İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի վաղվա մեծ մարտահրավերները

Eric Hacopian | Էրիկ Հակոբյան

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի ապագա մարտահրավերներին։ Նա նաև խոսում է այն մասին, թե ինչ կնշանակի հետպուտինյան Ռուսաստանը Հայաստանի համար, թե ինչպիսի Ադրբեջան կարող է լինել 30 տարի անց, և ինչպես կարող է փախստականների և կլիմայական ճգնաժամերը ազդել Հարավային Կովկասի վրա:

  • Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհեռանա իշխանությունից։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կանդրադառնա անցումը դեպի հետպուտինյան Ռուսաստան հայ-ռուսական հարաբերությունների վրա։

  • Չգիտենք։ Ռուսաստանը բացառիկ բարդ երկիր է։ Ընդհանուր առմամբ, քաղաքական անցումները այն երկրներում, որոնք չնայած շատ մեծ են, սակայն իրականում ունեն մեկ վերջնական որոշում կայացնող անձ, կարող են շատ դժվար լինել։ Նման երկրներում այդ անցումները գրեթե երբեք սահուն չեն լինում։ Կգա պահը, Պուտինը կհեռանա և, հավանաբար, կնշանակի իր հետնորդին։ Նման համակարգերում հետնորդների խնդիրն այն է, որ նրանք չունենալով առաջնորդի նախասզկբնական հեղինակությունը, առանձնապես ուժեղ կերպարներ չեն։ Ռուսաստանը նաև փոխվում է այն իմաստով, որ թեև մեծերի սերնդին ձեռնտու էր Պուտինի բերած կայունությունը, երիտասարդ սերունդը հավանաբար կցանկանա ունենալ ավելի ժողովրդավար երկիր։

Հայաստանը պետք է հաղորդակցության ալիքներ և լավ հարաբերություններ ունենա Պուտինի, նրա ներքին շրջանակի, հավանական հետնորդների, ինչպես նաև անհատների լայն շրջանակի հետ՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ ՀԿ-ների մակարդակում և ուղեղային կենտրոններում։ Բայց պետք է հարաբերություններ ունենաս նաև լիբերալ ընդդիմության հետ, որովհետև պատերազմի ընթացքում Արցախի հարցում Հայաստանի մտահոգությունների նկատմամբ Ռուսաստանում ամենաթերահավատը լիբերալներն էին, ոչ թե հին, պահպանողական էսթաբլիշմենթը։ Լիբերալներն էին կարծում, որ Հայաստանը շատ ազգայնական է, և այլն։

Ուստի մենք պետք է աշխատանք տանենք ռուսական հանրային կարծիքի ուղղությամբ և հարաբերություններ ունենանք այդ հանրության բոլոր շերտերի հետ, որովհետև, հակառակ գոյություն ունեցող կարծրատիպերի, ռուսական հանրությունը շատ առումներով բավական դինամիկ է։

  • Ռուսաստանում վարչակարգի փոփոխությունը որևէ կերպով կարո՞ղ է ազդել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կայունության վրա։ Ապահո՞վ է համաձայնագիրը։

  • Ամենայն հավանականությամբ՝ այն ապահով է։ Ռուսաստանն անցած դարում անցել է մեծ պետական փլուզումների միջով։ Ռուսաստանը սովորական երկիր չէ, բայց նորմալին մոտ երկիր է, ուստի այդ կարգի փոփոխությունների և համակարգային լիակատար փլուզման հնարավորությունը շատ փոքր է։ Սակայն դրան ևս պետք է պատրաստ լինել։ Եթե մեկ դարում նման բան տեղի է ունեցել երկու անգամ, երրորդը ևս անհավանական չէ, սակայն այժմ նման բան քիչ հնարավոր է։

  • Աշխարհը կանգնած է մի քանի ճգնաժամերի առջև՝ կլիմայական, միգրացիոն ճգնաժամեր, արևմտյան երկրներում՝ փախստականների ճգնաժամը, և օրինակ, ածխաջրածնային տնտեսության ավարտը։ Ո՞րն է Հայաստանի տեղն այս ամենում։

    • Հայաստանն այսպես, թե այնպես դրա մեջ է այն իմաստով, որ շրջապատված է այդ խնդիրներն ունեցող երկրներով։ Մենք դրա կենտրոնում չենք։ Այդ բոլոր երեք ճգնաժամերը՝ կլիմայի փոփոխություն, միգրացիա և ածխաջրածնային տնտեսության ավարտը, փոխկապված են իրար, մեկը հանգեցնում է մյուսին։ Որքան խորանա կլիմայի փոփոխության ճգնաժամը, այնքան կմեծանա ճնշումը հրաժարվելու ածխաջրածնային էներգիայից, ինչը կազդի մեր տարածաշրջանի երկրների տնտեսության վրա։

