İçeriğe geçmek için "Enter"a basın

Ունենք իշխանություն, որը պարտվել է և ուզում է պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել «5-րդ ալիք» հեռուստատեսությանը, խոսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին։ Քոչարյանի հարցազրույցից առանձին մտքեր՝ ստորև։

– Դառը ճշմարտությունն այն է, որ ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց ժողովրդին։

– Հայաստանի իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար [․․․] Առաջինը՝ բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ նույնիսկ համանախագահողները չէին հասկանում՝ Հայաստանն ինչ է ուզում։ Եվ ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի հնարքներ է հորինում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։ […] ըստ էության` հայկական կողմը, մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավական հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։ Մենք մեր հայտարարություններով փոխեցինք, ըստ էության, և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ։ […] «Արցախը Հայաստանն է և վերջ»-ը մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ, տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։  

– Տավուշում հրահրած սահմանային կոնֆլիկտը։ Այո’, մեր կողմից հրահրած, հյուսիսում։ Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր,  եթե ոչ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կո՞ւլ են տալու։

– «Նոր պատերազմ, նոր տարածքներ»․ պաշտպանության նախարարի [Դավիթ Տոնոյան] այդ թեզը որևէ առնչություն ունե՞ր գլխավոր շտաբի կարծիքի հետ, թե՞ չուներ։ Իրենք իրար հետ գոնե քննարկո՞ւմ էին մեր հնարավորությունները, թե՞ չէին քննարկում։ Ըստ էության, մենք հնչեցրել ենք պաշտպանության նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։  

– Այս ամենը [«Արցախը Հայաստան է և վերջ», Տավուշի սահմանային միջադեպը, «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը] համադրության մեջ ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական  ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել։ Իսկ եթե այդպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը։ 

– Այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը լինի իշխանություն, մենք  այդ ճշմարտությունը [իշխանությունը գիտակցաբար է պատերազմն անխուսափելի դարձրել, թե ոչ] չենք  իմանա։

– Այո՛, հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, հնարավոր էր կանգնեցնել։ Վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը [որ հայկական ուժերը պատրաստ չեն դիմակայել այս պատերազմում]: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան 10 հազար վիրավոր ունենալուց հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով: 

– Պետք է խոսեմ այն ստերի մասին, որոնք հրամցնում էին մեր ժողովրդին: Առաջին օրից, որ մենք հաղթում էինք, եթե մի տեղ հետ ենք գնացել, ապա տակտիկական նահանջ էր, թշնամուն օղակ մտցնելու և հետո ջախջախելու համար․ այդ սուտը բանակը չէր տարածում, Արծրունն էր հնչեցնում զինվորական հագուստով, այդ սուտը ես գիտեմ որտեղ էր պատրաստվում։ Հիմա գերագույն գլխավոր հրամանատարը իր հորինած ստերի գերին էր դարձել։ Հիմա պատկերացրեք, եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է, կասեր՝ ճիշտ որոշում կայացրեց և ճիշտ պահին, բայց երբ որ քո ամբողջ քարոզչական մեքենան ասում է, որ մենք հաղթում ենք, մենք Գետաշենում ենք, մենք Շահումյանում ենք, և այդ հաղթարշավի մեջ գտնվող երկրի ղեկավարը հանկարծ ասում է՝ հոպ, զիջումներով մի պայմանագիր է ստորագրում, իհարկե՝ ասելու էին դավաճան է: Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որը իրականության հետ կապ չուներ, և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես գերի դարձել քո ստերին:

– Եթե ես լինեի [իշխանության], պատերազմը չէր սկսվի: Չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ,- նա ի դեպ խելոք մարդ էր,- ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին:

– Մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին, թե՝ լավ չեք արել, էս չեք արել, էն չեք արել: Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել:

– Պատմության մեջ ես հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեյնը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։  

– Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք, թե էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։

– Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը [անցումային վարչապետի] կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։ 

https://www.civilnet.am/news/2020/12/05/%D5%88ւնենք-իշխանություն-որը-պարտվել-է-և-ուզում-է-պարտությունը-փաթաթել-ժողովրդի-գլխին%E2%80%A4-Ռոբերտ-Քոչարյան/411695

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın