İçeriğe geçmek için "Enter"a basın

Եռակողմ հայտարարության չկատարված կետերը

Թաթուլ Հակոբյան

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումը 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9/10-ի հայտարարությունից հետո:

Եռակողմ բանակցությունների հիմնական երեք թեմաները կլինեն մարդասիրական խնդիրները, տարածաշրջանում հաղորդակցությունների վերագործարկման հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:

Նոյեմբերի հայտարարությունը, որ ըստ էության կապիտուլյացիոն փաստաթուղթ է և պարտադրված Հայաստանին, դառնալու է այսօրվա մոսկովյան բանակցությունների առանցքը:

Ինը կետերից վեցը կյանքի են կոչվել, մյուս երեքը՝ դեռ ոչ:

Առաջին կետը՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում նոյեմբերի 10-ից», ամբողջությամբ իրականացվել է: Հակամարտության կողմերը կանգնել են զբաղեցրած դիրքերի վրա: Ավելին, Հայաստանը զիջել է Զանգելանի և Կուբաթլուի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական ուժերի վերահսկողության տակ էին: Ի խախտումն եռակողմ հայտարարության՝ Հադրութի կտորը՝ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը, անցել է Ադրբեջանին:

Երկրորդ կետով Աղդամի շրջանը վերադարձվել է Ադրբեջանին:

Համաձայն երրորդ կետի՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմ:

Հայտարարության չորրորդ կետը վերաբերում է ապագային: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը հինգ տարի է՝ հաջորդ հինգ տարվա ինքնաբերական երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Սա նաև հայտարարության ամենավտանգավոր կետերից է: Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը և Թուրքիան հինգ տարի հետո այլևս չցանկանան ռուս խաղաղապահների ներկայությունը: Այս կետի հետ կապված Հայաստանը փաստացի անզոր է ազդեցություն գործել, և մեր հույսը ռուսներն են:

Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոնի ստեղծման աշխատանքները ընթացքի մեջ են: Սա հայտարարության հինգերորդ կետն է, որը ավելի շատ ռուս-թուրքական պայմանավորվածության շրջանակներում է:

Վեցերորդ կետով հայկական ուժերը դուրս են բերվել Քելբաջարից և Լաչինից:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, համաձայն յոթերորդ կետի: Սա ապագային վերաբերող խնդիր է և լուրջ վտանգներ է պարունակում հայկական կողմի համար: Ակնհայտ է, որ ադրբեջանցիները կամ նրանց մի մասը կվերադառնան ավելի քան 27 տարի հայկական ուժերի վերահսկողության տակ գտնված յոթ շրջաններ: Այս կետը հնարավորություն է տալիս նաև ադրբեջանցիներին վերադառնալ Արցախ, այդ թվում՝ Ստեփանակերտ: Համենայն դեպս, չկա արգելք ադրբեջանցիների Արցախ վերադառնալու համար:

Ութերորդ կետը վերաբերում էր ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակմանը: Այս հարցն Ադրբեջանն օգտագործում է շանտաժի և Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու նպատակով: Զարմանալի է նաև, որ հայկական կողմը չի կարողացել գոնե հասնել նրան, որ ինչպես տարածքների վերադարձի դեպքում է նշվել հստակ ժամկետ, այս հարցում էլ լիներ ժամանակացույց, մանավանդ, որ այն վերաբերում է մարդկային ճակատագրերի, ընտանիքների սպասումների:

Եվ, վերջապես, իններորդ կետով տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ՝ ապահովվում է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:

Այսպիսով, նոյեմբերի 9/10-ի հայտարարության չկատարված կետերը վերջին երկուսն են, որոնք էլ կդառնան այսօրվա մոսկովյան բանակցությունների առանցքային թեմաները: Հայաստանի համար այս պահին առաջնային է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակումը:

Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերը, քանի որ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանը գտնվում են հոգեբանական մի իրավիճակում, երբ դժվար է հավասարը հավասարի խոսել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի հետ:

Թաթուլ Հակոբյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


CIVILNET

Yorumlar kapatıldı.