İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ասեցի՝ գնացել է հեռու տեղ, աստղերի մոտ. էնտեղից է մեզ պաշտպանում». Լանա Քոչինյանն Արցախյան պատերազմում կորցրել է ամուսնուն

Վանաձորի Դիմաց թաղամասում են հանգրվանել արցախցի քսանիննամյա Լանան ու իր փոքրիկ դուստրերը: Պատերազմը Լանայից խլել է ամուսնուն, երեխաներից՝ հորը ու անհոգ մանկությունը: Տան տարբեր անկյուններում դրված լուսանկարներից մեզ է ժպտում Լանայի ամուսինը՝ Դավիթը:

Ընտանիքին այցելել ենք  Գուգարաց թեմի Սոցիալական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Միրզոյանի հետ.  Լանա Քոչինյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագրի շահառուներից է:

Դավիթն ու Լանան ծանոթացել են Ստեփանակետում. վանաձորցի Դավիթը զինծառայող էր, Լանան՝ Հանրապետական հիվանդանոցում հոգեբան:

«Սկզբում Արցախում էինք ապրում, ինքս Արցախից եմ: Ստեփանակերտ, հետո Ջաբրայիլ, Բալահովիտ, հետո տեղափոխվել ենք Վանաձոր,-պատմում է Լանան, ապա հավելում, որ ինքը Հայաստանում է եղել, երբ ամուսինը մեկնել է ռազմաճակատ,-27 -ին տագնապ տալուց հետո գնացին: Սկզբում՝ Արարատի դիրքեր մինչև հոկտեմբերի տասներկուսը, հետո ՝ խաղաղապահի երկրորդ փուլը տարան Հադրութ»:

Նա ինչ-որ հուսահատ հանգստությամբ, ու երեխաներից քողարկվող տխրությամբ պատմում է, որ ամուսինը զոհվել է պատերազմի կեսերին՝ իր ու դստեր ծննդյան հաջորդ օրը, երբ Դավիթն ու մյուս տղաները Հադրութից պետք է գնային Կարմիր շուկա: Խաղաղապահ զորքերի քիմիական ծառայության պետ Դավիթ Քոչինյանը դիվերսիոն հարձակման զոհ է դարձել. «Դեպքը քսանմեկին եղավ, 28-ին պետք է երեսունամյակը լիներ: Շատ պարտաճանաչ, պատասխանատու էր ինքը, կյանքով լեցուն, հումորով, անշահախնդիր պատրաստ էր մարդկանց օգնելու»:

Լանան նշում է՝ ամուսինը եղբոր ու ընկերների հետ զրույցում ասել է՝ չգիտեմ՝ հետ կգամ, թե չէ: Ամուսնու բառերը կրկնելիս Լանան արտասվում է:

«Եկել ենք Վանաձոր, քանի որ Դավիթի քաղաքն է, ու ուզում էի՝ երեխաները իրենց բարեկամաների մոտ մեծանան: Երկու շաբաթ է, ինչ երեխաները մանկապարտեզ են գնում,-պատմում է նա ու հավելում, որ իր մայրը Ստեփանակերտից եկել է՝ իրեն օգնելու,-գոնե երեխեքին նայող կլինի, պարտեզից վերցնող, մինչև որ տեսնենք՝ ոնց կլինի իմ աշխատանքի հարցը». աշխատանք գտնելը բարդ է, իսկ պետության կողմից որևէ փոխհատուցում դեռ չեն ստացել: Միակ օժանդակությունը ստանում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո իրականացվող այս աջակցության ծրագրով։

Երեխաները հայրիկին շատ են կարոտում. «Նոյեմբերի 20-ին մեծ աղջկաս ծնունդն էր, անընդհատ հարցնում էր – ասում էր՝վաղն է՞լ չի գալու:  Որովհետև կարևոր օրերին միշտ իրար հետ ենք եղել:

Դեպքի մասին ասեցին հոկտեմբերի 22-ին, բայց նոյեմբերի 22-ին նոր հանեցին. մի ամբողջ ամիս ոչ մի լուր: Հույս ենք ունեցել, բայց,  կարելի է ասել, ես մի շաբաթ եմ սպասել, ինքս ինձ խաբել, որովհետև գիտեի՝ հնարավոր չի, որ ողջ լիներ ու տասը օրում մի տեղից դուրս չգար: Դրա համար հետո սկսեցի ինքս ինձ նախապատրաստել, որ էդ է, պիտի հարմարվեմ»:

Երեխաները խաղում են խաղալիքներով, որոնք բերել է Հռիփսիմիեն և որոնք մեծ սիրով փոքրիկների համար պատրաստել է «Աջակցենք Արցախին» ծրագրի հանձնախումբը,  աղմկում են, դժգոհում ինչ-ինչ բաներից, բայց Լանան նրանց հետ  խոսում է  մայրական ու մասնագիտական համբերատարությամբ:

Հարցնում եմ, թե ինչ է ասել երեխաներին, ինչպես է բացատրել հայրիկի բացակայությունը, արցունքների միջից հազիվ լսելի ձայնով Լանան պատասխանում է. «Իրենք գիտեին, որ պապան գնացել է մեզ բոլորիս պաշտպանելու: Հիմա էլ, քանի որ չէի ուզում` սպասեին, դրա համար ասեցի՝ գնացել է հեռու տեղ, աստղերի մոտ, էնտեղից է մեզ պաշտպանում:  Հիմա առավոտները վեր են կենում, պաչիկ են ուղարկում երկինք. չեմ ուզում սպասեն, որ հետո էդ սպասումները չարդարանան…»:

Պատրաստեց Զարուհի Դիլանյանը

Մայր Աթոռի կողմից իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագիրը պետք է շարունակվի աշխարհասփյուռ հայության հանգանակությունների շնորհիվ

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական ուժերի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված և 44 օր տևած պատերազմի հետևանքով ավելի քան 100․000 մեր հայրենակից տեղահանվել և հաստատվել էին Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ ընտանիքների մի մասը պատերազմից հետո արդեն վերադարձել է Արցախ, բայց թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հարյուրավոր ընտանիքներ դեռ ունեն սոցիալական ամենատարբեր կարիքներ։ Ըստ պաշտոնական տվյալների` պատերազմի հետևանքով ավելի քան 35.000 մարդ զրկվել են իրենց տներից, իսկ զոհված ու վիրավոր հերոսների ընտանիքները ունեն հոգեբանական ու սոցիալական մի շարք խնդիրներ։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2020թ դեկտեմբերին սկիզբ դրվեց «Աջակցենք Արցախին» ծրագրին, որի նպատակն է առավել համակարգված կերպով օգնության ձեռք մեկնել պատերազմի հետևանքով սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Հայաստանում և Արցախում: Այս նպատակի համար կենտրոնացվել են Սփյուռքի մի շարք թեմերի ուժերը` ատենապետությամբ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Հանգանակությունները կատարելու և ծրագրի ընթացքի մասին լրատվություն տրամադրելու համար գործարկվել է www.artsakhoutreach.org կայքը, որտեղ պարբերաբար հրապարակվելու են ծրագրի շահառուների ու աջակիցների վերաբերյալ պատմություններ։

https://artsakhoutreach.org/i-told-her-our-dad-is-with-the-stars-he-protects-us-from-there-says-lana-kochinyan-who-lost-husband-in-the-latest-war-am/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın