İçeriğe geçmek için "Enter"a basın

Մեկը պետք է վարչապետի ձեռքից հեռախոսը վերցնի․ Էրիկ Հակոբյան

Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը ՍիվիլՆեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում խոսում է այն մասին,  թե ինչ գործողությունների ծրագիր պետք է Հայաստանը իրականացնի ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում հաղթահարելու ստեղված իրավիճակը։  

Վարչապետը [նոյեմբերի 16-ին] առաջնագծի զինվորներին դիմելով՝ ասաց․ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Ոմանք սրա տակ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու քողարկված սպառնալիք են տեսնում, իշխող կուսակցությունից կան դուրս եկողներ։ Ի՞նչ կարծիքի եք այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։

Մեկը պետք է վարչապետի ձեռքից հեռախոսը վերցնի։ Չգիտեմ՝ որտեղ է դա, ըստ նրա, իրեն օգտակար։ Որքան հասկացա՝ Փաշինյանն ասում էր, որ բազմաթիվ զինվորներ առաջնագծից դիմում են ցուցարարներին՝ ասելով, որ նրանք սխալ են, և որ իրենք ուզում էին հրադադար։ Այսինքն, նրանք քո փոխարեն անում են քո աշխատանքը։ Ինչո՞ւ ես միջամտում։ Նախևառաջ, զորքը քո անձնական բանակը չէ, այն երկրի բանակն է։ Երկրորդ, նրանք սահմանին են, պաշտպանում են երկիրը։ Կարծում եմ՝ սա սխալ է, որ կարող է նրա համար պաշտոն արժենալ։

Ի՞նչ ուղով պետք է շարժվի Հայաստանը, ո՞ր ոլորտների վրա պետք է կենտրոնանա՝ Ղարաբաղը վերակառուցելու և Հայաստանին առաջ շարժվելուն աջակցելու համար։ 

Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, ինչն անվանում եմ չորս արդիականացումներ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական բարեփոխումներ, կրթություն և գիտություն, որպեսզի ուժեղացնենք և վերակառուցենք երկիրը առաջիկա տասը տարում։ Տասնամյա պլան է, անկեղծ ասած, այդքան կտևի՝ իսկապես բարեփոխումներ անելու համար։ 

Սկսենք ուրեմն ռազմական ոլորտից։ Պատերազմը նոր է ավարտվել, և այն հսկայական ազդեցություն ունեցավ ռազմական ոլորտի վրա։ Ի՞նչ պետք է անել այն ոտքի հանելու համար։

Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի կխոսեմ ընդհանրական։ Նախևաջառ, պետք է ունենանք ճշմարտության հանձնաժողովի նման մի բան, որպեսզի իմանանք՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որոնք էին ձախողումները։ Ոչ թե մեղադրող կոմիտե, այլ ճշմարտության կոմիտե, այսինքն՝ ոչ թե գտնել մարդկանց և ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան բարդել։ Ակնհայտորեն, սա համակարգային ձախողում է։ Պետք է իմանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու ձախողեցինք, որ ոլորտները պետք է բարեփոխման ենթարկվեն, ինչպես պետք է վերաձևավորումներ լինեն։ Եվ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն սրա համար։ Օրինակ բերեմ․ մենք շարունակ խոսում ենք, որ Ադրբեջանը ունի գումար և դրոններ։ Դրոնները շատ ակտիվ օգտագործվել են պատերազմական գործողություններում շուրջ տասը տարի, և դրանք այդքան էլ թանկարժեք չեն։ Մտածել, որ տասը տարի պաշտպանության նախարարությունում ոչ ոք չմտածեց, որ մի օր դա լայնամասշտաբ մեր դեմ կօգտագործվի։ Ես ուզում եմ իմանալ՝ ով չի մտածել այդ մասին։ 

