İçeriğe geçmek için "Enter"a basın

Շուշին. պատերազմի իմ չգրված նոթատետրից

Թաթուլ Հակոբյան

Հոկտեմբերի առաջին օրերին Շուշիի համանուն հյուրանոցի շքամուտքին ինձ մոտեցան Կալաշնիկովը ձեռքներին մի քանի տղաներ: Նրանցից մեկն ասաց.

– Մենք Նոյեմբերյանի ոստիկաններ ենք: Քեզ ճանաչում ենք,- ասաց նրանցից մեկը:

Շատ կարճ խոսեցինք, քանի որ շտապում էին հանդիպման: Շատ անհանգիստ օր էր:

Իմ Ջիփով իջա Ստեփանակերտ: Կարճ ժամանակ անց տեղեկացա, որ հրթիռներից մեկը խփել է Շուշիի մշակույթի պալատի ուղիղ մեջտեղում: Զոհվել էին մի քանի, հետո ասացին՝ մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Նրանց մեջ էր մի ոստիկան մեր հարևան Բերդավան գյուղից:

Երբ ադրբեջանցիները սկսեցին անդադար հրթիռակոծել Ստեփանակերտը, ես որոշեցի գիշերել Շուշիում, քանի որ չէի հաշտվում ապաստարանում քնելու մտքի հետ: Եթե գոնե երկու ժամ, ապա պետք է այդ երկու ժամը հանգիստ քնեմ, իսկ ապաստարանում տասնյակ մարդկանց կողքին չէին պատկերացնում: Մտածում էի, որ Շուշին ավելի ապահով է:

Պատերազմի առաջին օրերից զգում էի ամենասարսափելին, սակայն մղձավանջային երազում անգամ չէի պատկերացնում Շուշիի անկումը: 

Պաշտոնական լրատվությունն ինձ նյարդայնացնում էր, իսկ ռազմական դրության վիճակը՝ խանգարում աշխատել: Կար նաև ֆեյսբուքի հայկական հանրապետության իրականությունը, որտեղ ամենասթափ ու խոհեմ մարդիկ, այդ թվում իմ հարյուրավոր ընկերներ, դարձել էին պաշտոնական կեղծիքի գերիները: Նրանք հարձակվում էին քո վրա, քեզ համարում պարտվողական, խուճապ տարածող, հայրենիք չսիրող, անգամ՝ դավաճան: 

Երբ Ստեփանակերտի հետ հավասար սկսեցին հրթիռակոծել նաև Շուշին, բերդաքաղաքում գիշերելը ևս դարձավ վտանգավոր: 

Արդեն հոկտեմբերի կեսերն էր: Հայկական ուժերը գրեթե բոլոր ուղղություններով նահանջում էին: Ընդհանրապես, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ադրբեջանա-թուրք-ջիհադիստական կողմը ուներ առավելություն գետնի վրա և հատկապես օդում: Թեև պաշտոնապես հաղորդում էին, որ մերոնք հաջողություններ են գրանցում, և դրան հավատում էր հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, իրականությունը բոլորովին այլ էր: 

Ջեբրայիլը, ապա Խուդաֆարինի ջրամբարը հետ վերցնելու մասին խոսակցույթունը այս պատերազմի ամենամեծ կեղծիքներից էր: Դրան հավատում էին անգամ քարտեզ իմացող հայերը: Ինչպե՞ս էր հնարավոր դա, երբ հակառակորդի ուժերը հասել էին Իշխանաձոր և Ղուբաթլու: 

Պատերազմի ամեն օրը ես խորը տագնապի ու մտահոգության մեջ էի: Ճակատի տարբեր հատվածներից ստացվող լուրերը, հազարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվությունը և Հայաստանի իշխանությունների ֆեյսբուքյան շոուներն ու անպատասխանատու կեցվածքը հույսի շող չէր թողնում: 

Շուշիի հյուրանոցի իմ սենյակից ուշ երեկոյան վայբր կապով զանգահարում եմ ռազմական փորձագետ ընկերներից մեկին: Ես գիտեմ Հայաստանի ու Արցախի ամեն մի գյուղը, գիտեմ աշխարհագրությունը, պատմությունը, մարդկանց, տասնյակ անգամներ եղել եմ այս կողմերում, հողն ու ջուրն եմ զգում, սակայն ռազմական ոլորտից շատ բան չեմ հասկանում: Նա ինձ բացատրում է, որ ադրբեջանցիները Հակարի գետի երկայնքով, ապա Բերձորով նպատակ ունեն շարժվել դեպի Շուշի: Հավատս չի գալիս՝ ինչպե՞ս թե: Սակայն գիտեմ, որ նրանք հասել են Աղավնատուն գյուղի մոտ, որը Բերձորի անցակետից 15-20 կիլոմետր է հեռու: Այսինքն, նրանց ծրագիրը Շուշին գրավելն է: 

