İçeriğe geçmek için "Enter"a basın

Սյունիքի մարզի տարածքից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին հայտարարված սգո օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով։ Ի թիվս այլ հարցերի՝ նա խոսել է սահմանազատման արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրության մասին։ Նա նշել է, որ կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց «դրանք լուծելի հարցեր են»։

«Ամենահրատապը, թերևս, Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներն են: Ինչպես արդեն ասել էի նախկինում, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ Հայաստանի զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ: Առավելևս՝ ստեղծում է էմոցիաներ: Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է, կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է. այս ամենը արվում է՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխքիներն ամրապնդելու համար:

Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում:

Այսօր արդեն՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է: Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Նաև՝ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները։ և համոզված եմ՝ կկարողանամ դա անել, առավելևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ: Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից, Սյունիքի՛ մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել: Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես»,- հայտարարել է Փաշինյանը։

Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ


CIVILNET

Yorumlar kapatıldı.