İçeriğe geçmek için "Enter"a basın

Տեղեկատվության, ապատեղեկատվության և Ղարաբաղում նոր պատերազմի վախերի մասին

Eric Hacopian | Էրիկ Հակոբյան

Թերտեղեկատվության և ապատեղեկատվության մասին

Տարբերակենք թերտեղեկատվությունն (misinformation) ու ապատեղեկատվությունը (disinformation)։ Թերտեղեկատվության դեպքում այնքան շատ են իրադարձությունները, դրանց մեծ մասը՝ բացասական, շատերը չեն հասկանում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Արցախում, սահմաններին։ Եվ դա մեծապես գալիս է նրանից, որ այս երկրում գրեթե բոլոր ինստիտուտները, մասնավորապես՝ կառավարությունը, նորմալ չի բացատրում տեղի ունեցող գործընթացները։ Դա ստեղծում է մի իրավիճակ, երբ շատ է թերտեղեկատվությունը։

Իսկ ապատեղեկատվությունը ուղղորդված ջանքեր են կոնկրետ մարդկանց, կոնկրետ խմբերի կողմից, որոնք նպատակ են հետապնդում խուճապ ու խառնաշփոթ տարածել։ Նրանց առաջնային նպատակն է ցանկացած գնով ազատվել ներկա իշխանություններից՝ անկախ նրանից, թե ինչ վնաս դա կհասցնի երկրին կամ ժողովրդին ընդհանրապես։ Մտացածին բաներ են տարածում կամ վերցնում են կիսով չափ ճշմարիտ տեղեկատվություն և ներկայացնում վատագույն լույսի ներքո։

Սրա մի մասը արվում է միանգամայն դիտավորյալ։ Դա անում և ֆինանսավորում են նախկին վարչակարգի շատ գործիչներ ու կամ նրանց հետ կապ ունեցող մարդիկ կամ մարդիկ, որոնք առնչություն ունեն ինչպես այստեղ են ասում՝ փողոցի ընդդիմության հետ։

Ապատեղեկատվության զգալի մասը բաժին է ընկնում հեռուստատեսային լրատվամիջոցներին, որոնցից շատերը հին վարչակարգի տարրերի վերահսկողության ներքո է։ Սոցիալական ցանցերում տարբեր օգտատերերի միջոցով հանրությանը խաբելու և քաոս ստեղծելու դրսևորումները ևս համատարած են։

Հնարավո՞ր է արդյոք նոր պատերազմ Ղարաբաղում

Ո՛չ։ Բայց այս մասին պետք է զգուշորեն խոսենք։ Կարիբյան կամ պոլինեզյան մի քանի կղզիներից բացի՝ այս աշխարհում չկա երկիր, որ տեսականորեն կարող է վստահ ասել, որ չի ներքաշվի պատերազմի մեջ՝ լինի Ֆրանսիան, ԱՄՆ-ը, որևէ այլ երկիր։ Բայց պետք է սրան իրատեսորեն նայենք։ Այս դեպքում հաղթողը՝ Ադրբեջանը, պատճառ չունի պատերազմը վերսկսելու, քանի որ հաղթել է։

Նույն կերպ, Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակից հետո մենք երբեք չէինք պատրաստվում պատերազմ նախաձեռնել, որովհետև հաստատված ստատուս քվոն մեր օգտին էր այն ժամանակ, ինչպես որ նրանց օգտին է հիմա։ Ուստի, հավանականությունը, որ նրանք պատերազմ կսկսեն, մոտ է նվազագույնին։

Երկրորդ, ռուս խաղաղապահների ներկայությունը և ռուսական քաղաքական ներկայությունը դա քիչ հավանական է դարձնում, քանի որ ռուսներն այստեղ իրենց շահերն ունեն, և ցանկացած պատերազմ կհակասի դրանց։ Պարտվող կողմը՝ Հայաստանը, երկարաժամկետ առումով որևէ կերպ պատրաստ չէ մեկ այլ պատերազմ սկսել, նույնիսկ եթե ռուսները դա թույլ տան։ Ռազմական տեսանկյունից մենք այժմ դրան ունակ չենք։

Կարճաժամկետ առումով՝ հազիվ թե ևս մեկ պատերազմ լինի Ադրբեջանի հետ։ Գուցե նման բան հնարավոր լինի ապագայում, երբ Ադրբեջանում ներկա վարչակարգը ապակայունանա կամ ճգնաժամում հայտնվի, սակայն այժմ, հաշվի առնելով այն, որ Ալիևի վարչակարգն է հաղթանակ տարել այս պատերազմում, չեմ կարծում, որ դա հավանական է առաջիկա տասնամյակում կամ դրանից անդին։

Վտանգվա՞ծ է արդյոք Սյունիքը

Ո՛չ։ Իրատեսորեն նայենք։ Այդ սահմանից այս կողմ ոչ մի փամփուշտ չեն կրակել։ Կարծում եմ՝ սա ապատեղեկատվության հատուկ թեմա է, քանի որ բազմաթիվ վերնագրեր եղան, թե իբր մենք ետ ենք քաշվում Սյունիքից կամ որոշ դիրքերից։

Այդ «լուրերը» հստակ չէին ներկայացնում այն, որ մենք ետ ենք քաշվում Ադրբեջանի տարածքից։ Դա խաղաղության կամ կապիտուլյացիայի համաձայնագրի մասն էր, որ մենք հետ կվերադարձնենք բոլոր զբաղեցրած տարածքները։ Լա՞վ է, որ մենք հետ քաշվեցինք այդ դիրքերից․ ակնհայտորեն՝ ոչ, քանի որ դրանք բարձադիր դիրքեր էին։ Բայց չի հանձնվել Սյունիքի որևէ մաս, որ Խորհրդային Ադրբեջանի մաս չէր։

Ուստի, պետք է շատ հստակ լինել, երբ խոսում ենք փաստացի ետքաշման մասին, և թե որտեղ է դա տեղի ունենում։ Անկախ նրանից, թե ինչ քարոզչություն են ծավալում ադրբեջանցի պաշտոնյաները, նույնիսկ ոչ պաշտոնյաները՝ այս կամ այն բլոգերը կամ կառավարության հետ կապեր ունեցող որևէ անձ, դա ներքին սպառման համար է։

Պատրաստել է Զառա Պողոսյանը


CIVILNET

Yorumlar kapatıldı.