İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատերազմի դասն ու մեր ձեռնհասությունը

Eric Hacopian | Էրիկ Հակոբյան

Անցյալ շաբաթվա հաղորդմանը, երբ խոսեցի Հայաստանում մշակութային ձեռնհասության և կատարելության անհրաժեշտության մասին, այն բազմաթիվ հարցերի ու քննարկումների տեղիք տվեց։ Որոշեցի այս շաբաթվա հաղորդումը նվիրել նրան, թե ինչ է նշանակում մշակութային ձեռնհասություն և կատարելություն։ Կօգտագործենք պատերազմի օրինակը՝ հասկանալու, թե ինչ կնշանակեր մշակույթը պատերազմի ելքի համար և ինչ տարբերության այն կհանգեցներ։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է համապատասխանեցնել քո դիվանագիտությունը ռազմական կարողություններիդ հետ, որովհետև պետականակերտության գերադրական աստիճանը վատ բաները կանխելն է։

Մշակութային ձեռնհասությունը նշանակում է իրավիճակային իրազեկություն ունեցող դիվանագետների առկայություն, որոնք իմանալով, որ պատերազմ է սպասվում, գործում են ակտիվ՝ մայրաքաղաքից մայրաքաղաք այցեր կատարելով՝ պատերազմը կանխելու համար։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է ունենալ ռազմական ղեկավարներ, որոնք տասը տարի անց այն բանից հետո, երբ անօդաչու սարքերը դարձան պատերազմի գործիք, կպնդեին, որ մենք պետք է ունենանք մեր սեփական ԱԹՍ ծրագիրը, իսկ գլխավորը՝ հնարավորություն ունենանք պայքարել հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ծրագրերի դեմ։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է ունենալ բանակ, որի բոլոր կապի գծերը եւ օպտիկամանրաթելային գծերը ստորգետնյա են, և պատերազմի ժամանակ հաղորդակցությունը չի կարող խափանվել հակառակորդի գործողությունների արդյունքում: Ինչպես գիտենք, հաղորդակցության բացը այս պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառներից էր։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է ռազմական առաջնորդների առկայություն, որոնք կարող են ուսումնասիրել քարտեզը եւ տեսնել, որ հակառակորդի հավանական բեկման կետը կլինի հարավում՝ Հադրութում, եւ քայլեր ձեռնարկել՝ ստեղծելու մի քանի պաշտպանական գծեր այդ շրջանը պաշտպանելու համար:

Մշակութային ձեռնհասություն նշանակում է Սփյուռքի կազմակերպությունների առկայություն, որոնք, 25 տարվա ընթացքում իմանալով մոտալուտ պատերազմի մասին, մշակել են ծրագրեր, որոնք ի գործ կդրվեին պատերազմը սկսվելու օրը։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է ունենալ հետախուզական ծառայություններ, որոնք կարող էին ճշգրիտ ասել թշնամու հարձակման ժամանակն ու վայրը։

Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ Ալիևի վարչակարգում քիչ էին հիասթափված մարդիկ, որոնք պատրաստ էին տեղեկություններ ծախել։ Հայերը, ընդհանուր առմամբ, հետախուզական տարբեր ծառայություններում շատ արդյունավետ հետախույզներ աշխատելու երկարամյա պատմություն ունեն։ Շնորհալի հետախուզական ծառայություն չունենալու պատճառ չունենք։

Քաղաքական մակարդակում մշակութային ձեռնհասութունը նշանակում է՝ եթե գիտես պատերազմը տանուլ ես տալիս, պետք է ավարտես այն կյանքեր փրկելու եւ ավելի քիչ կորուստներ ունենալու, քան նոյեմբերի 9-ի համաձայնությունն էր:

