İçeriğe geçmek için "Enter"a basın

Վերջնականացնում ենք սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը․ Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ վերջնականացնում են ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմահու ու հետմահու լուսանկարներ:

«Առավոտյան կհրապարակենք զեկույցը, հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում:

Կուզեի այս համատեքստում հատուկ ընդգծել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին: Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում, այնինչ նրանք ևս զոհ են գնացել հակառակորդի հանցագործություններին, շատերը՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»,- գրել է նա:

Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում։ Նրա հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով:

Արտակ Բեգլարյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էր 2018 թվականի հոկտեմբերի 31-ից։


CIVILNET

Yorumlar kapatıldı.