İçeriğe geçmek için "Enter"a basın

Շուշին կորցնելու պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է

Թաթուլ Հակոբյան

Հայաստանի իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն չեն ուզում տեսնել և/կամ ընդունել, թե ինչ տարբերություն կա, երբ Շուշին Ադրբեջանի կազմում է և երբ Շուշին Արցախի կազմում է՝ ադրբեջանական բնակչությամբ՝ լինի 90 կամ 100 տոկոսով:

Այս իշխանությունները թույլ են տվել հայ ժողովրդի համար ճակատագրական, հանցավոր սխալներ և սխալների բեռից ազատվելու համար ներկայացնում են տարատեսակ արդարացումներ ու մեկնաբանություններ՝ ի ցույց դնելով իրենց դիվանագիտական տկարությունը, անտեղյակությունը բանակցային գործընթացի մանրամասներից և պատմական իրողություններից:

Հոկտեմբերի 19-20-ին, երբ Շուշին դեռ գրավված չէր, ռուսական կողմը կարողացել էր համոզել Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ Շուշի փախստականների վերադարձի պայմանով, սակայն Փաշինյանը դեմ եղավ և որոշեց շարունակել պատերազմը։ Այս մասին բաց տեքստով ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ Շուշին Ադրբեջանին փոխանցելու հարց երբեք չի դրվել. «Վարչապետ Փաշինյանը ինձ ուղիղ ասաց, որ դրանում տեսնում է Հայաստանի և Ղարաբաղի հանդեպ սպառնալիք: Ինձ համար այսօր էլ հասկանալի չէ, թե որն էր սպառնալիքը` հաշվի առնելով, որ վերադառնալու են խաղաղ բնակիչները, իսկ հայկական կողմի վերահսկողության տակ է մնում Շուշին ու նաև հաշվի առնելով, որ այնտեղ են մեր խաղաղապահները»:

Հիմա լսենք Փաշինյանի բացատրությունը. «Ռուսաստանի նախագահը զարմացավ, թե ինչու եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»:

Այսպիսով, ստացվում է, որ ավելի լավ է Շուշին լինի Ադրբեջանի կազմում, քան Արցախի կազմում՝ ադրբեջանական բնակչությամբ: Անկասկած, Փաշինյանի հաշվարկն ու հույսն այլ էր՝ կռվով պահել Շուշին: Այդ հաշվարկը սխալ դուրս եկավ:

Շուշին ադրբեջանական բնակչությամբ, բայց Արցախի կազմում մնալու դեպքում հայկական իշխանությունները լուրջ լծակ էին ունենալու Բաքվի հնարավոր ոտնձգությունները զսպելու գործում: Շուշիում ադրբեջանական բնակչության ներկայությունը ոչ թե սպառնալիք էր լինելու հայկական կողմի նկատմամբ, այլ, ինչ-որ իմաստով, նրանց ներկայության փաստը Բաքվին դարձնելու էր ավելի շրջահայաց ու հաշվենկատ հայկական կողմի հանդեպ որևէ քայլ կատարելու դեպքում: Շուշին Արցախի կազմում ադրբեջանական բնակչությամբ առաջին հերթին ոչ թե սպառնալիք է հայերի դեմ, այլ նրանց ձեռքում խաղաքարտ:

Շուշին Արցախի կազմում մնալու դեպքում հայերի մուտքը բերդաքաղաք արգելված և վտանգված չէր լինելու, հայկական ճարտարապետական և քրիստոնեական արժեքները մնալու էին մեր վերահսկողության տակ և վերջապես, եթե խաղաղությունը գալու է, ապա հայերը կարող էին բնակվել և մնալ իրենց տներում:

Ես չեմ ասում կամ պնդում, որ Շուշի ադրբեջանցիների վերադարձը լավ է մեզ համար, ընդամենը փորձում եմ ցույց տալ տարբերությունը, երբ Շուշին Ադրբեջանի մաս է, ինչպես այսօր, և երբ Շուշին լիներ Արցախի կազմում ադրբեջանական բնակչությամբ:

Գրեթե կասկած չունեմ, որ այս պարզ իրողությունը հասկանում և գիտակցում են նաև իշխանությունները: Պարզապես նրանք դարձել են իրենց ճակատագրական սխալների գերին, հասկանում են, թե պատմական ինչ խարան է Շուշին կորցնողի պիտակ կրելը, և ահա այդ պատճառով է, որ փորձում են արդարացումներ գտնել:

Առաջին անհաջող ձևակերպումը Նիկոլ Փաշինյանը տվեց շաբաթներ առաջ, երբ Շուշին անվանեց «դժբախտ և դժգույն քաղաք»: Դրան հետևեց մեկ այլ անհաջող ձևակերպում. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն՝ ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Փաշինյանի պնդումը, որ մինչև 1992-ի ազատագրումը Շուշին ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, մոտ է իրականությանը: 1988-ի սեպտեմբերից, երբ հայերը քշվեցին քաղաքից, Շուշին ուներ գրեթե 100 տոկոս ադրբեջանական բնակչություն: Ճիշտ է Փաշինյանի մեկ այլ պնդում ևս՝ 1997-ից ի վեր ներկայացված կարգավորման բոլոր տարբերակներում հայկական կողմը չի առարկել ադրբեջանցիների Շուշի վերադարձին ու անվտանգության ապահովումը: Ավելին, 2001-ին Ռոբերտ Քոչարյանը համաձայն է եղել, որ Շուշին Ֆիզուլիի հետ կապող միջանցք ստեղծվի, որպեսզի ապահովվի անվտանգ կապ:

