İçeriğe geçmek için "Enter"a basın

Ազրպէյճանին Յանձնուած «Սիտնէյ»-ն ու Սփիւռքահայերի Յոյսերը

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ
ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Սփիւռքահայերի կէս միլիոն տոլարի հանգանակութեամբ Քարվաճառում հիմնուած «Սիտնէյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցուած 15 միանման առանձնատներից 12-ը գրեթէ պատրաստ էր բնակութեան, երբ սկսուեց պատերազմը, որի աւարտից յետոյ «Սիտնէյ» նորակառոյց թաղամասը Քարվաճառի միւս բնակավայրերի հետ յանձնուեց Ազրպէյճանին: Թաղամասի կառուցման համար սփիւռքահայերի հանգանակած կէս միլիոն տոլարին գումարուել էր նաեւ Արցախի կառավարութեան մօտ երեք հարիւր հազար տոլար ներդրումը` ենթակառուցուածքների ապահովման համար:

«Սիտնէյ»-ը սփիւռքահայերի «ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի հերթական ծրագիրն էր Արցախում: Հիմնադրամն իր գործունէութիւնը սկսել էր 2009-իցլիբանանահայ մի քանի ներդրողներով, տարիների ընթացքում նրանց թիւը հասել էր մօտ երկու հարիւրի: Ազատագրուած տարածքների զարգացման այս ծրագրով հետաքրքրուած էին բազմաթիւ հայեր աշխարհի տարբեր երկրներից: «Սիտնէյ» թաղամասը կառուցուել էր հիմնականում լիբանանահայերի եւ աւստրալահայերի ներդրումներով, որոնք էլ Աւստրալիայի ամենախոշոր քաղաքի անունով «Սիտնէյ» էին կոչել Քարվաճառի այս նոր բնակավայրը: Մինչ այդ 2014-ին, Գորիս-Բերձոր ճանապարհին գտնուող Աղաւնոյ գիւղում կրկին «ԱՐԻ»-ի ներդրումներով կառուցուել էր եւրոպական ոճի առանձնատներով «Արիաւան» թաղամասը, որը 2016-ից բնակեցուած է:

Սփիւռքահայերի օժանդակութիւնը Քաշաթաղի եւ Շահումեանի վերաբնակեցուած գիւղական համայնքներին շարունակւում էր մինչեւ 2020 թուականի սեպտեմբերի 27-ը: 44 օր տեւած պատերազմն ու յետպատերազմական իրադարձութիւնները ծանր հարուած էին նաեւ Արցախի այդ տարածքներում միլիոնաւոր տոլարների ներդրում կատարած եւ վերաբնակեցուած գիւղերի հայկականացմանը հաւատացած սփիւռքահայերի համար:

«Մենք հաւատում էինք այդ գաղափարին: Այո՛, գիտէինք, որ վտանգուած շրջաններ են, բայց շարունակում էինք ներդրումները` բնակավայրերն ամրացնելու համար, որովհետեւ չէինք պատկերացնում Արցախի գոյութիւնն առանց այս երկու շրջանների, որոնք մայր Հայաստանն ու Արցախը կապող դարպասներն էին: Այն, ինչ պատահեց, իսկապէս շատ ծանր է. անհեռատես պայմանագիր ստորագրուեց», «Ալիք մեդիա»-ին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, լիբանանահայ գործիչ Բենիամին Պչաքճեանը:
Նա «ԱՐԻ»-ի հիմնման առաջին օրուանից հիմնադրամի միւս ներկայացուցիչների հետ բազմաթիւ անգամներ եղել է Արցախում, մօտիկից հետեւել սփիւռքահայերի ներդրումային ծրագրերին:

«ԱՐԻ»-ն իր գործունէութիւնը դեռեւս 2009-ին վերաբնակեցուած տարածքներում սկսել էր հողագործութեան եւ անասնապահութեան ոլորտներում խոշոր ներդրումներով: Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններում մշտական գրանցում ունեցող ֆիզիքական եւ իրաւաբանական անձանց ու անհատ ձեռնարկատէրերին նպաստաւոր պայմաններով վարկեր էին տրամադրել, որոնց տոկոսադրոյքը մասնակիօրէն փոխհատուցել էր Արցախի կառավարութիւնը:

«Եթէ այդ շրջաններում բնակիչների թիւն աւելացել է, եթէ մշակուած հողատարածքները բազմապատկուել են, ապա դա եղել է «ԱՐԻ»-ի ծրագրերի շնորհիւ», ասում է Բենիամին Պչաքճեանընշելով, որ տարէցտարի աւելի շատ սփիւռքահայեր են ներգրաւուել այս ծրագրերում: Սփիւռքահայերը ոչ միայն ներդրումներ են կատարել, այլեւ ընդառաջելով Արցախի կառավարութեան առաջարկին ցանկութիւն էին յայտնել բնակուելու այդ տարածքներում. «15 լիբանանահայ եւ սիրիահայ ընտանիք բնակութեան յայտ էր ներկայացրել, որոնք պիտի բաժանուէին Քարվաճառի, Աղաւնոյի եւ Շուշիի միջեւ, սակայն մինչեւ պատերազմը միայն երկու ընտանիք էր հասցրել տեղաւորուել. մէկըՇուշիում, միւսը Արիաւանում: Սրանով նաեւ մասնագէտների հարցն էինք փորձում լուծել. շրջանը կարիք ունէր բժիշկների, ուսուցիչների եւ այլ մասնագէտների», ասում է մեր զրուցակիցը:
Նա, ինչպէս «ԱՐԻ»-ի միւս շահառուները, այժմ մտահոգուած է Աղաւնոյի ճակատագրով, մշտական կապի մէջ է գիւղի բնակիչների հետ: «Երաշխաւորուած չէ, որ Քաշաթաղի այդ հատուածները կը մնան հայերին, որովհետեւ, դժբախտաբար, պաշտպանուած չէ հայկական բանակով: Ռուսական խաղաղապահ ուժերը, ճիշդ է, բնակչութեան անվտանգութեան երաշխաւորն են, բայց ազրպէյճանցի զինուորների ելումուտն այնտեղ մտահոգիչ է, Արցախի կառավարութիւնը երաշխիք չի տալիս: Չնայած բազում դժուարութիւններինբնակիչները յամառօրէն կառչած են: Մենք էլ այստեղից բազմիցս դիմել ենք պետական մարմիններին յիշեցնելով, որ այդ մարդիկ երաշխիքների, պետութեան հետ կապի կարիք ունեն, բայց մեր դիմումներն անարձագանգ են մնացել», ասում է Պչաքճեանը: Նա ցաւում է, որ Արցախի կառավարութիւնը, որի հետ «ԱՐԻ» հիմնադրամը տասը տարուց աւելի սերտ համագործակցել է, անպատասխան է թողել նաեւ հիմնադրամի հարցերը` «Ի՞նչ է լինելու Աղաւնոյի ճակատագիրը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու գիւղը»:

«ԱՐԻ» հիմնադրամը, սակայն, մտադիր չէ դադարեցնել գործունէութիւնը: Հիմնադրամի ներկայացուցիչը յայտնեց, որ պատերազմի ժամանակ հիմնադրամը հանգանակութիւն է արել եւ երեք հարիւր յիսուն հազար տոլար փոխանցել Արցախի կառավարութեանը: Այսօր էլ պատրաստ են օժանդակելու Աղաւնոյին նորոգումների եւ բնակիչների վերադարձի հարցում, բայց գիւղի կարգավիճակի անորոշութիւնը յետ է պահում նրանց:

«Խօսակցութիւններ կան, որ Ազրպէյճանն ուզում է նոր ճանապարհ բացել դէպի Ստեփանակերտ, հայ բնակչութեանը հանել այդ բնակավայրերից: Արցախի կողմից, որքան գիտեմ, դեռ ոչ մի բանակցութիւն չկայ: Մենք այսուհետեւ որեւէ ներդրում կամ օժանդակութիւն կատարելուց առաջ պէտք է հաշուի առնենք բոլոր դժուարութիւնները եւ վտանգները», ասում է նա:

Մեր տեղեկութիւններով, Նոր տարուց առաջ Աղաւնոն լքել է Պէյրութի նաւահանգստի աղէտից յետոյ այնտեղ հաստատուած Յարութ Կենեճեանի ընտանիքը: «Այո՛, այդ ընտանիքը գնաց առանց տեղեկացնելու, իսկ մի սփիւռքահայ ընտանիք էլ, որ պատերազմից առաջ այստեղ էր ու գնացել էր, հիմա վերադարձել է, ընտանիքի հայրը գիւղի դպրոցում է աշխատում: Այժմ գիւղում սփիւռքահայ երկու ընտանիք ենք: Միւսների հետ ապրում ենք, տէր ենք կանգնում հողին, մնալու ենք մինչեւ վերջ», «Ալիք մեդիա»-ին ասաց Աղաւնոյի գիւղապետ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չաւուշեանը, որը նոյնպէս սփիւռքահայ է: «Ես ոչ մէկին ո՛չ ասում եմգնա՛, ո՛չ ասում եմ մնա՛: Այն ընտանիքները, որոնք չեն ապրի այստեղ, նրանց տունը կը վերցնենք: Տուննապրողին, հողը մշակողին», ասում է ՀՅԴ անդամ, սիրիա-լիբանանեան ծագումով Չաւուշեանը` յիշելով իր արեւմտահայ նախնիների խօսքը:

Տեղեկացանք նաեւ, որ այսօր Աղաւնոյում բացուել է պատերազմից վնասուած եւ նորոգուած դպրոցը, 16 աշակերտ է գնացել դպրոց: «Ամէն օր մէկն աւելանում է, պատերազմից առաջ մօտ 50 աշակերտ ունէինք», յայտնեց գիւղապետը:


Aztag Daily

Yorumlar kapatıldı.