Մշակութային ձեռնհասություն նշանակում է գեներալների առկայություն, որոնք աստիճան են ստանում ոչ թե իրենց կապերի, այլ ունակությունների շնորհիվ։ Դա նշանակում է ունենալ սեփական ավիաընկերություններ և օդային փոխադրումների զգալի թողունակություն։ Պատերազմի 44 օրերի ընթացքում մեր հարևաններից ոչ մեկը մեզ չէր կարող շանտաժի ենթարկել, թե ինչ կարող էինք և չէինք կարող բերել երկիր։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է, որ դու չէիր կորցնի բերդաքաղաք Շուշին։

Մշակութային ձեռնհասություն ռազմական առումով նշանակում է, որ 25 տարվա ընթացքում դու ունեցել ես կանոնակարգեր և իրավիճակային լուծումներ բոլոր անկանխատեսելի հանգամանքների համար, որոնք կարող էին առաջանալ պատերազմի ժամանակ։ Այնպես որ, պատերազմի ժամանակ ոչ մի նոր որոշում պետք չէր լինի ընդունել։ Դուք պարզապես պետք է իրականացնեիք արդեն իսկ կայացրած որոշումները։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է, որ դու պատերազմը տանուլ չես տալիս սոցիալական ցանցերում եւ հանրային հարաբերություններում թշնամուն, որը մահապատժի է ենթարկում խաղաղ բնակիչներին, օգտագործում է կասետային ռումբեր քաղաքացիական թիրախների դեմ եւ սպիտակ ֆոսֆորով այրում անտառները։

Մշակութային ձեռնհասություն նշանակում է ունենալ Սփյուռք, որը 25 տարվա ընթացքում կենտրոնացած է եղել հայկական պետության կառուցման և այն գործող ինստիտուտի վերածելու վրա, որն իսկապես կարող է առերեսվել իր առաջ ծառացած մարտահրավերներին և դրանց լուծումները գտնել։

Մշակութային ձեռնհասություն ռազմական առումով նշանակում է, որ ռազմական ղեկավարությունը օգտագործում է մեր շատ արդյունավետ տեխնոլոգիական արդյունաբերությունը՝ իր ուժերի մարտական հնարավորությունները բարելավելու համար, այլ ոչ թե մերժում է այդ արդյունաբերության կողմից օգնության բազմաթիվ առաջարկները:

Մշակութային ձեռնհասություն նշանակում է ուսումնասիրել եւ իմանալ քո թշնամուն։ Ինչպես ասել է մեծ փիլիսոփա Սուն Ձըն, «Ճանաչիր քեզ եւ ճանաչիր քո թշնամուն, եւ հազարավոր ճակատամարտում ձեզ չեն կարող հաղթել»։ Արդյոք մենք գիտեի՞նք ինքներս մեզ։ Ես վստահ չեմ։ Եվ ինչն ավելի կարևոր է, արդյոք մենք գիտեի՞նք մեր թշնամուն։ Ես գրեթե համոզված եմ, որ ոչ։ Քանի՞ ադրբեջանագետ ունենք Հայաստանում։ Որքանո՞վ ենք ուշի ուշով հետևել այդ հասարակությանը։ Կասկածում եմ, որ դա անում էինք։ Ես առաջարկում եմ դա փոխել։

Մշակութային ձեռնհասություն ասելով հասկանում ենք, որ կոռուպցիայի հանդեպ հանդուրժողականությունը դավաճանության բարձրագույն ձևն է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը հայրենասիրության բարձրագույն ձևն է։

Ամենակարեւորը, մշակութային ձեռնհասությունը պատասխանատվություն է։ Այն չի փնտրում դյուրին պատասխաններ ամենադժվար հարցերին: Չնայած մեր բոլոր խնդիրներին, եկեք չմոռանանք մի բան՝ մենք ազատ մարդիկ ենք և ապրում ենք ազատ երկրում։ Պատմությունը միշտ սովորեցրել է մեզ, որ ազատ մարդիկ, որոնք ունեն ազատ կամք, միշտ հաղթանակ են տանում ժամանակի ընթացքում։ Մենք ևս հաղթելու ենք։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի


CIVILNET

Yorumlar kapatıldı.