Պետք է քննադատորեն նայենք դրան, և դրանից ելնելով նախ բարեփոխենք ռազմական ոլորտը, և երկրոր՝ դա պետք է ուղղակիորեն հանգեցնի ռազմա-արդյունաբերական համալիրի կառուցման, որը կարող է ինքը զենք արտադրել։ Մենք պետք է ունենանք մեր ուրույն ռազմարդյունաբերությունը, որը կկենտրոնանա դրա վրա, որովհետև այն նաև կապված է տնտեսական զարգացման հետ։ 

Նախ, իմանանք ինչ է խնդիրը, ապա հեռացնենք մարդկանց, որոնք խնդրի մասն էին, բերենք ավելի պայծառ, երիտասարդ ուղեղների, բարեփոխենք և ճիշտ վերազինվենք, և կառուցենք մեր ռազմաարդյունաբերական համալիրը։ 

Քաղաքական առումով շատերը կարծում են, որ իրավիճակը անկայուն է, և կա զգալի լարվածություն։ Ինչպե՞ս լուծումներ տալ քաղաքական հարցերին՝ միաժամանակ ունենալ խելամիտ դիվանագիտություն։

Նախևառաջ, այն, ինչ քննարկելու եմ, կապ չունի այսօրվա քաղաքականության հետ։ Այսօրվա քաղաքականությունը կմոռացվի այսօրվանից վեց ամիս անց՝ անկախ նրանից, թե Նիկոլը կմնա, Նիկոլը կգնա։ Պետք է շարունակենք բարեփոխել քաղաքական գործընթացը ավելի ժողովրդավարական ուղով։ Բարեփոխումը կամ չբարեփոխումը Նիկոլ Փաշինյանը չէ։ Բարեփոխումը գործընթաց է, անկախ նրանից՝ նա կմնա, թե կգնա, մենք պետք է շարունակենք երկիրը քաղաքական առումով բարեփոխել և այն ավելի ժողովրդավարական դարձնել, միշտ։ 

Կա այս աշխարհի՝ վերջին հիսուն օրվա ընթացքում մեր դեմ միավորվելու տարրը, ինչը առնչություն ուներ մեր՝ ժողովրդավար երկիր լինելու փաստի հետ։ Նրանք ցանկանում էին պատժել մեզ որոշ չափով մի բանի համար, որի վատ օրինակ ենք ծառայում իրենց համար։ Մեր տարածաշրջանի համատեքստում դա կնշանակի շարժվել Հայաստանից արևելք, ընդհուպ մինչև Հարավային Կորեա, այսինքն՝ աշխարհի կեսը անցնել՝ տեսնելու մեկ այլ կառավարություն, որն ընտրվել է ազատ ու արդար ընտրությունների միջոցով, չեն եղել ընտրակեղծիքներ, քվեների վաճառք և այլն։ Նրանք ցանկանում են, որ մենք ազատվենք մեր ժողովրդավարական ինստիտուտներից, սակայն մեր պատասխանը պետք է լինի կրկնակի թափով դրանք ուժեղացնելը, որովհետև վերջին բանը, որ այս երկրին պետք է, որևէ տեսակի ավտոկրատիան է։ Պետք է ունենանք բաց բանավեճ, մարդիկ պետք է բաց կերպով կարողանան ասել՝ ինչ են անում, հեռացնել կառավարությանը, երբ այն ձախողում է։ 

Այսպիսով, պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարական ինստիտուտները՝ անկախ նրանից, թե ով կգա կամ կգնա իշխանությունից, բոլորովին չպետք է անձնավորենք սա։ Երկիրը ավելի ժողովրդավար դարձնելը անկյունաքարային է։ Առանց դրա դու սխալ ուղու վրա ես շեղվում։ Ուստի պետք է շարունակենք այդ գործընթաը և թույլ չտանք… Ոչինչ մեր հակառակորդներին ավելի չի ուրախացնի, քան այն, որ դառնանք իրենց նման։ Նրանք ատում են մեզ, քանի որ իրենց նման չենք։  

Այս համաճարակը և պատերազմը զգալի ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա։ Տնտեսության վերականգնման ուղղած ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։ 

