İçeriğe geçmek için "Enter"a basın

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև կապերի մասով

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Ինտերֆաքսի» հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությանը: Այնտեղ ասվում էր, թե ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է: Աննա Նաղդալյանի կարծիքով՝ այդ պնդումները ամբողջովին սին և հիմնազուրկ են:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդներին ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասաց Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակը հավելեց, որ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ:

«Այսպես՝ եռակողմ հայտարարության առաջին կետի համաձայն կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց կողմից զբաղեցրած դիրքերում և ավարտեն ռազմական գործողությունները: Մինչդեռ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո ռազմական գործողություններ է իրականացրել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային կորուստներ և գերեվարել տեղում գտնվող հայ զինծառայողների: Ադրբեջանական կողմը մինչ օրս ամբողջովին չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Ինչի հետևանքով ազատ չեն արձակվում հայ ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակում հայտնված անձինք: Ավելին, ադրբեջանական կողմը քրեական գործեր է հարցում հայ ռազմագերիների հանդեպ և ամենաբարձր մակարդակով նրանց ներկայացնում է որպես ահաբեկիչներ՝ փորձելով խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը:

Ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումների դադարեցումը անհրաժեշտ է եռակողմ հայտարարության լիարժեք իրականացման համար»։


CIVILNET

Yorumlar kapatıldı.