İçeriğe geçmek için "Enter"a basın

«Լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»․ պարզաբանում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ։

«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը. ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»,- տեղեկացնում է նախարարությունը։

Նախօրեին համացանցում քննարկվում էր Աբու Դաբիի IDEX 2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարի՝ դատարկ լինելու թեման։ Համեմատություններ էին տարվում ադրբեջանական ցուցահանդեսի հետ՝ ոչ ի օգուտ հայկականի։


CIVILNET

Yorumlar kapatıldı.