İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռազմական գործողությունների ընթացքում Սյունիքը մնացել է առանց որևէ աջակցության. Փարսյան

Ռազմական գործողությունների ընթացքում Սյունիքը մնացել է առանց կառավարության որևէ աջակցության, միայնակ հակառակորդի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Գորիսում, որտեղ սյունեցիներին կոչ է արել անցնել «ինքնապաշտպանության»։

«Սյունիքի պաշտպանության համակարգող է նշանակվել գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Այդ ընթացքում մենք լիակատար մենության մեջ ենք հայտնվել, դա շատ բարդ ժամանակահատված էր, կառավարության ոչ մի աջակցություն չենք ստացել», – հայտարարել է Փարսյանը։

Նա տեղեկացրել է, որ Սյունիքի պաշտպանները գեներալ Դավթյանից հրահանգ են ստացել շահեկան դիրքեր զբաղեցնել ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ սահմաններից դուրս։

«Դա կարեւոր էր երկրամասի բնակավայրերի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Մենք դիրքեր ենք զբաղեցրել բնակավայրերից հեռու՝ դրանով իսկ ձեւավորելով անվտանգության գոտի», – հայտարարել է նա։ Փարսյանը տեղեկացրել է, որ չնայած աջակցության բացակայությանը, Սյունիքի կամավորները կարողացել են պաշտպանել իրենց դիրքերը՝ մեկ մետրը չզիջելով հակառակորդին։


https://verelq.am/hy/node/79044?fbclid=IwAR1Tg8HpY1-wMnyP4arH45YOvtBBSNaIaqSx3gKCXDe-WRqrj97uxt2G0IY

Yorumlar kapatıldı.