İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ․ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հարցադրում է արել․ «Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ»: Փաշինյանի գրառումը՝ ստորև։

«Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով և հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնել և նորանոր պահանջներ է առաջ քաշել:

Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ, որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:

Ուրեմն՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների: 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի է ունեցավ քառօրյա պատերազմը:

Ադրբեջանը ձևակերպեց իր վերը հիշատակված պահանջները, ընդ որում՝ անկախ նրանից, բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ադրբեջանի պահանջները և դրանց կատարումը ՄԽ համանախագահների կողմից հընթացս դարձան առաջնահերթության նման մի բան, որովհետև այլընտրանքը պատերազմն էր:

2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով, ես բնականաբար սա արձանագրել եմ: Եվ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:

Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:

Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:

Որևէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:

2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: Եվ էս նոր պահանջների կոնտեքստում, կրկին պատերազմի հավանականության մեծացում:

Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է, չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին:

Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի:

Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր՝ 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու»:

Հիմա լավ, բա ի՞նչ պետք է անենք: Պետք է ատամ-ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարևոր խնդիրը գերիների, անհետ կորածների և հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի:

Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Նա տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսևորումները արդեն եղել են:

Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:

Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու:

Ով ինչում է մեղավոր և ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու վրա: Սրանում համոզված եմ:

https://www.civilnet.am/news/2020/11/29/Ինչը-պիտի-այլ-կերպ-լիներ-որ-այսպես-չլիներ%E2%80%A4-Նիկոլ-Փաշինյանի-բացատրությունը/410582

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın