İçeriğe geçmek için "Enter"a basın

2020՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաձախողված տարին 1991-ից ի վեր

Բենիամին Պողոսյան | Benyamin Poghosyan

2020-ը Հայաստանի արտաքին քաղաքականության համար վայրիվերումներով լի տարի էր, որն ավարտվեց Արցախյան նոր պատերազմով, Հայաստանի կապիտուլյացիայով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի սահմանազատման շարունակվող գործընթացով։ Ինչպիսի՞ն էին Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ 2020 թ. ընթացքում։

Ռուսաստան

Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունն անկասկած հարաբերություններն են Ռուսաստանի հետ։ Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց թվում են Հարավային Կովկասում Ռուսաստանի էական ազդեցությունը, ինտենսիվ ներգրավվածությունը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, հայ-ռուսական պաշտպանական, ռազմատեխնիկական և տնտեսական հարաբերությունները, Ռուսաստանում շուրջ 2,5 միլիոնանոց հայ համայնքի առկայությունը։ 2020 թ. մեկնարկը հայ-ռուսական հարաբերությունների համար էական բացասական զարգացումներ չէր խոստանում։ Ռուսաստանը 2020 թ. չթանկացրեց Հայաստան մատակարարվող բնական գազը՝ պահպանելով դեռևս 2019 թ. հունվարի 1-ին ֆիքսված 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար գինը։ 2019 թ. կարծես թե որոշակիորեն մեղմվել էին 2018 թ. երկրորդ կեսում գրանցված բացասական զարգացումները՝ պայմանավորված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելու, Հայաստանում գործող ռուսական խոշոր մի քանի ընկերությունների դեմ քրեական գործեր հարուցելու, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքներով։ 2019 թ. դեկտեմբերի վերջին Հայաստանը ստացավ ռուսական չորս Սու-30 ՍՄ բազմաթիրախային կործանիչներ, ինչը գնահատվեց որպես հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերականգնման ապացույց։
Սակայն արդեն 2020 թ. մարտի վերջին երկկողմ հարաբերություններում ի հայտ եկան լարվածության նոր միտումներ։ Մարտի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում դժգոհություն հայտնեցին երկու պետություններին մատակարարվող ռուսական գազի գնից։ 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում նախատեսված նախագահական ընտրություններից առաջ ռուս-բելառուսական հարաբերությունները բավականաչափ լարված էին, և Լուկաշենկոյի հետ «հակառուսական դեմարշ» անցկացնելու Հայաստանի վարչապետի քայլը ակնհայտորեն չէր կարող դրական ընկալվել Մոսկվայում։ Առավել անհասկանալի էր այն փաստը, որ Փաշինյան – Լուկաշենկո հեռախոսազրույցի նույն օրը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր հղել Գազպրոմ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով քննարկումներ սկսել Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու հարցերի շուրջ։

Լուկաշենկոյի հետ «հակառուսական դեմարշ» անցկացնելու Հայաստանի վարչապետի քայլը չէր կարող դրական ընկալվել Մոսկվայում։ Առավել անհասկանալի էր փաստը, որ նույն օրը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր հղել Գազպրոմին՝ նվազեցնելու գազի գինը

Ռուսական կողմը փաստացի անտեսեց Հայաստանի այս առաջարկը, իսկ Փաշինյան – Լուկաշենկո հեռախոսազրույցի հաջորդ օրը՝ ապրիլի 1-ին, Գազպրոմ Արմենիան դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով բարձրացնել գազի գինը սպառողների համար։
Երկկողմ հարաբերություններում մեծացող լարվածության հաջորդ ցուցիչը 2020 թ. ապրիլի 21-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն էին արցախյան հարցում 2019 թ. ապրիլին Ռուսաստանի առաջարկած կարգավորման փուլային տարբերակի և ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում հարուցված քրեական գործերի մասին։ Հայաստանի արտգործնախարարության բավականաչափ կոշտ պատասխանը վկայում էր, որ Հայաստանում կարծես թե մտահոգված չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացմամբ։ Ռուսաստանի դեմ դեմարշի քայլ կարելի է գնահատել նաև 2020 թ. հունիսին Արգիշտի Քյարամյանի նշանակումը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում և դրան ուղեկցող հրապարակային հայտարարություններն այն մասին, որ Քյարամյանի հիմնական խնդիրը ԱԱԾ-ի նկատմամբ ռուսական ազդեցության չեզոքացումն է։

Ռուսաստանին առայժմ թերևս ձեռնտու է Հայաստանում գործող իշխանությունների պահպանումը, որոնք համաձայնում են ռուսական կողմի բոլոր առաջարկներին, այդ թվում՝ Սյունիքի մարզի հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնելու և սահմանի այդ հատվածի անվտանգությունը ռուս սահմանապահներին հանձնելու վերաբերյալ

Դժվար է ասել, թե ինչով էր պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելու ՀՀ իշխանությունների գործելաոճը, հատկապես այն պայմաններում, երբ արդեն 2020 թ. հունիսի կեսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանը պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը զեկուցել էր, որ Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են համատեղ ուժերով լայնածավալ պատերազմ սկսել, որին Հայաստանը դիմադրել չի կարող։ 2016 թ. հուլիսից նկատվող ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման ֆոնին Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը զրկում էր Հայաստանին պատերազմը դիվանագիտական միջոցներով հետաձգելու թեկուզև փոքր հնարավորությունից։
2020 թ. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած լայնածավալ պատերազմի ընթացքում ևս հայ-ռուսական հարաբերություններում պակասում էր հստակությունը։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը և Թուրքիան չէին կարող հարձակում սկսել առնվազն առանց Ռուսաստանի հետ նախնական քննարկման, իսկ Մոսկվան էլ հստակ ուղերձներ էր հղում, որ իր նպատակը Արցախում փաստացի ռուսական ռազմակայանի տեղակայումն է՝ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող հինգ, իսկ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց ևս երկու շրջան Ադրբեջանին հանձնելու և Հայաստան – Արցախ միջանցք ստեղծելու պայմանով։ Սակայն արդեն պատերազմի ավարտից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները մերժել են հոկտեմբերի 19-ին ռուսական կողմի ներկայացրած առաջարկները ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ի վերջո ռազմական գործողություններն ավարտվեցին նոյեմբերի 9-ի երեկոյան ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրով։
Գնահատելով պատերազմի ավարտից հետո հայ-ռուսական հարաբերությունների վիճակը՝ պետք է արձանագրել, որ Ռուսաստանին առայժմ թերևս ձեռնտու է Հայաստանում գործող իշխանությունների պահպանումը, որոնք համաձայնում են ռուսական կողմի բոլոր առաջարկներին, այդ թվում՝ Սյունիքի մարզի հատվածում հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնելու և սահմանի այդ հատվածի անվտանգությունը ռուս սահմանապահներին հանձնելու վերաբերյալ։ Ներկայում Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, քան երբեևէ եղել է 1991 թ. սեպտեմբերին անկախություն հռչակելուց հետո։

Ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում Արցախը Հայաստանի հետ ձևավորված միասնական անվտանգային համակարգից դուրս բերելու ուղղությամբ

Միևնույն ժամանակ ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում Արցախի՝ ադրբեջանական ուժերի կողմից չգրավված հատվածը Հայաստանի հետ ձևավորված միասնական անվտանգային համակարգից դուրս բերելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել 1989 թ. Արկադի Վոլսկու ղեկավարությամբ ստեղծված Հատուկ կառավարման կոմիտեի օրոք ձևավորված իրավիճակը, երբ Արցախն ուղղակի ղեկավարվում էր Մոսկվայից։
Այնուամենայնիվ, դժվար թե Կրեմլում մոռանան Հայաստանի գործող իշխանությունների իրականացրած հակառուսական գործողությունները։ Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրան զուգահեռ ձեռք բերված և առայժմ մինչև վերջ չհստակեցված բանավոր պայմանավորվածությունների կատարումից հետո Մոսկվան կարող է քայլեր ձեռնարկել Հայաստանում իր համար ավելի հասկանալի և վստահելի իշխանություն ձևավորելու ուղղությամբ։

ԱՄՆ
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Հարավային Կովկասն ինչ-որ առումով դուրս էր մղվել ԱՄՆ-ի համար էական նշանակություն ունեցող տարածաշրջանների ցանկից։ Հարկ է նշել, որ Վաշինգտոնը շարունակում էր Վրաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանումը՝ հենվելով դեռևս 2009 թ. հունվարի սկզբին Բուշ Կրտսերի վարչակազմի օրոք ստորագրված Ռազմավարական համագործակցության համաձայնագրի վրա։ Այս համատեքստում պետք է դիտարկել Վրաստանին հակատանկային զենքեր մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի ակտիվ դերը Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև 2020 թ. մարտի սկզբին ընտրական համակարգի բարեփոխումների շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում։
Սակայն Հարավային Կովկասն ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի համար կորցրել էր իր երբեմնի նշանակությունը՝ հիմնականում հետաքրքրություն ներկայացնելով որպես Իրանին սահմանակից տարածք։ Պատահական չէ, որ 2018 թ. հոկտեմբերին նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի հիմնական նպատակը Հարավային Կովկասի պետություններին ուղղված կոչն էր՝ սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները։

2018 թ. մայիսից մինչև 2020 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների բացակայությունն արդեն վկայում է դրանց լճացման մասին