Պետք է նայել այն պետություններին, որոնք իրենց եկամուտի 80-90 տոկոսը ստանում են նավթից կամ ածխաջրածնային աղբյուրներից, ինչպիսիք են Իրաքը, Ադրբեջանը։ Եթե առաջիկա ութ-տասը տարում նավթի գները մնան ներկայիս մակարդակի վրա, բոլոր այս երկրները խնդիրների առաջ կհայտնվեն, կունենան քաղաքական վայրիվերումներ և կաղքատանան։

Մերձավորարևելյան որևէ երկրում փլուզումը… մենք տեսանք, թե ինչ եղավ Սիրիայից ութ միլիոն փախստականների դեպքում, ինչ ազդեցություն ունեցան նրանք Թուրքիայից մինչև Շվեդիա և եվրոպական այլ երկրների քաղաքականության վրա։ Եթե այդ իրավիճակը բազմապատկվի մի քանի փլուզված պետություններով, այն կդառնա մեր ժամանակների գլխավոր խնդիրը։

  • Ինչպիսի՞ Ադրբեջան կտեսնենք քսան-երեսուն տարի անց, և ի՞նչ կնշանակի դա Հայաստանի ու Արցախի համար։

  • Նախևառաջ, հետխորհրդային պետությունները տարբերվում են այլ երկրներից։ Ադրբեջանը չի կարող դառնալ Սիրիա։ Հետխորհրդային այս բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խնդիրն այն է, որ չկան մեղմացնող շահեր (mitigating interests), մեղմացնող ինստիտուտներ, ուսանողական շարժումներ, չկա ազատ ընդդիմություն և ազատ խոսք։ Փոխարենն ունես ընտանեկան, կլանային իշխանություն։

Ադրբեջանում փոփոխությունների համար երեք հնարավոր տարբերակ կա՝ առաջինը հայկական թավշյա հեղափոխության ոճի հեղափոխությունն է, որը շատ քիչ հավանական է։ Ոչ թե որ ադրբեջանցիները հեղափոխություն չեն ուզում, այլ որովհետև Հայաստանի նախկին իշխանությունների օրոք առկա ընդդիմության մակարդակը Ադրբեջանում թույլատրված չէ որևէ սցենարով, ուստի ո՞վ կարող է առաջ գալ՝ առաջնորդելու նման մի շարժում։ Սա ամենաանհավանական տարբերակն է։ Երկրորդ հավանական տարբերակը իշխանության անցումն է մեկ այլ կլանի կամ մի ռազմական ղեկավարի, սակայն ամենահավանական տարբերակը երրորդն է՝ Ալիևյան ներկա կլանի շարունակությունը։ Եվ եթե Ալիևները շարունակեն կառավարել առաջիկա տասնամյակում, նրանք ավելի երկար կառավարած կլինեն Ադրբեջանում, քան Փահլավիների դինաստիան՝ Իրանում։

Ուստի, ամենահավանական սցենարը՝ քսան տարվա ընթացքում կունենանք նույն մարդկանց կամ ընտանիքի կողմից ղեկավարվող, սակայն ավելի աղքատ Ադրբեջան, քանի որ երկիրը հեռանում է ածխաջրածնային տնտեսությունից։ Եվ սա կապ չունի միայն նրանց հետ, այլ համընդհանուր երևույթ է։ Նավթ արդյունահանող բոլոր երկրները կկանգնեն այս խնդրի առջև։ Ադրբեջանը կլինի ավելի աղքատ, նվազ ազդեցիկ և, ամենայն հավանականությամբ, ավելի բռնատիրական։

  • Ոմանց կարծիքով՝ Հայաստանի շահերից է բխում, որ Ալիևների վարչակարգը շարունակի իշխանավարել Ադրբեջանում, քանի որ եթե Ալիևը հեռանա, ավելի ազգայնական ու միլիտարիստական մեկը կգա իշխանության։ Ի՞նչ կասեք այս մասին։

  • Պատմությունը լի է ճակատագրի հեգնանքներով։ Քսանհինգ-հիսուն տարի անց պատմաբանները ետ նայելով՝ եզրակացնելու են, որ Ադրբեջանի՝ ղարաբաղյան պատերազմում հաղթանակի արդյունքում ամենաէական բանը ոչ թե ինքնին Ադրբեջանի հաղթանակն էր, այլ այն, որ դա թույլ տվեց Ալիևների կլանին Ադրբեջանը կառավարել ածխաջրածնային տնտեսության մայրամուտի երկու տասնամյակում։ Դա նշանակում է, որ իշխանության գլխին էին մարդիկ, որ ամենաքիչն էին շահագրգռված նոր տնտեսություն ստեղծելով կամ չունեին դրա ունակությունը։ Նրանք պարզապես կիշխանավարեն՝ վերցնելով մինչև վերջին նավթադոլարը, իսկ երկրի ռեսուրսները աստիճանաբար կնվազեն, և այն չի կարողանա հարմարվել նոր աշխարհակարգին։

