İçeriğe geçmek için "Enter"a basın

Վազգէն Մանուկեան. «Սա Հերթական Խայտառակ Պարտութիւնն Էր Հայաստանի Համար»

Երէկ Հայրենիքի փրկութեան շարժումի վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեան Մոսկուայի մէջ 11 յունուարին տեղի ունեցած Փութին – Փաշինեան – Ալիեւ եռակողմ հանդիպումին մասին հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

Աւարտուեց Մոսկուայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգութիւնների ու տագնապների տեղիք էր տալիս:

Հայաստանն այդ հանդիպումից որեւէ դրական արդիւնք չստացաւ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ազրպէյճանը եւս մէկ անգամ վաւերացրեց այն, ինչի համար եկել էր:

Սա հերթական խայտառակ պարտութիւնն էր Հայաստանի համար:

Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ Ազրպէյճանն արդէն իսկ ստացել էր աւելին, քան կարող էր երազել: Այդ յայտարարութեան որոշ կէտերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտինառաջին կէտ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») եւ 8-րդ կէտ («…ռազմագերիների, պատանդների եւ պահուող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամէնը Նիկոլ Փաշինեանի օգնութեամբ եւ անգործութեամբ:

Յունուարի 11-ին Մոսկուայում Ալիեւը վերահաստատեց եւ նոր հիմքերի վրայ դրեց 9-րդ կէտի իրականացումը («…տնտեսական եւ փոխադրական կապերն ապաշրջափակւում են, Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է փոխադրական կապերի անվտանգութիւնը Ազրպէյճանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ…»), որն Ազրպէյճանի համար ռազմավարական մեծ նշանակութիւն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինեանի վարչապետութեան պայմաններում այս կէտի իրականացման հետագայ բանակցութիւնների արդիւնքները նոյնպէս լիովին բաւարարելու են միայն Ազրպէյճանին:

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը յունուարի 11-ի հանդիպումից, որը չստացաւ:

Պէտք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան առաջին կէտին վերաբերող հարցը, որը խախտուել է յօգուտ Ազրպէյճանի եւ որը սպառնալիք է Սիւնիքի համար:

Որեւէ արձանագրում չեղաւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի շրջանակներում հակամարտութեան լուծման եւ Արցախի կարգավիճակի վերաբերեալ, ինչը նոյնպէս մեծ պարտութիւն էր:

Եւ ի հարկէ պէտք է յստակ դրուէր եւ լուծուէր գերիների հարցը:

Յունուարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ յայտարարութիւնը եւս մէկ անգամ վերահաստատեցին մեր մօտեցումը, ըստ որի` Նիկոլ Փաշինեանն ի զօրու չէ առաջ տանել Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը:

Պարտութեան խորհրդանիշը պէտք է հեռանայ, հակառակ դէպքում մեր կորուստներն ու նուաստացումները շարունակուելու են:

ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ


Aztag Daily

Yorumlar kapatıldı.