İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը Փաշինյանը ոչ մեզ, ոչ ԱԽ նիստին քննարկման չի ներկայացրել. Միքայել Համբարձումյան

Պատերազմի ընթացքում վարչապետը ինֆորմացիայի պակաս չի ունեցել․ թե ԱԱԾ-ի, թե ՊՆ-ի կողմից ամենժամյա ռեժիմով ներկայացվել է իրավիճակը․ 5-րդ ալիքին տված հարցազրույցում նման հայտարարություններով է հանդես եկել Ազգային անվտանգության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

«Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, ինչու չէր ընդունվում Ռուսաստանի կողմից հնչեցված կոնկրետ առաջարկությունները։ Եվ հանրությանը, և ԱԽ նիստերի ընթացքում չի ներկայացվել պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը»․ 5-րդ ալիքի հետ հարցազրույցում նման հայտարարություններով է հանդես եկել Ազգային անվտանգության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

Նա 44-օրյա պատերազմի ժամանակ փոխարինել է Արգիշտի Քյարամյանին։ Պատերազմի 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, նշանակվել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նոյեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել։ Միքայել Համբարձումյանը նշում է, որ հրաժարական ներկայացնելու երեք պատճառ է ունեցել։

«Թավշյա հեղափոխությունից հետո ես համարել եմ, որ ԱԱԾ-ի, ծառայության տնօրենի նկատմամբ կա վստահության պակաս։ Երկրորդ՝ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, կանգնեցվում պատերազմը, երբ մենք, ՊՆ-ն ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցում ենք մեր կորուստների, խնդիրների, հեռանկարի մասին։ Վստահեցնում եմ՝ ինֆորմացիայի պակաս չի ունեցել վարչապետը։ Երրորդ պատճառն այն էր, թե այդ պայմաններում իրականում ինչ նպատակ է հետապնդում մեր իշխանությունը՝ պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Այս ամենի համակցությունն է, որ նման որոշում կայացնելու ցանկություն առաջացավ»,- ասաց նա։

Հետագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկություն է եղել, ինչին դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանը։ Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ՌԴ նախագահի առաջարկը քննարկման չի ներկայացվել անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում։ Նրա խոսքով՝ առաջարկն ընդունելու դեպքում հայկական կողմի և մարդկային, և տարածքային կորուստներն անհամեմատ ավելի քիչ կլինեին։

«Ինչո՞ւ չէր ընդունվում, ինչո՞ւ քննարկման առարկա չէին դառնում Ռուսաստանի կողմից հնչեցված կոնկրետ առաջարկությունները՝ չեմ կարող ասել։ Եվ հանրությանը, և անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում չի ներկայացվել պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկը։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին, նոյեմբերի 8-ին հրաժարական եմ ներկայացրել։ Ինձ համար զարմանալի էր՝ ինչու չենք գնում այդ քայլին, ինչու ենք ուշացնում․ չէ՞ որ դա էր պատերազմը կանգնեցնելու, մարդկային, տարածքային քիչ կորուստներ տալու միակ ռեալ հնարավորությունը։ Պատասխանը չունեի, այդ անորոշությունն էր պատճառը, որի մեջ վտանգ էի տեսնում։ Պատերազմը պետք էր շատ ավելի վաղ կանգնեցնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը մերժել է իր խնդրանքը՝ իրեն առաջնագիծ ուղեկցելու, Միքայել Համբարձումյանը նշեց, որ «Ալֆա» ստորաբաժանումը յուրահատուկ ստորաբաժանում է և հատուկ առաջադրանքներ պետք է իրականացնի:

«Դա ոչ թե հետևակային զորամիավորում է, որ գնան, ինչ որ գործողություններ կատարեն բաց տեղանքում, այլ իրենք հատուկ առաջադրանքներ պետք է իրականացնեն։ «Ալֆա» ծառայության աշխատակիցներին անձնապես ճանաչում եմ, հավատացնում եմ ձեզ, որ այդտեղ աշխատում են պրոֆեսիոնալ տղաներ, ովքեր լավ գիտեն իրենց գործը։ Կուրորեն առաջադրանք կարող են կատարել անփորձ մարդիկ, դրա համար այդքան զոհ ուենցանք: Չկատարելը պայմանավորված չէր նրանով, որ տղաները վախեցել, հետ են քաշվել, այլ որ խնդիրը իրենց համար հստակ չէր ձևակերպվել»,- ասաց ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը:


CIVILNET

Yorumlar kapatıldı.