Հանուն արդարության պետք է նշել, որ ոչ մի երկրում նման անցումը հաջողությամբ չի պսակվել, սա շատ դժվար է անել։ Երբ գումար ես աշխատում՝ զուտ նավթահորեր փորելով, և այն շատ շահավետ է, շատ դժվար է արդարացնել արդյունաբերության այլ ոլորտները։ Չնայած նավթարդյունաբերության դեպքում նավթի արդյունահանումը նվազում է ամեն տարի, իսկ ծախսերը՝ աճում, արդյունահանման ծախսը մեկ բարելի համար Ադրբեջանում 20-25 դոլար է։ Ի համեմատություն՝ Սաուդյան Արաբիայում այդ ծախսը դրա մեկ քառորդն է, որովհետև որտեղ փորես, նավթ է դուրս գալիս։ Իսկ Ադրբեջանում առկա է այսպես կոչված «հորատման երկրորդ մակարդակ», երբ պետք է ներդնել ջրային և բազմաթիվ այլ ռեսուրսներ՝ նավթ արդյունահանելու համար։

Ուստի, ամենայն հավանականությամբ, առաջիկա քսան տարում ևս Ադրբեջանում կիշխի ներկա վարչակարգը՝ որոշ փոփոխականներով։

  • Մեր պետությունը և արտաքին քաղաքական թիմը պատրա՞ստ է զբաղվել այս հարցերով, և ինչպե՞ս պետք է հայ հանրությունը առերեսվի ակնկալվող իրադարձություններին։

  • Ինստիտուցիոնալ առումով, մեր պետական կառույցները ի վիճակի չեն նույնիսկ մեկ շաբաթվա կտրվածքով առաջ նայել, ուր մնաց՝ քսան տարի։ Կարծում եմ՝ այս պահին սա ձախողում է։ Սակայն տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ առաջ են տանում ուղեղային կենտրոնի ստեղծման, ուղեղային աշխատարանների ստեղծման գաղափարը։ Եթե սրանք առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում իրականանան, ապա կարող ես պետության համար անել այն, ինչ ինքն ի վիճակի չէ անել իր համար՝ երկարաժամկետ առումով մտածել։ Ուստի, այդ մակարդակում պետությունը պատրաստ չէ, բայց հանրությանը կարելի է պատրաստել։

Հետաքրքիր է նաև այն, որ, օրինակ, Եվրոպայի ամենամեծ խնդիրը, որը նաև կարող է ազդեցություն ունենալ մեզ վրա, գալիս է ոչ թե Մերձավոր Արևելքից, այլ Աֆրիկայից։ Աֆրիկայի այժմյան բնակչությունը 1,1 – 1,2 միլիարդ է, առաջիկա քսան տարում այդ թիվն էապես կմեծանա։ Եթե այդ մարդկանց անգամ երկու տոկոսը որոշի գնալ Եվրոպա, դա, ամենայն հավանականությամբ, կքանդի ԵՄ-ն, եվրոպական քաղաքականությունը դրամատիկ կերպով կտանի դեպի աջ, ինչը կազդի Եվրոպայի և աշխարհի այս մասի երկրների հարաբերությունների վրա։

Ուստի, այս բոլորը փախկապված են և էական ազդեցություն կարող են ունենալ մեզ վրա։ Հանրային տեսանկյունից այն երկրները, որոնք մշակութային առումով ավելի ներդաշնակ են, օրինակ՝ Իրանը, Ճապոնիան, Հայաստանը, Իսրայելը, որտեղ չկան Արևմուտքի մշակութային էական պատերազմները, ավելի լավ դիրքում են այս հարցերի լուծման համար։ Աշխարհի այն մասի երկրները, որոնք միշտ ակնկալում են վատ իրադարձություններ, ավելի լավ դիրքում են՝ այս խնդիրներին դիմագրավելու առումով, քան Արևմուտքի երկրները, որոնք նման բաների չեն սպասում։ Ուստի, մշակութային հանգամանքներից ելնելով՝ մենք ավելի լավ կդիմագրավենք այս խնդիրներից որոշներին, քան այլ երկրներ։

Բայց առաջիկա քսան տարում մեր առաջ ծառացող մարտահրավերներին առերեսվելը պահանջելու է լուրջ մտածողություն և պլանավորում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի


CIVILNET

Yorumlar kapatıldı.