İçeriğe geçmek için "Enter"a basın

Ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից

«Իսկանդեր» հրթիռային համակարգերի խոտան լինելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Հայաստանում ներքաղաքական գործընթացների ինտենսիվացման պատճառ դարձավ։ ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատում, ԳՇ գրեթե ողջ կազմի կողմից վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջ, ԳՇ պետին պաշտոնանկ անելու հարցով վարչապետ – նախագահ հարաբերությունների լարում, և վերջապես մարտի մեկին երկու զուգահեռ հանրահավաքների կազմակերպում։

Սակայն գործընթացները չսահմանափակվեցին միայն ներքաղաքական հարթությունում։ Վարչապետի հայտարարությունը բավականաչափ կոշտ արձագանք ստացավ ռուսական ռազմական և փորձագիտական շրջանակների կողմից, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ «Իսկանդեր» համակարգերն ընդհանրապես չեն կիրառվել։ Տեղի ունեցան ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի հեռախոսազրույցներ, այդ թվում պետության ղեկավարների միջև, որի բվանդակության վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները միմյանցից տարբերվում էին։ Մի շարք ռուս փարձագետներ վարչապետի հայտարարությունը համարեցին հակառուսական ուղղվածության հերթական քայլ՝ դա դիտարկելով որպես արևմտյան շրջանակներից ստացված պատվերի կատարում։

Այս իրավիճակը հերթական անգամ հանրության և փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոն մղեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և դրանց հեռանկարների խնդիրը։ Գաղտնիք չէ, որ 2018 թ. մայիսից ի վեր բավականաչափ տարածված էր այն կարծիքը, որ Ռուսաստանը չի հաշտվել Հայաստանում հեղափոխության միջոցով իշխանության եկած ուժերի գոյության հետ, որոնց մի զգալի մասը գոնե մինչև 2018 թ. մայիս աչքի էր ընկնում իր ընդգծված հակառուսական և հակապուտինյան դիրքորոշմամբ։ Նոր կառավարության հայատարարությունները Հայաստանի ինքնիշխանության վերականգնման և «օտարի սապոգները լիզելու» պրակտիկայից հրաժարվելու մասին կարծես թե վկայում էին Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու իշխանությունների վճռականության մասին։

Հայաստանի նոր կառավարությանը պատժելու և իշխանությունից զրկելու տարբերակների թվում ակտիվորեն քննարկվում էր նաև Արցախում նոր պատերազմի սանձազերծման և հայկական կողմի ռազմական պարտության հնարավորությունը։ 2020 թ. սեպտեմբեր – նոյեմբեր ամիսների պատերազմը կարծես թե տեղավորվում էր այս տրամաբանության մեջ։ Հայկական կողմը կորցրեց ավելին, քան Ադրբեջանը նույնիսկ կարող էր երազել, իսկ Արցախի Հանրապետության պատառիկները փաստացի վերածվեցին ռուսական պրոտեկտորատի։

Թվում էր, որ նման սարսափելի կորուստներ արձանագրած իշխանությունը ժողովրդի ճնշման տակ շատ արագ ստիպված կլինի հեռանալ, և Ռուսաստանը «մեկ կրակոցով երկու նապաստակ կխփի»՝ Արցախում ստեղծելով ռազմակայան և միաժամանակ ազատվելով հեղափոխական և արևմտամետ իշխանությունից։

Սակայն Հայաստանի կապիտուլյացիայից գրեթե չորս ամիս անց իշխանափոխություն տեղի չի ունեցել և դրա հեռանկարները բավականաչափ աղոտ են։ Թվում է, կարելի ենթադրել, որ արցախյան պատերազմի հետևանքով Ռուսաստանը լուծեց իր առջև դրված խնդիրներից միայն մեկը։ Սակայն իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ։
նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի կառավարությունը իրականացնում է Ռուսաստանի բոլոր պահանջները՝ փաստացի Հայաստանը շատ ավելի մեծ կախման մեջ գցելով Մոսկվայից, քան այն եղել է 1991 թ. սեպտեմբերից ի վեր։ Ներկայումս Սյունիքի մարզի անվտանգությունը գրեթե ամբողջովին Ռուսաստանի ձեռքում է և ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Սյունիքից հավելյալ տարածքներ փոխանցել Ադրբեջանին՝ որևէ դիմադրության չհանդիպելով Հայաստանի իշխանությունների կողմից։

Հայաստանի գործող իշխանությունները 2021 թ. հունվարի 11-ին ստորագրված և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում ենթադրող եռակողմ հայտարարության իրականացման երաշխավորն են։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ժրաջանորեն իրականացնելու են այդ հայտարարության բոլոր կետերը։ Մինչդեռ Հայաստանում ցանկացած նոր իշխանության ձևավորման դեպքում վերջինս ուղղակի հարկադրված է լինելու Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող կոմունիկացիների տրամադրման դիմաց Ադրբեջանից առնվազն պահանջել անհապաղ հետ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին։ Ռուսաստանը հասկանում է, որ այս դեպքում հայտարարության իրականացման հարցում կարող են խոչընդոտներ առաջանալ, ինչը գոնե այս պահին չի բխում Կրեմլի շահերից։

Հստակ է, որ Հայաստանի կառավարության նկատմամբ Կրեմլի վստահությունը շարունակում է մնալ գրեթե զրոյական, և Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանի վարչապետը ցանկացած պահի կարող է Ռուսաստանին նոր տհաճ անակնկալներ մատուցել։ Փաստացի Կրեմլը կանգնած է երկընտրանքի առջև՝ մինչև տարածաշրջանային կոմունիկացիների բացումը հանդուրժել իր բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարող, սակայն ցանկացած պահի այլ ուժային կենտրոնների հետ հակառուսական քաղաքական առևտրի պատրաստ կառավարությանը, կամ քայլեր ձեռնարկել Հայաստանում հնարավորինս արագ իշխանափոխության ուղղությամբ, ինչը գոնե տեսականորեն կարող է բարդություններ ստեղծել Հարավային կովկասի վերաձևման ռուսական ծրագրերի անխափան ընթացքի համար։


CIVILNET

Yorumlar kapatıldı.