İçeriğe geçmek için "Enter"a basın

Որն էր պատերազմից խուսափելու տարբերակն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախքան պատերազմը հասել էր մի կետի, երբ Արցախի 7 շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց: Այդ մասին նա ասել է «Ազատության» հետ զրույցում։

«Եվ պատերազմից խուսափելու տարբերակը, ըստ էության, Ղարաբաղի հետագա կարգավիճակից հրաժարվելն էր: Եվ մեզ առաջնորդում էր այն պարզ գիտակցումը, որն այսօր գործնականում ապացուցվում է՝ որ ցանկացած բան, որն ընդունելի է դառնում Հայաստանի համար, անընդունելի է Ադրբեջանի համար, և Ադրբեջանը ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը: Եվ, ըստ էության, իրավիճակը հասել էր մի կետի, երբ պատերազմն անխուսափելի էր: Պատերազմն ուղղակի անխուսափելի էր»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ «պատերազմից խուսափելու տարբերակը հանձնվելն է»:

«Գիտեք ինչ, մենք փորձ էինք անում և պիտի փորձ անենք տեր կանգնել մեր իրավունքներին: Որովհետև հակառակը ուղղակի հանձնվելն է: Պատերազմից խուսափելու տարբերակը հանձնվելն է: Եթե մենք համարում ենք, որ հանձնվելը պատերազմից խուսափելու ճիշտ տարբերակ էր, ուրեմն, այո, մենք սխալ ենք արել, որ չենք հանձնվել»:

Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ եթե անգամ բանակցությունների միջոցով Ադրբեջանի վերահսկողությանը հանձնեին Արցախի շրջաններից որոշները, կոնֆլիկտը չէր հանգուցալուծվի․ «Մենք էլի կանգնելու էինք պատերազմը Ձեր ասած՝ ավելի վատ կետից շարունակելու անհրաժեշտության առաջ»: Ըստ կառավարության ղեկավարի՝ այս սցենար դեպքում հնարավոր է, որ խաղաղապահները չմտնեին Ղարաբաղ։

«Ո՞վ է ասել, որ խաղաղապահները գալու էին այդ պարագայում: Կամ եթե խաղաղապահները գալու էին, եկել են արդեն խաղաղապահները, մենք Խծաբերդ-Հին Թաղերում խուսափեցի՞նք պատերազմից, խուսափեցի՞նք մարտական գործողություններից: Այնտեղ են չէ՞ խաղաղապահները: Բա ինչո՞ւ չենք խուսափել մարտական գործողություններից: Եվ, իմիջիայլոց, ասեմ՝ խաղաղապահների հետ կապված ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև խաղաղապահների ամենատարբեր կոնֆիգուրացիաները կարող էին ամենատարբեր ռեակցիաներ առաջացնել տարածաշրջանում, և որոշակի կոնֆիգուրացիաներով խաղաղապահների հայտնվելը կարող էր ավելի մեծ պատերազմ առաջացնել մեր տարածաշրջանում»:

Վարչապետը հիշեցրել է, որ պատերազմի ընթացքում այն դադարեցնելու ուղղությամբ տարվել են աշխատանքներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մասնակցությամբ։

«Այդ ընթացքում ես խոսել եմ ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել և ասել եմ, որ պատրաստվում եմ այսպիսի առաջարկներ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հրավիրել եմ քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այդ բոլոր առաջարկներն արվել են, այդ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և այս քննարկումների համատեքստում նորից պարզվել է նույնը՝ որ այն, ինչ ընդունելի է դառնում Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը պատրաստ է ընդունել, Ադրբեջանը չի ընդունում, չի ընդունել»,- նշել է Փաշինյանը։

«Եվ տեսեք՝ այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն, այստեղ էլ հակասություն կա այդ մեղադրանքի մեջ: Որովհետև մի դեպքում ասվում է՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը հանձնելու թուղթ ստորագրելը դավաճանություն է, մյուս կողմից ասվում է՝ ինչո՞ւ ավելի շուտ դա չէր արվում: Եվ ընդհանրապես այդ մեղադրանքների ներքին հակասությունները շատ կարևոր է պարզաբանել: Այսինքն՝ պատերազմը կանգնեցնելու համար Լաչինը, Քելբաջարը, Աղդամը հանձնելը սխալ էր, բայց Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին հանձնելը ճիշտ կլիներ: Այդ բոլոր փորձերն արվել են: Այդ բոլոր փորձերն արվել են»։

«Ազատություն» լրագրողը վարչապետին հիշեցրել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե ինքը պատերազմի 4-րդ օրը զեկուցել է հայկական կողմի անխուսափելի պարտության մասին։ Փաշինյանն ասել է, որ այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ․ «Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ նպատակ ունեին պատերազմը կանգնեցնել հայկական կողմի համար բարենպաստ կետում։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ ինքը եկել է և «բանակը գլխատել», գործադիրի ղեկարավն ասել է․ «Բանակում մեր իշխանության օրոք ոչ մի նոր մարդ չի հայտնվել: Ոչ մի նոր մարդ: Եվ բոլոր պաշտոնյաները, ովքեր գործում են, բոլորը՝ Պաշտպանության բանակի այսօվա հրամանատարը նախկինում եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Մարդիկ են ղեկավարում բանակը, ովքեր, ըստ էության, բանակի ակունքներից են գալիս:


CIVILNET

Yorumlar kapatıldı.