İçeriğe geçmek için "Enter"a basın

Հերոսն ու դավաճանը

Արեգ Դանագուլյան | Areg Danagoulian

Մենք շատ ենք սիրում վերաշարադրել և ձևափոխել մեր պատմությունը՝ ըստ ժամանակների և քաղաքական պահանջների: Մենք փոխում ենք պատմության փաստերը այնպես, ինչպես դա մեզ այդ րոպեին է թվում շահավետ: Բայց սրա մեջ ունենք մի կարևոր հատկանիշ. պատմական պարտությունները սիրում ենք նկարագրել կա՛մ որպես «բարոյական հաղթանակ», կա՛մ էլ որպես «դավաճանության» արդյունք: Ինչու՞․ որովհետև պատմական իրադարձությունների բարդ նկարագրությունները գլուխ են ցավեցնում։ Իսկ նայեք որքան գրավիչ և հեշտ են հասարակ բացատրությունները:

Պետք չէ մտածել՝ «ամեն ինչ շատ պարզ է»: Ստանում ենք մի «հերոս» և մի «չարագործ-դավաճան» ինչպես մի շատ հավես հոլիվուդյան ֆիլմում: Բայց ամենակարևորը՝ սա մեզ հնարավորություն է տալիս անտեսել այն, որ գուցե մենք ի սկզբանե անկարող էինք հաղթել և որ մեր պարտությունները գուցե մեր իսկ սխալների հետևանքն են եղել:

451

Վերցնենք Ավարայրը: Ի՞նչ եղավ 451 թվականին: Մենք սիրում ենք ասել որ Պարսկաստանն ու Արևելյան Հռոմեական կայսրությունը փորձում էին մեզ «ձուլել»: Բոլորս կարդացել ենք Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», և համոզված ենք Դեմիրճյանի ազգայնական վերապատման հարյուր տոկոս ճշտության մեջ: Թե բա պարսիկները ուզում էին մեզ ստիպել քրիստոնեությունից հրաժարվել: Լավ… եթե այդպես է, ապա ինչո՞ւ պարսիկները դա չարեցին 301 թվականին կամ էլ` 428 թվականին, երբ վերացվեց հայոց թագավորությունը: Սա հասկանալու համար պետք է հասկանալ նախ Հայաստանի դիրքը՝ Հռոմի և Պարսկաստանի միջև: Հին աշխարհում Հայաստանը հաճախ եղել է բուֆերային պետություն այդ երկու կայսրությունների միջև: Պարսիկներն ու հռոմեացիները դարերի ընթացքում ունեին պայմանավորվածություն, որ ոչ մի կողմ չպետք է գրավի Հայաստանը, ընդ որում՝ պարսիկները ունեին մեծ ազդեցություն հայկական արքունիքի վրա (ըստ որոշ վարկածների՝ Երվանդունիները և Արշակունիները պարսկական ազնվական ըտանիքներից էին ծագում):

Չորրորդ և հինգերորդ դարերում դա սկսեց փոխվել: Առանց այդ էլ քրիստոնեացող Հայաստանում (ինչը նրան ավելի էր մերձեցնում քրիստոնեական Հռոմին) սկսվեցին ուժեղ հռոմամետ շարժումներ: Մամիկոնյանները սերտ կապեր էին ստեղծել Արևելյան Հռոմի (Բյուզանդիայի) կայսր Թեոդոսիոս Բ-ի հետ: Սասանյան Պարսկաստանը կարծես այսօրվա «Ռուսաստանն» էր, Հռոմը«Ամերիկան», իսկ այն ժամանակների համար լիբերալ գաղափարներով քրիստոնյաները «սորոսականները»: Հռոմեացիների հետ անընդհատ պատերազմող պարսիկները սկսեցին լուրջ մտավախություններ ունենալ, որ Հռոմը կշահագործի իր կապերը հայկական ազնվական շրջանակներում և Հայաստանում «ռազմաբազա» կբացի՝ այնտեղից հարձակվելով Պարսկաստանի վրա: Մի խոսքով` հայկական արևմտամետ քրիստոնեությունը ու հատկապես Մամիկոնյան տոհմը Պարսկաստանի համար դարձան լուրջ սպառնալիք:

Պարսից թագավոր Յազդեգիրդ Գ-ն հայերից պահանջեց, որ կապերը խզեն արևմտյան եկեղեցու հետ և դրա փոխարեն դառնան արևելյան եկեղեցու հետևորդներ: Յազդեգիրդի համար կրոնը, ըստ երևույթին, այնքան էլ կարևոր չէր․ կարևոր էր միայն Պարսկաստանի ռազմավարական անվտանգությունն ու Հռոմի հետ ռազմավարական հավասարակշռությունը, որը վտանգվել էր արևմտամետ Մամիկոնյանների կողմից:

Մամիկոնյանները Յազդեգիրդի պահանջին կտրականապես դեմ էին, իսկ Սյունյաց տունը (որը ղեկավարում էր Վասակ Սյունին) կողմ էր: Սյունյաց տունը (Սյունիքում) Պարսկաստանին ավելի մոտ էր, այդ իսկ պատճառով ավելի սերտ կապեր ուներ պարսիկների հետ: Ներհայկական քաղաքական այս պայքարում թերևս հաղթեցին Մամիկոնյանները, ինչը բերեց Պարսկաստանի հետ առճակատման: Մամիկոնյանները լավ կապեր ունեին հռոմեական կայսր Թեոդոսիուս Բ-ի հետ և համոզված էին, որ նա օգնություն կուղարկի, բայց դա տեղի չունեցավ (ըստ որոշ ասեկոսների՝ Թեոդոսիուսը Վարդանին ասել է, թե` «բյուզանդական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»):

Ավարայրի ճակատամարտը ավարտվեց Մամիկոնյանների պարտությամբ, Վարդան Մամիկոնյանի մահով և հայկական հանրահայտ այրուձիի կործանմամբ: Սրանից հետո հայկական եկեղեցին Վասակ Սյունիին պիտակավորեց որպես «դավաճան»: Բայց արդյոք Վասակը դավաճանե՞լ էր իր ազգը, թե՞ պարզապես Սյունիները ավելի իրատես էին, հասկանում էին, որ փոքր Հայաստանը պարսիկներին անկարող էր դիմադրել, և այդպիսով հրաժարվել էին մասնակցել Մամիկոնյանների վտանգավոր խաղին: Դժվար է ասել: Կարևորն այն է, որ վերջում մենք կառուցեցինք մեր սիրած «բարոյական հաղթանակը» և մեր է՛լ ավելի շատ սիրած «հերոս/դավաճան» թեզերը:

1920

Մեկ ուրիշ օրինակ… 1920 թվականին տեղի ունեցավ թուրք-հայկական պատերազմը, որը ավարտվեց հայկական կողմի պարտությամբ: Դիտարկելով իրադարձությունները՝ գալիս ես երկու եզրահանգման՝ հայկական կողմը չափից ավել շատ հավատաց Սևրի պայմանագրին (կարծելով, որ կա՛մ քեմալական թուրքերը կհնազանդվեն Արևմուտքի պարտադրած պայմանագրին, կա՛մ էլ հակառակ դեպքում առանց դրա էլ արյունաքամ Արևմուտքը կթողնի իր գործերը և կնետվի մեր շահերը պաշտպանելուն), և գերագնահատեցին իրենց ռազմական կարողությունները:

Քյազիմ Կարաբեքիրի զորքերը երկու ամսում ստիպեցին մեզ ստորագրել Ալեքսանդարպոլի (որը գրավված էր թուրքերի կողմից) պայմանագիրը: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի ժամանակ բոլշևիկները փաստորեն ամրագրեցին թուրքերի հաղթանակների միայն մի մասը՝ Խորհրդային Հայաստանի սահմանը անցկացնելով Ախուրյան և Արաքս գետերով:

Հիմա շատ ենք սիրում ասել, որ բոլշևիկները մեզ «դավաճանեցին»: Բայց դա անտեսում է մի կարևոր փաստ. Մոսկվայում բոլշևիկները կարողացան ստիպել թուրքերին դուրս գալ Ալեքսանդրապոլից (հիմա` Գյումրի) և Շիրակ-Փամբակ մարզից, ինչը զգալիորեն մեծացրեց Հայաստանի տարածքը: Բոլշևիկները նաև ամրագրեցին Վրաստանի հետ վիճարկվող Լոռին որպես Հայաստանի մաս: Կարելի է ասել՝ լա՛վ, բա ինչո՞ւ ավելի շատ ճնշում չգործադրեցին և Կարսը թուրքերից հետ չպահանջեցին: Գուցե բոլշևիկները դա չարեցին, որովհետև 1921 թվականի դրությամբ Խորհրդային Ռուսաստանը հյուծված էր կործանարար քաղաքացիական պատերազմից և միայն հանուն հայերի պատրաստ չէր քեմալականների հետ մի նոր պատերազմ ծավալել: Եկեք ուրախ լինենք, որ գոնե Գյումրին հետ բերեցինք: 1920 թվականի պարտությունը պայմանավորված էր ոչ թե հերթական «դավաճանությամբ», այլ նրանով, որ առաջին հանրապետությունը ձախողված մի պետություն էր՝ տկար բանակով, տիֆից կոտորվող բնակչությամբ, իսկ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ չկարողացավ երազանքները տարբերել իրականությունից (ինչպես 451 թվականին Մամիկոնյանների դիվանագիտությունը դա չկարողացավ անել):