Շուշիի բնակչության ազգային կազմը 1886-1979թթ․
Շուշիի պատմությունը, ազգագրական կազմն ու հոգևոր ժառանգությանը բազմաշերտ է: 19-րդ դարի ամբողջ ընթացքում և մինչև 1905-1906թթ․ հայ-թաթարական բախումները, հայերն ու մահմեդականները ապրում էին կողք-կողքի, հայկական եկեղեցիների կողքին վեր էին խոյանում շիա մզկիթներ: Հայկական աղբյուրները հաստատում են, որ 1905-1906թթ. հայ-թաթարական բախումների ընթացքում Բաքվում և Նախիջևանում գերազանցապես տուժել են հայերը, իսկ Շուշիում և Երևանում՝ թաթարները:

Հայերի և մահմեդականների համատեղ կյանքը Շուշիում շարունակվեց մինչև 1918-20թթ․: 1920 թվականի մարտին տեղի ունեցավ հայերի ջարդը, քաղաքի հայկական մասը հրկիզվեց և ավերվեց: 1923թ. ԼՂԻՄ-ի ձևավորումից հետո Արցախի վարչական կենտրոն դարձավ Ստեփանակերտը: Այդ տարիներին, անգամ մինչև 1920-ական թթ․ վերջերը, Շուշիի հայկական մասը շարունակում էր մնալ հրկիզված, ավերակ ու գրեթե անմարդաբնակ:

Եթե 19-րդ դարի ամբողջ ընթացքում և մինչև 1900-ականների սկիզբը Շուշիի բնակչությունը ավելի շատ հայկական էր, ապա 1920 թվականից մինչև 1992-ը այն գերազանցապես ադրբեջանական դարձավ: Պատճառը պարզ է. մինչև 1918-ը Շուշին Ելիզավետպոլի նահանգի կազմում մաս էր կազմում Ռոմանովների ռուսական կայսրության, իսկ 1920-ականներին դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս:

Ներկայացնենք Շուշի քաղաքի մարդահամարի տվյալները:
1886 թվականի հաշվարկով 26 806 բնակիչներից 15 188-ը հայեր էին, 11 595-ը՝ թաթարներ: Ռոմանովների Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի՝ 1897թ. տվյալներով 25 881 բնակիչներից 14 420-ը հայեր էին, 10 778-ը՝ թաթարներ, 683-ը՝ ռուսներ:

Խորհրդային առաջին՝ 1926թ․ մարդահամարի տվյալներով Շուշին ուներ միայն 5 104 բնակիչ, որից 4 900-ը՝ թուրքեր (այս մարդահամարի ժամանակ թաթար անվանման փոխարեն օգտագործվել է թուրք անվանումը), 93-ը՝ հայեր: Ինչպես նկատում եք, հայկական ջարդերից հետո հայություն գրեթե չէր մնացել, բայց հետագա տարիներին նրանց մի մասը վերադարձավ:

1939թ․ Շուշին շարունակում էր մնալ կիսավեր և հետամնաց քաղաք 6 117 բնակիչներով, որից 3 701-ը ադրբեջանցիներ, 1 476-ը՝ հայեր: 1959-ին քաղաքն ուներ 6 117 բնակիչ, որից 4 452-ը՝ ադրբեջանցի, 1 428-ը՝ հայ: 1970-ին Շուշիի 8 693 բնակիչներից հայեր էին 1 540-ը, ադրբեջանցիներ՝ 6 974-ը: 1979-ին քաղաքի բնակչությունը հատեց 10 000-ի շեմը. 10 784 բնակիչներից 9 216-ը ադրբեջանցիներ էին, 1 409-ը՝ հայեր: Խորհրդային վերջին՝ 1989 թվականի մարդահամարի ժամանակ քաղաքի բոլոր հայերը դուրս էին քշվել:

Շուշիի պատմության ողջ ընթացքում, անգամ հայկական ջարդերից հետո, քաղաքում հայեր եղել են մինչև 1988-ի սեպտեմբեր:

1992-ի մայիսից մինչև 2020-ի նոյեմբերի 5-ը Շուշին Արցախի մաս էր՝ բացառապես հայ բնակչությամբ:

2020-ի նոյեմբերի 7-ից գրվում է Շուշիի նոր պատմությունը՝ առանց հայ, անգամ մեկ հայ, բնակչությամբ:

Սա պատմական դատավճիռ է Հայաստանի և Արցախի իշխանությունների համար:


CIVILNET

Yorumlar kapatıldı.