İçeriğe geçmek için "Enter"a basın

Դիմում եմ 2.5 տարի առաջ հրապարակում պայքարող իմ ուսանող ընկերներին. Տաթև Սողոյան

Տաթև Սողոյանը գրում է.

«Դիմում եմ 2.5 տարի առաջ հրապարակում պայքարող իմ ուսանող ընկերներին

Ընկերներ ջան, ո՞նց եք:

Ակնկալում էի ձեզ տեսնել հրապարակում: Գրեթե չտեսա: Մտածում էի՝ վրդովված կլինեք ու պատասխանատվության կկանչեք այն մարդկանց, որոնք իշխանության հասան նաև ձեր լուսավոր դեմքերի շնորհիվ:

Վստահաբար, դուք չէիք պայքարում, որ ձեր ոլորտը՝ կրթությունը, ավերվի Արայիկ Հարությունյանի կողմից: Դուք չէիք պայքարում, որ կորցնեք հայրենիքի ¼-ը: Ձեզնից ոչ ոք չէր ուզում Հայաստանը վերածել աղետի գոտու: Բայց ցավոք եղավ հենց այդպես:

Հավատացեք՝ չեմ մեղադրում: Ես էլ եմ ինչ-որ պահի դատարկ հույսեր ունեցել: Յուրաքանչյուրս ունենք սխալվելու իրավունք, հատկապես երբ դեռ երիտասարդ ենք: Բոլորդ գիտեք, որ երբեք «հեղափոխական առաջնորդի» իշխանության համար չեմ պայքարել, և երբ գիտակցել եմ, որ շարժումը վերածվում է կռապաշտության և մեզ բոլորիս տանում դեպի անդունդ (դա, ցավոք, հենց 2018-ի ապրիլի 24-ն էր), կանգ եմ առել։
Ինձ մտահոգում է, թե ինչու եմ ես հիմա այստեղ առանց ձեզ: Չէ՞ որ մենք հավասարաչափ ենք պատասխանատու մեր պետության առաջ: Ինչու՞ եմ ես բոլորիս սխալը ուղղում առանց ձեր ներկայության:

Ասում էիք՝ մենք ենք տերը մեր երկրի: Բայց մի՞թե մեկ անգամ սխալվելը բավարար էր, որ դուք թևաթափ լինեք ու հրաժարվեք հայրենիքին տեր լինելու մտքից: Էլ չե՞ք պայքարելու ձեր ապագայի համար։ Որտե՞ղ եք հիմա։Ես հասկանում եմ հոգեբանությունը: Մարդ որևէ մեծ սխալ գործելուց հետո խուսափում է որևէ նոր քայլից, որ հանկարծ նոր սխալ չգրանցի: Մինչդեռ հենց ոչինչ չանելն էլ դառնում է նոր սխալը:

Գիտեմ, որ կան նաև այլ հանգամանքներ: Գիտեմ, որ ավելի հեշտ էր 2.5 տարի առաջ վստահել նրանց, որոնք կյանքում ոչինչ չէին արել, և որոնց դուք չէիք էլ ճանաչում, քան հիմա վստահել նրան, ով մեր տարիքից մեծ քաղաքական կենսագրութուն ունի: Բայց ինչպես տեսանք, նորը միշտ չէ, որ ավելի լավն է:

Գիտեմ, որ ցուրտ է, բայց պատասխանատվություն կրելն ամենևին վայելք չէ: Գիտեմ, որ շարժման խորհդանիշներն էլ նախորդի պես գրավիչ չեն: Անհատականացված շունիկ, Լեյլա տատիկ կամ փշալարերի մոտ համբուրվող զույգեր չկան: Կորսված հայրենիք, որդեկորույս մայրեր, վիշտ ու զայրույթ՝ սա է ամենը, ինչ մնացել է:

«Ես առաջարկելու ոչինչ չունեմ՝ բացի արյունից, ծանր աշխատանքից, արցունքներից և քրտինքից»,-ասում էր Չերչիլը պատերազմական օրերին: Հիմա էլ է այդպես: Իրականությունը մեզ ոչինչ չի թողել, բացի ցրտից, պայքարից ու փոփոխության հույսից:
Իսկ առաջարկը մեկն է՝ անել դա միասին և կիսել բոլոր դժվարությունները: Եվ եթե դուք չեք հրաժարվել պետության նկատմամբ պատասխանատվությունից, ես սպասելու եմ ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ մեր փրկության ուղին բացված չէ: Կտեսնվենք»:


ԵՐԿԻՐ

Yorumlar kapatıldı.