İçeriğe geçmek için "Enter"a basın

Եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն․ Արա Այվազյան

Արցախի հիմնահարցը լուծված չէ: Կա հիմնական առանցքային հարցը, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով․ այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցին ասել է արտգործնախարար Արա Այվազյանը։

«Որպեսզի խոսենք տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղության մասին, նախևառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում: Նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցը: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար»,- ասել է Այվազյանը:

Արտգործնախարարը վստահեցրել է, որ միջգերատեսչական աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Ըստ նրա՝ միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հուսով է, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:

«Ես վստահ եմ, որ Դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասել է Արա Այվազյանը։

Այվազյանն ընդգծել է, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։


CIVILNET

Yorumlar kapatıldı.