İçeriğe geçmek için "Enter"a basın

Հավանականություն կա, որ Ամուլսարի հանքը կբացվի, և այդ հավանականությունը մեծ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 23-ին, 1in.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի բացման հավանականությունը մեծ է՝ պայմանավորված պատերազմի առաջացրած հետևանքներով։ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում խոսել է արտահերթ ընտրությունների, արտաքին անվտանգային խնդիրների և այլ հարցերի մասին։

Բանակի, անվտանգային խնդիրների և Սյունիքի մասին

Վարչապետն ասել է, որ կառավարությունը բանակում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ է իրականացնելու։

«Մասնավորապես, սպառազինությունների մասով բարեփոխումներ են կատարվելու։ Եվ ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով։ Բացի այդ, մենք պետք է գնահատենք այն իրադրությունը, որն ունենք տարածաշրջանում, և գնահատենք այն դերը և նշանակությունը, հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում։ Եվ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք»,- նշել է Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ այժմ գործում է. «Միջավայրը փոխվել է և պարզ է, որ կան որոշակի լարումներ, բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն։ Մանավանդ, որ մենք մտադիր ենք սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում»։

Վարչապետը հայտնել է, որ կառավարությունն քննարկում է Արցախում և և հայաստանի սահմանամերձ գյուղերում լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը։

Կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանի ապաշրջափակումը կարող է ոչ միայն երկարատև խաղաղություն հաստատել, այլև տնտեսական օգուտներ բերել Հայաստանին։

«Այդ խնդրի (տարածաշրջանի ապաշրջափակման – ՍիվիլՆեթ) կառուցողական և փոխշահավետ լուծումը այն գործոններից, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն։ Բացի խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի և Հայաստանի տնտեսական դիմագիծը և պոտենցիալը, ինչը ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն։ Կոմունիկացիաներն այն անոթներն են, որոնք տարածաշրջանը կարևոր է դարձնում մեզ համար և մեզ կարևոր է դարձնում տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա

Հարցին, թե գերիների խնդրում Հայաստանի առջև նախապայմա՞ն է դրված է, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված է գերիների վերադարձնելու հստակ պարտավորություն։ Մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի հետ ստորագրած հայտարարությունների կետերն իրականացնելու հարցում Հայաստանը գերիների վերադարձի պարտադիր պայման չի դնում՝ գործընթացը փակուղի չտանելու նպատակով։

«Պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի և մենք շարունակում ենք այնքան ժամանակ աշխատել թեմայի վրա, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի մենք խնդիրը լուծենք։ Կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն, այլ բան է, թե ինչ ժամկետներում»,- ասելլ է Նիկոլ Փաշինյանը։

Ներքաղաքական ճգնաժամի և արտահերթ ընտրությունների մասին

«Հետպատերազմական Հայաստանում շատ հարցեր են ծագել և ակնհայտ է, որ այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ։ Կառավարությունը գիտակցում է իր պատասխանատվությունը այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստավով և մենք պատրաստ ենք դրան»,- խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասել է Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ, սակայն, արտահերթ ընտրություններ անցկացնելու իր առաջարկը մերժվել է խորհրդարանական ընդդիմության կողմից. «Ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի արդյունքում Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնան, բայց ավելի կարևոր է, որ դրա արդյունքում մեծ հավանականությամբ կահագնան նաև արտաքին մարտահրավերները»։

Նա նշել է, որ կառավարությունը արտահերթ ընտրությունների թեմային կանդրադառնա հունիսին՝ ճանապարհային քարտեզն ամփոփելուց հետո։

Հարցին, թե ընտրությունների հավանականությունը պահպանվում է, Փաշինյանը պատասխանել է. «Մենք չասեցինք՝ ոչ, ընտրություններ պետք է լինեն պարտադիր, նույնկերպ մենք չենք կարող ասել՝ ոչ, ընտրություններ չպետք է լինեն։ Եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, այսպես ասած, երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»։

Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել 2018 թ. հետո

Անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2018-2020 թթ. ընթացքում 1 000-ից ավելի ԱԹՍ-ներ ձեռք բերելու հայտարարությանը՝ Փաշինյանն ասել է, որ իր իշխանության գալուց հետո սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։

«Նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է ասել ԳՇ նախկին պետը։ Մենք գրում ենք, որ պետք է գնենք, իսկ ով է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է։ Եվ այդ տեխնիկան ձեռքբերելու ճանապարհին արվում են քաղաքական և դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից»,- հայտարարել է վարչապետը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցին, թե ինչու Իսկանդերները պատերազմի 3-4-րդ օրը չեն կիրառվել, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝մերժվածը պետք է բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ գուցե պատասխանեն, թե ինչո՞ւ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով»։

Ամուլսարի մասին

«Իմ վերաբերմունքը Ամուլսարի հարցում չի փոխվել․ այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մի տարի առաջ։ Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված ես շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը՝ ասելով, որ մենք պատերազմական իրավիճակում ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր, և այդ ժամանակ մենք արժույթային խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր։ Ժամանակը դա ցույց տվեց։ Հավանականություն կա, որ հանքը կբացվի, և այդ հավանականությունը, կարող ենք ասել, որ մեծ է»,- ասել է Փաշինյանը։


CIVILNET

Yorumlar kapatıldı.