İçeriğe geçmek için "Enter"a basın

Համանախագահները պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել բարձրացված հարցերի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել Երևանում և Բաքվում իրենց հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Մինսկի խմբի՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան տարածած հայտարարությունում։ Հայտարարությունը թարգմանաբար՝ ստորև։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դեկտեմբերի 14-ին հայտարարություն են տարածել Բաքու և Երևան կատարած այցերի արդյունքով:
Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը դեկտեմբերի 12-ին և 13-ին այցելել են Բաքու և դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ Երևան: Բաքվում նրանց ընդունլ է նախագահ Ալիևը և արտգործնախարար Բայրամովը։ Երևանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը և արտգործնախարար Այվազյանը։ Ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ Բաքու մեկնելու անհնարինության կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացրել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, Իսկ Երևանում ՝ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը: Համանախագահները հանդիպել են նաև ԿԽՄԿ ներկայացուցիչների և տարածաշրջանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է բոլոր նիստերին։
Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրել են իրենց գնահատականը տեղում տիրող իրավիճակին և իրենց ակնկալիքներն են հայտնել համանախագահների հետ առաջիկա տարվա փոխգործակցության վերաբերյալ: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները վերահաստատեցին իրենց շարունակական հանձնառությունը կողմերի հետ կառուցողական փոխգործակցությանը՝ տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու և մնացած հարցերը լուծելու նպատակով: Համանախագահները նաև պարտավորվել են կոնկրետ առաջարկներ ներկայացնել հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ՝ կողմերի միջև հետագա քննարկումների համար:
Հիշատակելով վերջին հաղորդագրությունները միջադեպերի մասին, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել՝ համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց պարտավորություններին համապատասխան։ Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ավարտել բոլոր ձերբակալվածների փոխանակումը և արագացնել աճյունների նույնականացումն ու հայրենադարձումը՝ ԿԽՄԿ-ի հետ համատեղ:
Հղում անելով ԵԱՀԿ նախարարների դեկտեմբերի 3-ին Տիրանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը՝ համանախագահները կրկին հայտարարում են իրենց միասնական դիրքորոշման մասին՝ ի նպաստ բոլոր մնացած հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման։ Համանախագահները և կողմերը կարևորել են հրահրիչ հռետորաբանության նվազումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար։ Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար:


CIVILNET

Yorumlar kapatıldı.