İçeriğe geçmek için "Enter"a basın

Սյունիքում ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի և վերջ. ՄԻՊ

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների, միջազգային կանոններին կոպիտ խախտումներով մեխանիկական մոտեցումներով սահմանների «որոշման» հաշվին»,- ասում է ՄԻՊ-ը։

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները, լրջորեն վտանգած են խաղաղ կյանքն ու անդորրը:

«Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը բոլոր հարթակներում իրականացվում է հենց այս հիմնարար հայեցակարգով»,- նշել է օմբուդսմենը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։


CIVILNET

Yorumlar kapatıldı.