Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ նշելով, որ հարկ է համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշման շարժառիթները: Գրառման մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար»։
Հարությունյանը գրառմանը կից ներկայացրել է տեսանյութ:
Հայաստանը և Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը: Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 44 ռազմագերի:
Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։
Yorumlar kapatıldı.