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա 2018 թ. մայիսից մինչև 2020 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում բարձր մակարդակի շփումների բացակայությունն արդեն վկայում է դրանց լճացման մասին։ Հայաստանի արտգործնախարարն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպեց միայն 2020 թ. հոկետմբերի վերջին Արցախյան պատերազմում հրադադար հաստատելու ամերիկյան ձախողված ջանքերի շրջանակում։ Ճիշտ է, 2019 թ. մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԱՄՆ – Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին նիստը, իսկ երկխոսության շրջանակում երկրորդ հանդիպումը կայացավ առցանց 2020 թ. սեպտեմբերի 22-ին։ Սակայն նշված միջոցառումների ժամանակ էական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում կայացած առցանց քննարկման ժամանակ հայկական կողմից համանախագահը ամերիկացի գործըկերներին է ներկայացրել սեպտեմբերի 21-ին վարչապետ Փաշինյանի հրապարակած մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, իսկ ամերիկյան կողմից համանախագահ, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթ Մուրեյը շեշտել է Հայաստանում կանանց դերի մեծացման կարևորությունը։
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից ընդամենը հինգ օր առաջ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նմանատիպ հարցերի քննարկումն ինքնին խոսուն փաստ է երկկողմ հարաբերությունների մակարդակի մասին։
ԵՄ
Հայաստան – ԵՄ հարաբերությունները Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության սակավաթիվ հաջող օրինակներից են։ Նույնիսկ 2013 թ. սեպտեմբերի 3-ին բանակցված և համաձայնեցված Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումը չհանգեցրեց հարաբերությունների խզմանը։ Արդեն 2014 թ. վերջին Հայաստանն ու Եվրամիությունը վերսկսեցին շփումները, իսկ 2017 թ. նոյեմբերին ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Եվրամիությունում շատերը գնահատեցին որպես եվրոպական և եվրասիական ինտեգրացիաները համատեղող հաջող փորձ։
2018 թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո թվում էր, թե երկկողմ հարաբերությունները զարգացման առավել մեծ հնարավորություն են ստանում։ Եվրամիությունը միշտ շեշտում էր իր՝ արժեքների վրա հենված միություն լինելու հանգամանքը, իսկ Հայաստանի նոր իշխանություններն ընդգծում էին ժողովրդավարական բարեփոխումները կտրուկ արագացնելու իրենց մտադրությունը։ Սակայն շատ շուտով պարզ դարձավ, որ միայն «Թավշյա հեղափոխություն» իրականացնելու համար Եվրամիությունից ընդհուպ մեկ միլիարդ եվրո հավելյալ օժանդակություն ստանալու Հայաստանի հույսերն անհիմն էին։

Պարզ դարձավ, որ միայն «Թավշյա հեղափոխություն» իրականացնելու համար Եվրամիությունից ընդհուպ մեկ միլիարդ եվրո հավելյալ օժանդակություն ստանալու Հայաստանի հույսերն անհիմն էին

Ինչ վերաբերում է հարաբերությունների որակական փոփոխությանը, ապա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին կարող էր փոխարինել միայն Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրելու համար Հայաստանը պետք է դուրս գար Եվրասիական տնտեսական միությունից։ Ստեղծված պայմաններում Հայաստանին մնում էր կենտրանանալ 2017 թ. ստորագրված համաձայնագրի կատարման վրա՝ հուսալով, որ Եվրամիության բոլոր պետությունները հնարավորինս արագ կավարտեն վավերացման գործընթացը։
Արցախյան պատերազմի ընթացքում Եվրամիության պահվածքն էական հարված հասցրեց այդ կազմակերպության վարկին Հայաստանում։ Եվրամիությանը հաջողվեց շատ արագ հաղթահարել բյուրոկրատական բոլոր բարդություններն ու 27 անդամ պետությունների միջև կոնսենսուսի ձեռքբերման դժվարությունները և պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների նկատմամբ՝ 2020 թ. օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններում կեղծիքների և դրան հետևած բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտումների համար։ Բավականաչափ արագ կերպով նոր պատժամիջոցներ սահմանվեցին նաև Ռուսաստանի նկատմամբ Ալեքսանդր Նավալնու թունավորման դեպքի առնչությամբ։ Մինչդեռ չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պատերազմի ընթացքում և դրանից հետո միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ կոպիտ խախտումներին՝ Եվրամիությունը մինչ օրս ձեռնպահ է մնացել այդ պետությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառումից։
Եվրամիությունը շարունակում է Հայաստանին տարատեսակ աջակցության տրամադրումը, այդ թվում Team Europe նախաձեռնության շրջանակում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Սակայն երկկողմ հարաբերություններում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ։
․ ․ ․
2020 թ. Հայաստանի արտաքին քաղաքականության համար թերևս ամենաձախողված տարին էր 1991 թ. անկախության ձեռք բերումից հետո։ 2020 թ. Հայաստանը կորցրեց 1992-1994 թթ. Արցախյան հերոսամարտի ընթացքում ունեցած բոլոր ձեռքբերումները։ Էականորեն նվազել է Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, իսկ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի հետ իրականացվող փաստացի սահմանազատման գործընթացը լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար նաև 2021 թ. առաջին ամիսների ընթացքում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.