İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Մէջ Հանդիպում` Վարչապետի Թեկնածու Վազգէն Մանուկեանի Հետ

Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահութեան մէջ երէկ տեղի ունեցած է հանդիպում Հայրենիքի փրկութեան շարժումի վարչապետի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեանի հետ: Իր ելոյթին ընթացքին Մանուկեան խօսած է մեր երկրի ներկային ու ապագային մասին:

Վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան իր ելոյթը ամփոփած է հետեւեալ կէտերով.

  1. 2018 թուականի փոփոխութիւնների առաջին իսկ պահերից շատերը հասկացան, որ մեր երկիրն այն ճանապարհով չի գնում, որը կը բերի զարգացում եւ առաջխաղացում: Ընդհակառակը, կառուցւում էր ոստիկանական պետութիւն, ազգային արժէքները ոտնահարւում էին, հարուածներ էին ստանում Արցախի եւ Հայաստանի բանակները: Ի վերջոյ ստացանք պատերազմ:
  2. Պատերազմի սկիզբն այն պահին չէր, որ պէտք է լինէր: Պատերազմի ընթացքին այնպիսին չէր, որ պէտք է լինէր: Պատերազմն այսպէս չէ, որ պէտք է աւարտուէր եւ նոյնիսկ պատերազմի աւարտը չէր համապատասխանում այն փաստաթղթին, որը ստորագրուեց: Այս ամէնը կարելի է համարել պատահականութիւնների, տգիտութեան, բնաւորութեան հետեւանք, բայց սովորաբար այդքան զուգադիպութիւններ չեն լինում:
  3. Մենք ունեցանք հսկայական մարդկային ու տարածքային կորուստներ: Բայց մենք մի ուրիշ հիմնական կորուստ էլ ունեցանք` մեր ինքնավստահութիւնը: Առաջ Հայաստանն այս տարածաշրջանում մի պետութիւն էր, որի հետ հաշուի էին նստում: Հիմա այդ ամէնը զերոյացաւ:
  4. Պատերազմի աշխուժ մասն աւարտուեց, բայց պատերազմը դեռ շարունակւում է: Դրա մասին են վկայում նաեւ վերջին գերեվարութիւնները, տարածքային կորուստները: Տպաւորութիւն է, որ մենք չունենք բանակ եւ պաշտպանութիւն:
  5. Այս իշխանութիւնը պէտք է հեռանայ: Եթէ չհեռանայ, Հայաստանն ամէն օր նոր կորուստներ է ունենալու:
  6. Ոչ մի երկիր չի նստի լուրջ բանակցութիւնների նման ղեկավարի հետ, էլ ուր մնաց Ազրպէյճանի ղեկավարութիւնը: Նրանց կողմից հիմա միայն ծաղր ու արհամարհանք է, ուրիշ ոչինչ:
  7. Երկիրն այս աղէտին հասցրած մարդը շարունակում է կառչած մնալ իր աթոռին: Նա վախենում է այն պատասխանատուութիւնից, որը պէտք է կրի աթոռից հրաժարուելուց յետոյ:
  8. Շարժումը փորձում է հասնել իշխանութեան հեռացմանը: Շատերը նոյնիսկ դժգոհ են, որ շարժումը վճռական քայլերի չի գնում: Մինչդեռ մարդկանց մի զգալի մասը շատ վճռական է տրամադրուած:
  9. Ժողովրդի մի մասը ընկճուածութեան մէջ է, եւ չի կարելի նրան մեղադրել: Նրան հասցրել են այդ վիճակին: Ժողովրդի մի հսկայական հատուած էլ դէմ է այս իշխանութեանը, բայց եռանդուն կերպով չի մասնակցում ցոյցերին:
  10. Մի շահարկում կայ` եթէ Նիկոլը գնայ, գալու են «հները»: Այս տարիների ընթացքում նախկին իշխանութիւնների նկատմամբ այնպիսի ատելութիւն է սերմանուել, որ զարմանալի ձեւով մարդկանց համար նոյնիսկ հայրենիքի կորուստն աւելի ներելի է, քան հների վերադարձը:
  11. Ուժի միջոցով իշխանութիւն փոխելը դժուար չէ, բայց պէտք է ձեւաւորել օրինական իշխանութիւն, որի հետ աշխարհը հաշուի կը նստի:
  12. Ինչո՞ւ պէտք է ձեւաւորուի ժամանակաւոր կառավարութիւն: Եթէ մարդը հայրենիք կորցնելուց յետոյ չի հեռանում, նա ազատ ու արդար ընտրութիւններ երբեք չի կազմակերպի:
  13. ժամանակ է պէտք, որ հայաստանեան կուսակցութիւնները ոտքի կանգնեն ու պատրաստուեն արտահերթ ընտրութիւնների: Ժամանակաւոր կառավարութիւնը կը տայ դրա հնարաւորութիւնը:
  14. Մէկ տարին պէտք է, որ նոր կառավարութիւնը կայունացնի երկրի վիճակը, արագօրէն լուծի հրատապ հարցերը եւ համախմբի բոլոր ուժերին:
  15. Այդ մէկ տարում պէտք է դրուեն նաեւ Հայաստանի ապագայ ընթացքի հիմքերը: Ի՞նչ պետութիւն ենք ուզում կառուցել, ո՞րն է մեր գաղափարախօսութիւնն ու տեսլականը:
  16. Ինձ համար կարեւոր ու առաջնային են բանակն ու կրթութիւնը: Եթէ ուզում ես ազգային, ժողովրդավարական պետութիւն կառուցել, պիտի ունենաս ուժեղ բանակ եւ համարժէք կրթութիւն:

Aztag Daily

Yorumlar kapatıldı.