İçeriğe geçmek için "Enter"a basın

Նիկոլ Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի «5 մլրդ դոլար մեղադրանքի» մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ի շարս բազմաթիվ հարցերի՝ անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե իբր Ղարաբաղի շուրջ յոթ տարածքները հանձնելու համար իրեն 5 մլրդ դոլար է առաջարկվել։ Հարցազրույցի այդ հատվածը՝ ստորև։

  • Վերջերս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը [Միքայել Մինասյան] հրապարակեց տեղեկություն՝ պնդելով, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը [Արթուր Վանեցյան] հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար՝ Արցախին հարակից 7 շրջանների դիմաց: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ, այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային: Բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն՝ այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Երկրորդը, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն՝ ինչո՞ւ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա:

  • Նաև խոսել է այդ մասին, ասել է՝ այո, եղել է նման բան:
  • Եղել է և Ազգային անվտանգության ծառայության տնօրենն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել և ձերբակալելու փորձ չի՞ արել դավաճանին: Ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան: Կամ, ենթադրենք, ինքը վարչապետին ենթակա մարմնի ղեկավար էր՝ հանցագործության մասին հաղորդում չի՞ տվել Հատուկ քննչական ծառայություն կամ Դատախազություն, կամ այդ պահին հրաժարական չի՞ տվել, չի՞ գնացել, ասուլիս արել, ասել՝ վայ, դավաճանություն է տեղի ունենում: Դա հո ասելո՞վ չէ: Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ո՞վ դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել է: Հետաքննություն արեք:

Ես պատրաստ եմ, ես ժամանակին, իմիջիայլոց, այդ առաջարկը բոլորի համար եմ արել՝ թուղթ ստորագրել, լիազորագիր տալ, որ գնան, ամբողջ աշխարհում իմ և իմ ընտանիքի ունեցվածքն ստուգեն: Թող ստուգեն իմ՝ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակը արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է, որևէ կերպ:

Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը


CIVILNET

Yorumlar kapatıldı.