İçeriğe geçmek için "Enter"a basın

Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 3-ին, հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմը։

Ըստ հաղորդագրության՝ նրանք անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին:

«Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները»,- տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտապի պետ Օնիկ Գասպարյանը և շուրջ քառասուն այլ բարձրաստիճան սպաներ կոչ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Նույն օրը վարչապետ Փաշինյանը միջնորդագիր ներկայացրեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին։ Նախագահը չստորագրեց և վերադարձրեց այն վարչապետին՝ առարկություններով, վարչապետը այն կրկին վերադարձրեց նախագահին։

Մարտի 2-ին նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը, միևնույն ժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Գլխավոր շտաբը մարտի 3-ին արձագանքել էր Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նախագահի հայտարարությանը։


CIVILNET

Yorumlar kapatıldı.