İçeriğe geçmek için "Enter"a basın

Հավերժ ապրող Հրանտ Դինքը․ անգամ մահը նրան չլռեցրեց Թուրքիայում

Հրանտ Դինքը գիտակցում էր, որ յուրաքանչյուր հայ, հայրենիքում ապրի թե հայրենիքից դուրս, սահմանապահ է, և սահմանը պահող դիրքապահ զինվորի վրա թշնամու արձակած կրակոցն էլ ուղղված է յուրաքանչյուր հայորդու վրա՝ անկախ բնակության վայրից։ Դինքին ուղղված մահացու կրակոցն էլ ուղղված էր մեզ՝ բոլոր հայերիս, ոչ թե մեռնելու, այլ նրա՝ արդարության համար մղած պայքարը շարունակելու համար։

Ամեն տարի հունվարի 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի բազմահազարանոց ջատագովներից կազմված թափորին են միանում նաև թուրք և քուրդ մտավորականներ․բոլորն էլ, ի նշան բողոքի, փողոց են դուրս գալիս մեկ ընդհանուր կարգախոսով՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։ Հիշեցնենք՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից սպանվեց Թուրքիայում հայազգի լրագրող, «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքը։

Այս տարի Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումը համավարակի սահմանափակումների հետևանքով տեղի կունենա առցանց ձևաչափով։ Ըստ «Հրանտի ընկերներ» հարթակի տարածած հայտարարության՝ հիշատակման միջոցառումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 14․45-ին, www. hranticinadaleticin. org հասցեով։ Հրանտի սպանվելու վայրում կհավաքվեն միայն նրա ընտանիքի անդամները, որոնց հարգանքի տուրքը դարձյալ կհեռարձակվի համացանցով։

«Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ մեր զրույցում ևս մեկ անգամ հիշեցինք մեծ նվիրյալին։

  • Պարոն էստուգյան, ո՞վ էր Ձեզ համար Հրանտ Դինքը։ Ձեր և նրա վերջին զրույցներից կարո՞ղ եք վերհիշել՝ հատկապես ի՞նչ անհանգստություններ ու մտածումներ ուներ։
  • Հրանտ Դինքը Թուրքիայում բնակվող հայերի արդարության աղաղակն է։

Ի տարբերություն Հայաստանի և հայկական սփյուռքի՝ մոտ մեկ դար անձայնության, լռության դատապարտված մի ժողովրդի արդարարության պահանջը ահազանգող հզոր ձայնն է Հրանտ Դինքը։ Իր ու իմ վերջին հանդիպումից, որ կայացել էր սպանությունից երկու օր առաջ, մտքիս դրոշմված է Հրանտ Դինքի՝ «Այս տարին շատ դաժան պիտի ըլլա» կանխատեսումը։ Բացի իրեն շրջապատող վտանգներից, մտահոգված էր նաև երկրի ներսում լուրջ ալեկոծումների տանող հավանական քաղաքական ճգնաժամի համար։

  • Ո՞րն էր Դինքի՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի տեսլականը։ Ատելության, վրեժի ու փոխադարձ մեղադրանքի փոխարեն ի՞նչ էր առաջարկում նա երկու ժողովուրդներին։
  • Հանրապետական Թուրքիան հիմնված է Հայոց ցեղասպանության վրա․ եթե չգործադրվեր ցեղասպանություն, երկիրը դարձյալ կկարողանար հաստատել մի հանրապետություն, բայց ոչ «ազգային», այլ դաշնակցային դիմագծով։ Դինքը պահանջում էր նախ այս իրողության հաստատումը, որից հետո միայն բոլոր քաղաքացիները՝ իրենց ազգային և կրոնական տարբերություններով հանդերձ, ընդգրկող մի պետականություն։ Նման պետությունը, իր անցյալի մեղքերի հետ առերեսվելով, նաև կկարողանար բարիդրացիական հարաբերություններ մշակել հարևան երկրների, մանավանդ այլ ժողովուրդների հետ։ Այս ամենը լուրջ սպառնալիք էր Թուրքիայի ազգային պետության՝ տարիների ընթացքում ժխտման և ուրացումի գաղափարախոսությամբ դաստիարակված հասարակության հանդեպ։
  • Ինչպիսի՞ն էր ուզում նա տեսնել հային աշխարհի առաջ։
  • Ինչպես համայն հայությունը, Դինքը ևս մեծ հույսերով և ակնկալություններով դիմավորեց Հայաստանի անկախացումը։ Հայը իր պետականության շնորհիվ պիտի ներկայանար համաշխարհային մարդկությանը, ու այդ նույն համաշխարհային մարդկությանը պիտի մատուցեր իր հզոր մշակույթը, շինարար ու հնարամիտ հատկությունը, պիտի ծառայեցներ համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը։