2020

Հիմա էլ կարծես նույնն է կատարվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված: Արդեն սկսում ենք կարծիքներ տեսնել, թե իբր պարզվում է, որ նոյեմբերի 10-ի դրությամբ մենք կարող էինք շարունակել պատերազմը ու անգամ հաղթել, որ հետևաբար «Նիկոլը դավաճանեց» մեզ:

Անկասկած՝ Փաշինյանի կառավարությունը խորապես դավաճանեց հայ հասարակության վստահությունը՝ մեզ 44 օր մոտալուտ «հաղթանակի» մասին բացարձակ ստեր կերակրելով:

Անկասկած՝ Փաշինյանը վերջին 2,5 տարում վարել է բացարձակ ապաշնորհ քաղակականություն՝ էլի երազանքը իրականության հետ խառնելով:

ԱնկասկածՓաշինյանը պետք է գնա: Բայց արդյոք նոյեմբերի 9-ին կա՞ր այլընտրանք: Արդյոք կկարողանայի՞նք երկար դիմադրել և չկորցնել այն, ինչ մնացել էր Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին ու Մարտակերտը:

Եկեք երազանքը մի կողմ դնենք և նայենք օբյեկտիվ իրականությանը: Թշնամին ընդամենը վեց շաբաթում հաջողացրեց գրավել վեց շրջան: Այսինքն՝ ամեն շաբաթ մեկ շրջան էինք կորցնում: Որքա՞ն ժամանակ կպահանջվեր մնացած չորս շրջանները կորցնել․ չորս շաբա՞թ: Լավ, ենթադրենք՝ եղանակը վատանալու էր, ենթադրենք չորս շաբաթվա տեղը ութ շաբաթ կպահանջվեր: Լավ, բայց հետո՞:

Այս պատերազմի իրադարձություններից ամենաշշմեցուցիչը հետևյալն է․ ադրբեջանցիները նեղլիկ կածաններով ու արահետներով կարողացան անցնել 40 կմ` Հադրութից մինչև Շուշի: Նեղլիկ կածաններ, որտեղ լեռնային, անտառային պայմաններում կարելի էր ծուղակներ դնել ու կոտորել հարձակվող ուժին: Չնայած դրան՝ թշնամին անցավ առանց լուրջ դիմադրության: Սա միայն մեկ բան է նշանակում. հայկական դիմադրությունը հոկտեմբերի վերջին արդեն կոտրված էր:

Հիմա ինձ կասեն՝ բայց ախր Կարմիր Շուկայում դեռ դիմադրում էինք, Մարտակերտում դիմադրում էինք: Այո՛, բայց արդյունավետ պաշտպանության համար բավական չէ մեկ-երկու կետում դիմադրելը, պետք է կարողանալ ամբողջ ռազմաճակատի երկայնքով դիմադրել: Հոկտեմբերի վերջին դա արդեն չէր ստացվում:

Եթե նայենք հայկական կողմի տեխնիկական հսկայական կորուստներին (340+ զրահատեխնիկա, 300+ հրետանային համակարգ և այլն), պարզ է մի բանմենք նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում այլևս լուրջ դիմադրող ուժ չէինք կարող ունենալ, որովհետև եթե պատերազմի սկզբին մեր և թշնամու սպառազինության հարաբերությունը 1:3 էր, ապա նոյեմբերի դրությամբ այն 1:10 էր կամ է՛լ ավելի վատ: Շատերը հիմա ասում են «բայց ախր եղանակը վատանալու էր, դա մեզ կօգներ»: Նախ նոյեմբերի 9-ի դրությամբ եղանակի (բավականին չափ արագ) վատանալու ոչ-մի երաշխիք չկար… իսկ եթե հետո էլի լավանա՞ր:

Կարելի՞ էր Արցախի գոյությունը ապավինել փոփոխվող եղանակին: Եղանակը արդեն հոկտեմբերի վերջին իսկապես սկսում էր վատանալ: Շուշիի մարտերի ժամանակ երկինքն ամպամած էր, և Բայրաքթարները շատ ավելի քիչ էին գործածվում: Եվ դա չփրկեց Շուշին: Շուշին թերևս վերցրել են ԱԹՍ-ների և հրետանու մինիմալ աջակցությամբ: Դա շատ բան է ասում նոյեմբերի սկզբին մեր՝ դիմադրել անկարող լինելու մասին:

Ոմանք կասեն՝ ախր ինչո՞ւ ավելի լավ չկազմակերպեցին դիմադրությունը, ինչո՞ւ Հայաստանից զորքեր չբերեցին: Ու ճիշտ կասեն՝ սա շատ կարևոր հարց է, որը պետք է մանրամասն ուսումնասիրել և դասեր քաղել: Բայց անկախ նրանից՝ օգնություն չեն ուղարկել օբյեկտիվ պատճառներով, թե ապաշնորհության պատճառով (հավանաբար՝ վերջինը), փաստը մնում է փաստ` դիմադություն չենք կարողացել կազմակերպել: Դա է նոյեմբերի 9-ի օբյեկտիվ իրականությունը: Իսկ այդ դեպքում պարզ է դառնում, որ եթե նոյեմբերի 9-ին մենք չստորագրեինք պայմանագիրը, ապա կլիներ համատարած կոտորած. ադրբեջանցիները սկզբից կվերցնեին Ստեփանակերտն ու Ասկերանը՝ այսպիսով Մարտունին շրջափակման մեջ գցելով, հետո Մարտունիի մեր զորքերը ոչնչացնելուց հետո կկենտրոնացնեին իրենց ուժերը արդեն Մարտակերտում և կարճ ժամանակում այն էլ կվերցնեին: Պարզապես աբաթների հարց: Կկորցնեինք եղածը, ու մի 10 000 – 20 000 երիտասարդ էլ կզոհվեր կամ կգերեվարվեր:

Ինչո՞ւ ենք աղավաղում պատմությունը

Ինձ քիչ է հետաքրքրում Փաշինյանի անձը կամ արածները: Ինչպես արդեն ասացի` նա պետք է գնա: Ինձ անհանգստացնում է, թե ինչպես ենք մենք հերթական անգամ վերաշարադրում և շահագործում մեր պատմությունը: Կարծես այն մետաղի ջարդոն լինի․ երբ պսպղում է, պահում ենք, երբ տգեղ է, դեն ենք նետում:

Զոհված զինվորներից շատերը դեռ հողին չեն հանձնվել, իսկ ոմանք արդեն նպատակաուղված աղավաղում են երկու ամսվա պատմությունը: Ինչո՞ւ․ որ կարողանանք էլի «բարոյական հաղթանակներ» և «դավաճանական» տեսություննե՞ր առաջ քաշել: Որ ի՞նչ` մեր «տղայական» զգացումը չտառապի՞: Այո՛, պարտվել ենք, հենց մեր «տղայավարի», «մեր դեմ խաղ չկա» մտածելակերպի պատճառով: Հիմա ճիշտ հետևություններ կանե՞նք, թե՞ էլի հերթական պատրանքներին ու ինքնախաբեության ալիքին կտրվենք: Կընդունե՞նք, որ ավներջ առճակատումը մեզանից օբյեկտիվորեն ուժեղ հարևանի հետ վերջ ի վերջո պարտությունով էր ավարտվելու:

Ես շատ եմ գրել ռազմարդյունաբերության մասին, և պետք է չափազանց հստակ ասեմ հետևյալը՝ երեք միլիոնանոց Հայաստանը երբեք, երբե՛ք չի կարողանա պարտության մատնել 90 միլիոնանոց Թուրքիային: Ու ոչ-մի Թեոդոսիուս, ոչ մի Սևրի դաշնակից, ոչ մի Ռուսաստան դա մեր տեղը չի անելու: Մոռացե՛ք դրա մասին: Ռուսաստանները, եվրոպաներն ու ամերիկաները կգան ու կգնան, իսկ մեր հարևանները միշտ կմնան: Կա՛մ մենք սա կհասկանանք ու կփոխենք մեր քաղաքականությունը, կա՛մ էլ առաջիկա քսան տարում հավանաբար կկորցնենք հայկական պետականությունը:

Հիմա ինձ կասեն` ասածդ ի՞նչ է, գնանք հանձնվե՞նք Թուրքիային: Եթե չենք կարող իրենց պարտության մատնել, ապա Հայաստանը պաշտպանելու իմաստը ո՞րն է:

