İçeriğe geçmek için "Enter"a basın

1 358 քրեական գործ՝ պատերազմում զինվորների և քաղաքացիների կատարած հանցագործությունների դեպքերով. ՔԿ

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել և քննվում է 1 358 քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Հաղորդագրության համաձայն՝ այդ գործերով մեղադրանք է առաջադրվել 425 անձի, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է 6-12 տարի ժամկետով ազատազրկմամբ), 356-րդ հոդվածի 3-րդ մասով (hրամանը չկատարելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներումպատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով):

ՔԿ-ն տեղեկացնում է նաև, որ 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:


CIVILNET

Yorumlar kapatıldı.