրբեջանցիների մասին, որոնք փրկել են հայերին, օգնել են հայերին… Գիտեմ դեպք, երբ մի ադրբեջանցի բացեիբաց դուրս է եկել փողոց ու ամբոխին բարձրաձայն ասել, որ նախքան հարևան հայերին ձեռք տալը պիտի սկզբից իրեն սպանեն: Գիտեմ շատ դեպքեր, երբ նրանք հայերին իրենց մոտ են թաքցրել: Կամ էլ կերակուր են բերել, օգնել են դուրս գալ:  Մարդիկ  անձամբ իրենց ու իրենց ընտանիքները վտանգելով են սա արել: 

Կասեք` դրանք բացառություններ են: Չեմ հավատում: Ինչքան խոսում եմ Բաքվի հայերի հետ, ընդհանուր տպավորությունն այն է, որ ամեն ջարդարարի դիմաց կար մի տասը հոգի, որ հայ էր փրկում: Եթե չլինեին արդար այս ադրբեջանցիները, Բաքվում կզոհվեր ոչ թե հարյուր հոգի, այլ մի քանի հազար: Ու գուցե մի քանի տասնյակ հազար էլ՝ Սումգայիթում:

Մենք նրանց մասին չենք լսում: Մենք նրանց մասին չենք խոսում: Մենք նրանց մասին չենք գրում:

Փոխարենը անվերջ խոսում ենք ռամիլսաֆարովների ու խելացնոր տարբեր բաշիբուզուկների մասին: Գրում ենք, խոսում ենք, կարդում ենք… էլի ու էլի ու էլի: Հիմա էլ համոզված եմ, որ ներքևում կսկսեք թվարկել պատմություններ, թե ինչպես այս մեկը կամ այն մեկը հայ է սպանել: ԳԻՏԵՄ: Ինձ պետք չէ դրանք թվարկել, ես դրանք ձեզնից լավ գիտեմ: Մենք այդ պատմությունները արդեն երեսուն տարի ծամոն ենք սարքել: Կարծես շիրայոտ, էժան պորտվեյնի նման շարունակ «խմում ենք» դրանք ու գինովնում ադրբեջանցի «վայրենիների» նկատմամբ մեր «գերազանցության» պատրանքով:

Եկեք վերջապես հասկանանք, որ ամեն ադրբեջանցի չէ պատասխանատու ռամիլսաֆարովների համար: Այնքանով, ինչքանով ես և դուք պատասխանատու չենք ամեն հայ սրիկայի (իսկ դրանք շատ են) արարքների համար: 

Իբր թե ինը միլիոն ադրբեջանցիները բոլորը ռամիլսաֆարով են: 

Մենք չենք խոսում Աքրամ Այլիսլիի մասին

Մենք չենք խոսում Աքրամ Այլիսլիի մասին, որը լավ իմանալով, թե իր ու իր ընտանիքի հետ ինչ է լինելու՝ գրել է «Քարե երազներ» գիրքը (գիրքը թարգմանված է հայերեն, ռուսերեն, կարելի է կարդալ օնլայն): Նա մանրամասն պատմում է Ագուլիսի և Բաքվի ջարդերի մասին: Ես կարդացել եմ այդ գիրքը. չքնաղ ստեղծագործություն է, որը պետք է կարդան Հայաստանի ու Ադրբեջանի բոլոր դպրոցներում: Այլիսլին  ասել է, որ գիրքը գրել է ոչ թե հայերին «պաշտպանելու», այլ ադրբեջանցու խիղճը փրկելու համար: Ու դա արել է Ռամիլ Սաֆարովի վերադարձի շոկից դրդված: (Ավելի մանրամասն կարող եք նրա մասին իմանալ հետևյալ վեբինարում):

Ես համոզված եմ, որ Ադրբեջանում կան մեծ թվով «Այլիսլիներ», որոնք պարզապես չեն համարձակվում բարձրաձայնել, որովհետև ինչպես Հայաստանում, այնպես էլ այնտեղ գերիշխում է ազգայնամոլությունը: Ինչո՞ւ հայկական դպրոցներում մենք չենք անցնում «Քարե երազները»: Ինչո՞ւ կրթական ծրագրի փոփոխությունների մեջ չընդգրկվեցին Այլիսլիի ու մի շարք արդար թուրք գրողների (օրինակ` Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆակի) աշխատանքները: Որովհետև դրան դեմ են մեր ազգայնամոլնե՞րը: Որովհետև «Քարե երազները» ցույց է տալիս, որ ջարդարար ադրբեջանցիներից բացի կան նաև վսեմ, մարդասե՞ր ադրբեջանցիներ: 

Դա մեր ազգայնամոլներին պետք չէ:  Նրանց պետք է ատելություն: Երբ մենք այդ երկու տեսակի ադրբեջանցիներին դիտարկում ենք որպես մեկ պարզունակ «ադրբեջանցի» միավոր, այդ արդար մարդկանց պիտակավորում ենք «ռամիլսաֆարով»: Դա խորապես անարդար է նրանց հանդեպ (ինչպես և ինքներս մեր հանեպ), բայց շատ, շատ շահավետ է մեր ազգայնամոլների համար: Ե՛վ մեր, և՛ նրանց ազգայնամոլներն ուզում են, որ ժողովուրդներն իրար ատեն. դրա վրա է հիմնված նրանց քաղաքական ուժը: Մեր և ադրբեջանցիների վերջին երեսուն տարվա պատմությունը ազգայնամոլությանը պատանդ լինելու պատմություն է:

Հետևաբար, երբ ես ասում եմ, որ հակառակորդիդ մեջ պետք է մարդկություն որոնես, դա չի նշանակում այն որոնել ռամիլսաֆարովների ու  նման սրիկաների մեջ: (Ավելին` մենք պետք է շարունակենք մեր ռազմական ուժի զարգացումը՝ միաժամանակ հարևանի հետ ընդհանուր լեզու փնտրելով)։ Դա նշանակում է մարդկություն որոնել «Այլիսլիների» և հասարակ ադրբեջանցիների մեջ: Տեսնել, որ նրանց մեջ կան նորմալ մարդիկ: 

Փնտրել նրանց: Գտնել նրանց: Խոսել նրանց հետ: Հասկանալ, որ իրենք էլ են մարդ: Իրենք էլ են սիրում ու տխրում: Իրենք էլ են երեխաներով ուրախանում ու սգում զոհված որդու մարմնի վրա: Իրենք էլ են հարյուրամյա այս պատերազմից տառապել ու նաև տուժել «զարկից մե՛ր բազկի»: Սա նշանակում է անտեսել մեր և նրանց ազգայնամոլների «դավաճա՜ն, սորոսակա՜ն» վայնասուններն ու խոսել իրար հետ ազնիվ, ինչպես դա անում են նորմալ մարդիկ․․․ որքանով դա հնարավոր է:

https://www.civilnet.am/news/544549/պատմություն-գարի-կասպարովի-հետ-ճաշկերույթի-մասին/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın