İçeriğe geçmek için "Enter"a basın

«Շուշին հանձնողներից մեկը դու ես». վեճ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մեղադրող դատախազի միջև

Մարտի 1-ի գործով այսօրվա նիստին իրավիճակը լարվեց, երբ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկում էր պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ։ Նա ասաց, որ դատարանում խոսվում է Շուշին հանձնելու մասին, բայց քրեական գործը այդ ամենին չի վերաբերում։ Այնուհետև լարվածություն առաջացավ նրա և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև, քանի որ Քոչարյանը նշեց, թե Բաղդասարյանը «Շուշին հանձնողներից մեկն է»։ Այս հանգամանքը զայրացրեց մեղադրողին, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ։

Մարտի 1-ի նիստը հունվարի 19-ին մեկնարկեց նույն ձեռագրով՝ միջնորդություններ։ Այս տարի առաջին անգամ էր նիստը տեղի ունենում։ Հերթական նիստին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրեց մեղադրող դատախազներին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դեռ 2020-ի մայիսին որպես մեղադրյալ է ներգրավվել գործում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որի դատավարական կարգավիճակն առ այսօր դադարեցված չէ. «Նախորդ տարվա վերջին տեղի է ունեցել իրադարձություն, որը բացառում է նրա ներգրավվածությունը այս գործին»,- ասաց Ալումյանը՝ հիշեցնելով 2020-ի նոյեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն իրավապահ համակարգի ղեկավարների հետ։ Նա նաև մեջբերում կատարեց վարչապետի խոսքից, որում նա անդրադարձել էր նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններին, երբ կառավարության ու Ազգային ժողովի շենք էին ներխուժել մի խումբ քաղաքացիներ։
«Այսինքն՝ ՀՀ վարչապետի և գլխավոր դատախազի միջև փոխհարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը նրան կարող է կանչել իր մոտ ու քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի ընթացքը։ Դրանք հակասում են դատախազության օրենքի մի շարք նորմերին»,- նշեց Ալումյանը՝ այդ նորմերը ներկայացնելով դատարանին։

«Այդ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ, սույն գործով մեղադրող Արթուր Դավթյանի վարքագիծը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առնվազն կասկածներ առաջացնել գործադիր իշխանությունից պարոն Դավթյանի կախյալ լինելու վերաբերյալ։ Նման հանգամանքն ուղղակի կապված է այս քրեական գործի հետ, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս գործով կողմ է հանդիսանում»։
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Գևորգ Բաղդասարյանին։

Այսօրվա բոլոր միջնորդություններում պաշտպանական կողմը մեջբերումներ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններից՝ դրանք դիտարկելով որպես գործադիրի կողմից կողմնակալ վերաբերմունք գործի նկատմամբ։

Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ևս միացավ միջնորդություններին՝ հավելելով, որ այս գործում Նիկոլ Փաշինյանը շահագրգռված անձ է. «Տվյալ դեպքում սա վարչապետի անձնական գործն է, իր կյանքի գործը, երբ նա հնարավորություն է ստացել միջամտելու գործի քննությանը։ Երբ նա հնարավորություն է ստացել միջամտելու գործին, մենք հայտնվել ենք այս իրավիճակում»։

Իրավիճակը լարվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ելույթի ժամանակ։ Նա նախ զարմանք հայտնեց առ այն, որ այսօրվա նիստին ներկա չեն նոր մեղադրողներ. «Ինձ թվաց՝ վերջերս ՀՀ գլխավոր դատախազի և իր կիրթ, համեստ գործընկերոջ հետ հանդիպումից հետո (Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազների հանդիպումը – Գ.Թ.) կարող է նաև որոշում կայացվեր այլ մեղադրող ներգրավելու վերաբերյալ»։

Այս արտահայտությունը դուր չեկավ մեղադրող կողմին․ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե դատարանը, լսելով նման արտահայտություններ, չի արձագանքում, ապա իրենք են ստիպված արձագանքել. «Եթե պարոն Պողոսյանը պատրաստ է նիստից հետո մնալ ու իր հայտնած տեղեկության վերաբերյալ ես իմ դիրքորոշումը նիստից դուրս ասեմ, ես պատրաստ եմ դրան։ Դատական նիստերի դահլիճում կամ խոսում են մեր բացարկի մասին, եթե խոսել են, կամ չեն խոսում»,- նշեց դատախազը։ Այնուհետև մեղադրող կողմը առարկեց միջնորդություններին` շեշտելով, որ գլխավոր դատախազը «կախյալ վարքագիծ չունի»։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը դատարանում սկսեց քննվել 2019-ի ապրիլից։ Առ այսօր այն բուն դատաքննության փուլ չի մտել՝ նախնական փուլում է. քննարկվում են մեծամասամբ պաշտպանական կողմի միջնորդությունները։ Տուժող կողմի ներկայացուցիչները բոյկոտել են նիստերը՝ պնդելով, թե դատաքննությունը պաշտպանների միջոցով անհարկի հետաձգվում է։

Մարտի 1-ի գործի անջատված մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք վերցնելու» համար, 2008-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին «այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու» համար, ինչպես նաև Արմեն Գևորգյանին, որն այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Նրան էլ մեղադրանք է առաջադրվել, որ «օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին տապալելու սահմանադրական կարգը և կաշառք է ստացել»։

Գևորգ Թոսունյան


CIVILNET

Yorumlar kapatıldı.