Հադրութը արդեն ընկել է, ադրբեջանական ուժերը ներթափանցել են անտառներ և մի քանի տասնյակ ու հարյուր հոգանոց խմբերով շարժվում են դեպի Շուշի: Երևանում պաշտոնական լրատվությունը ներկայացնում է քարտեզ, որը ծաղր ու ծանակ է քարոզչությունից արբած ու մոլորյալ հայ ժողովրդի հանդեպ: Իրականությունը բացարձակ այլ է, բայց ռազմական դրությունը, պատերազմական քարոզչությունն ու ֆեյսբուքի հայկական հանրապետությունը փակում են բերանդ, թույլ չեն տալիս ներկայացնել օր-օրի մոտեցող աղետը, սթափեցնել խորը թմբիրում գտնվող հայրենակիցներիդ: 

Հոկտեմբերի երրորդ տասնօրակն է: Երեկոյան 11-ի կողմերին սկսվում է Ստեփանակերտի և Շուշիի հերթական ուժգին հրթիռակոծությունը: Շուշիի հյուրանոցի իմ համարից իջնում եմ ցած: Ճաշարանում հանդիպում եմ սփյուռքահայ իմ ծանոթներից մեկին և երևանցի մի քանի կամավորների: Թեյ ենք խմում, մինչ կավարտվի տեղատարափը, ապա բարձրանում ենք մեր սենյակները: Մի կերպ կարողանում եմ աչք փակել, երբ գիշերը 2-ից հետո կրկին միացվում է օդային տագնապի ազդանշանը և ապա սկսվում հրթիռակոծությունը: Այդ գիշեր որոշեցի, որ Շուշիում գիշերելը ևս վտանգավոր է, հավաքեցի ուսապարկս, իջա Քարինտակ և լուսաբացը դիմավորեցի ավտոմեքենայի մեջ: 

Պատերազմի ընթացքում Շուշիում մի օր հանդիպեցի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, որը պետք է դառնար Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեցեցում աղոթք ու շարական ասած վերջին հայ հոգևորականը: 

Մեկ անգամ ինձ հետ Շուշի եկավ մեր դիվանագետներից Վլադիմիր Կարապետյանը: Կարճ շրջեցինք քաղաքում:

– Շուշին այլևս նախկինը չէ,- տխուր և մտահոգ ասաց Վլադիմիրը:

Վերջին անգամ Շուշիում եղա նոյեմբերի 3-ի երեկոյան՝ Ստեփանակերտից Գորիս վերադարձին: Մարդկանց արդեն տարհանել էին: Քաղաքում ավերածություններն ավելի տեսանելի էր, սակայն ես չէի պատկերացնում, որ դա իմ վերջին այցելությունն էր բերդաքաղաք և մղձավանջային երազում անգամ չէի տեսնում Շուշիի անկումը: 

Հոկտեմբերի վերջերին Արցախի նախագահը Շուշիից օգնության ուղերձ էր հղել և տագնապ հնչեցրել՝ թշնամին քաղաքից 5 կիլոմետր է հեռու: Այդ տագնապը ևս խորը ազդեցություն չթողեց պաշտոնական լրատվությանը և ապատեղեկատվությանը գերի դարձած հայ ժողովրդի վրա: 

Շուշիի անկման մասին առաջին տեղեկատվությունը ստացա նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան: Հաջորդ օրն առավոտյան արդեն հաստատ գիտեի, որ Շուշին ընկել է: Այդ օրը առաջին անգամ Ստեփանակերտ էի մեկնում Քարվաճառով, քանի որ Գորիս-Շուշի ճանապարհը փակ էր: Պաշտոնական քարոզչությունն ասում էր, որ մենք են փակել՝ անվտանգության նկատառումներով, իրականում ադրբեջանական խմբերը արդեն դուրս էին եկել Լիսագոր և, ըստ էության, վերահսկողության տակ առել մայր ճանապարհը:

Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտից ես տեսնում էին Շուշիից բարձրացող ծխի քուլաները: Հաջորդ օրը երեկոյան կողմ հայտարարվեց, որ Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէ, թեև դա տեղի էր ունեցել երեք օր առաջ՝ նոյեմբերի 6-ին:


17 նոյեմբեր, 2020, Գորիս

https://www.civilnet.am/news/2020/11/17/Շուշին-պատերազմի-իմ-չգրված-նոթատետրից/408524

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın