İçeriğe geçmek için "Enter"a basın

Անվտանգության խորհուրդը դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարություն է տարածել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկության մասին, որը ՀՀ նախագահը հետ էր ուղարկել։

«ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:

ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:

Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։

Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»,- նշված է հայտարարությունում:

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել ԱԽ նիստ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։


CIVILNET

Yorumlar kapatıldı.