Ավելին՝ իբրև համայնավար գաղափարախոսության հավատարիմ գործիչ՝ Դինքը դեմ էր պատերազմների։ Իբրև մարդասեր, բնականաբար, նույն ցավը պիտի զգար պատերազմում ընկնող յուրաքանչյուր 18-ամյա զինվորի համար։

  • Ի՞նչ փոխվեց նրա մահից հետո Թուրքիայում, արդյոք Դինքի սպանության իրական ոճրագործները կբացահայտվե՞ն, թե՞․․․
  • Դինքի սպանության շրջանը զուգադիպեց երկրի ներսում դեպի ժողովրդավարական հոսանքների բարձրացման շրջանի հետ։ Դեռևս այդ տարիներին Էրդողանի կառավարությունը մինչ այդ տիրող բռնակալության դեմ որդեգրել էր այլախոհ կեցվածք։ Էրդողանն իր 19-ամյա իշխանության երկրորդ կեսին է, որ հաջողեց բանակը չեզոքացնել և պետության ղեկին տիրանալ։ Այդ հանգրվանից հետո է, որ թողեց ժողովրդավարության խոստումները, և ինքը դարձավ բռնակալ։

Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքին ու մինչ օրս շարունակվելուն, ապա հիմնական նպատակը ոչ թե արդարության հաստատումն է, այլ այս ոճիրի իրականացման մեջ պետության դերակատարությունը քողարկելը։

Հ․ Գ․ Դինքի սպանությունից 14 տարի է անցել, սակայն սպանության վերաբերյալ դատավարությունը դեռևս չի գտել իր հանգուցալուծումը։ Թուրքիայում արդարության համար պայքարող լրագրողները ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր անվտանգ չեն։ Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը՝ Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2003-2018թթ․ ընթացքում շուրջ 12․000 լրագրող տարբեր մեղադրանքներով դատարանի առաջ է կանգնել։ Այս պահին Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 91 լրագրող։ Արձանագրվել է նաև, որ ներկայումս Թուրքիայում իրենց լրագրողական գործունեությունը ազատորեն կարողանում են ծավալել միայն այն լրագրողները, որոնք ենթարկվում են իշխանությունների կամքին։ «Ժամանակակից լրագրողների միության» Ստամբուլի ներկայացուցիչ Ուղուր Գյուչը ընդգծել է․ «Այսօր լրագրողների 95 տոկոսը մանիպուլյացիայի և քարոզչության գործիք է իշխանությունների ձեռքում»։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա


https://www.armtimes.com/hy/article/204633?fbclid=IwAR0sQi46FBTDjKcsqomVwceEnBZtmjkdWKC5-og5CxOF8mqB3I3gsgbhdQU&cf_chl_jschl_tk=57f09eea8a4479f3726d13752b17fb40c9d71bce-1611076864-0-Af2KxWRp2UGAm7dKDuO46UAT0U5gLNFYdix_7xcNkg7lae8iuWWu3kUCCjN_Xqh5ancf1I3H4XhZ0tBzwuh37IRLj7-ep5b6pvswCaYIx2K4yH5746GaWz-N-7dLhWpOFqwUPJ4Hi8rJL6oWanPQr8BwxaZXml_iMxl1PizikkjVaB488tI8g_5zTzPjb260VOICzTLFD4v8hFlJxag6l4gyf6VG12AMIiq0jQZ9z4BVLNBrgeA5_P6HznPcOydntUNFV6y2z81zv3Y1DRZVCZ38pyxtiBo4eBB4-H5AZStvdytiR5GGugMS4Nr6Ac8WeQGwrI0h4isJrXftyBRrH6iZvZQXmi4x3upw1rLf1dj3YWNtAX0Z_WIVukPF9woKr9s9O9UWPwFL-WalmBqrAQG5Ao5RmVcWJfSAo5-0BhbrYEIq_gw1772tly1wY6gxOLDbjqz6MjpCCUVfhFHvX-28AH_O018JKBogHzJoe7y1

Yorumlar kapatıldı.