Այս մոտեցումը ենթադրում է, որ ապագան երկու ձև կարող է լինել՝ կա՛մ մեր պարտությունը, կա՛մ իրենցը՝ zero sum game` զրոյական գումարի խաղ: Անվերջ պատերազմ: Ծայրահեղություններ: Բայց կարող է ուրիշ ձև լինել:

Խաղաղության փոխադարձ շահավետությունը

Երկրի անվտանգությունը կախված է երկու հանգամանքից: Առաջինը խաղաղության փոխադարձ շահավետությունն է: Երկրորդը՝ պատերազմում անգամ պարտության դեպքում թշնամուն լուրջ վնաս պատճառելու քո ունակությունը:

Առաջինը բարձրացնում է խաղաղության արժեքը հնարավոր հակառակորդի համար, իսկ երկրորդը՝ պատերազմի գինը:
Իմ կարծիքով միակ ելքը հետևյալն է. մի կողմից Հայաստանը պետք է ակտիվ բանակցի Թուրքիայի հետ և հաստատի տնտեսական կապեր… մյուս կողմից Հայաստանը պետք է զարգացնի ռազմարդյունաբերությունը և զարգացնի փայլուն կադրերով լի մի նոր բանակ:

Մարդիկ, որոնք իրար հետ առևտուր են անում, հետաքրքրված չեն իրար սպանելու մեջ, իրենք շատ բան ունեն շահելու խաղաղությունից, և շատ բան կորցնելու՝ պատերազմից: Այսօրվա դրությամբ Թուրքիան քիչ բան է շահում մեզ հետ խաղաղությունից՝ ուղիղ առևտրի բացակայության պատճառով:

Հաշվի առնելով մեր բանակի վատ վիճակը՝ Թուրքիան այժմ փոքր գին կվճարի հնարավոր նոր պատերազմի դեպքում (եթե մի կողմ դնդնեք աշխարհաքաղաքական այլ գործոններ): Բայց եթե մեզ վրա հարձակվելու դեպքում Թուրքիայի դեմ ելնի լուրջ մարտական ուժ, ապա այն կրկնակի կմտածի նախքան հարձակվելըանգամ եթե վերջիվերջո կարողանա մեզ պարտության մատնել: Չէ՞ որ այդ հաղթանակի գինը կարող է լինել անընդունելիորեն բարձր: Ահա այսպես է, օրինակ, իր պաշտպանական քաղաքականությունը վարել Շվեդիան ԽՍՀՄ-ի հանդեպ Սառը պատերազմի տարիներին: Իմանալով, որ չի կարողանա կանգնեցնել ԽՍՀՄ-ի հնարավոր ներխուժումը՝ Շվեդիան մեծ ներդրումներ է կատարել պաշտպանական միջոցներում, օրինակ՝ մեծ քանակությամբ ականապատող մեքենաներ ձեռք բերելով:

Զանգվածային ականապատումը խորհրդային ներխուժման դեպքում անընդունելի մեծ կորուստներ կպատճառեր խորհրդային տանկային միավորումներին, և այդպիսով կզսպեր հարձակումը` ԽՍՀՄ-ին անընդունելի գին պարտադրելով:

Պետք է հասկանալ նաև, որ թուրքի հետ հետ խոսելը և աշխատելը բացարձակապես չի՛ նշանակում մոռանալ անցյալը: Չի նշանակում անտեսել Ցեղասպանությունը: Թուրքիային սպառնալով չէ, որ մենք կստիպենք թուրքերին Ցեղասպանությունը ընդունել։ Ճիշտ հակառակը: Թուրքերի հետ խոսելով է, որ կսկսենք միմյանց տեսնել որպես մարդիկ, այլ ոչ թե որպես գազաններ:

Ես շատ լավ գիտեմ`մեր ազգայնականներն ու «ոչմիթիզականներն» այս թեզերը կարդալուց կաթվածահար կլինեն («դավաճա՜ն, ազգադա՜վ, թու՜րք» բղավելուց հետո): Չէ՞ որ թուրք-հայկական երկխոսությունը կխարխլի նրանց հասարակական հենարանը և կնվազեցնի այդքա՜ն փափագած պետական պաշտոն ստանալու հույսերը: Ու դրա պատճառով է, որ նրանք վերջին երեսուն տարում ագրեսիվ լռեցնում են բոլոր այլախոհներին՝ դավաճանության մեղադրանքների այս կեղտոտ շանտաժով:

Բայց լռել այլևս չի կարելի: Խոսքը Հայաստանի Հանրապետության գոյության մասին է:


CIVILNET

Yorumlar kapatıldı.