Նախևառաջ, այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն է ռեցեսիայի իրավիճակում, համաշխարհային միտումներ կան, որոնց չենք կարող դեմ գնալ։ Եթե ամբողջ աշխարհը ռեցեսիայի ու ճգնաժամի մեջ է, մենք, լինելով փոքրիկ մի երկիր, չենք կարող հետ դարձնել այդ միտումները։ Սակայն կգա մի պահ, և համաճարակը կավարտվի, մեկ-մեկուկես տարուց աշխարհը կսկսի ոտքի կանգնել։ Կարևոր է, որ մենք շարունակենք այն, ինչ անում էինք նախքան այս աղետը՝ ունենալ զգալի աճ։ Եթե չեմ սխալվում, 2019-ին մենք ամենաարագ աճող տնտեսությունն ունեինք Եվրոպայում։ Եվ այդ զգալի աճի միտումը ունեինք մի քանի տարի շարունակ։ Եվ դա մասամբ շնորհիվ այն բանի, որ մենք սկսել էինք մաքրել երկրում կոռուպցիան, ազատվել մոնոպոլիաներից, առկա էին նորարարություններ, երիտասարդ ձեռներեցները ներգրավվում էին տեխնոլոգիական ոլորտում, ընկերություններ բացում։ 

Մենք պետք է դա շարունակենք, չենք կարող վերադառնալ հին ու կոռումպացված վիճակներին։ Սակայն մենք միշտ տնտեսության զարգացման համակարգային մոտեցման պակաս ենք ունեցել, քանի որ ունեցել ենք բյուրոկրատիա, միջակ մասնագետներ, որոնք չեն կարող ոչինչ անել։ 

Իսկ ո՞վ ասաց, որ այս երկիրը չի կարող դառնալ տարածաշրջանի բանկային կենտրոն։ Կամ դառնալ տեխնոլոգիական աշխարհի ավելի կարևոր մաս։ Արդեն իսկ ունենք բազմաթիվ անհատներ, որոնք հսկայական գործ են անում բոլոր մակարդակներում, սակայն ոչ մի բան համակարգված չէ։ Այս ամենը տեղի է ունենում պետական քաղաքականությունից զատ, ոչ թե դրա շնորհիվ։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե իրականում ունենայինք պետական քաղաքականություն, որը փորձում է քաջալերել նման բաները։ Չեմ ասում՝ ընդհանրապես դա չկար, սակայն այն լավ մտածված չէր՝ համակարգային կամ ռազմավարական առումով։ Որովհետև երբ նման փոքր երկիր ես, չես կարող ամեն ինչ անել։ Օրինակ, մեքենաշինությամբ զբաղվել, որովհետև դրա շուկան չկա։ Պետք է գտնենք այն խորշերը, որտեղ ուժեղ ենք։ Մասնավորապես, դա ակնհայտ է տեխնոլոգիական ոլորտում։ Պետք է կրկնակի թափ հաղորդել այս ոլորտներին և առաջ շարժվել։ 

Մյուսը՝ զբոսաշրջությունը։ Կգա պահ, և այդ ոլորտը ոտքի կկանգնի, և քանի որ մենք այնտեղ զարգանալու շատ տեղ ունենք, ապա սա ևս աճի համար լավ ոլորտ է։ Կարող ենք արագոր զգալի աճ ունենալ և ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր։ Եվ համեմատ արևմտյան երկրներից շատերի, որտեղ զբոսաշրջության ոլորտը ցածր վարձատրվող է՝ Հայաստանում այդ ոլորտում զբաղվածությունը մրցունակ է։ Ուստի այստեղ կարևորը համակարգային մոտեցումն է։

Հայաստանն արդյոք ունի՞ որևէ հաղթաթուղթ, որևէ բան, որ այլ պետությունները չունեն, և որը Հայաստանը կարող է հօգուտ իրեն ծառայեցնել։ 

Իհարկե, դա մշակույթն է։ Մշակույթ ասելով նկատի չունեմ գեղարվեստ կամ ճարտարապետություն, այլ մեր ունեցած միահյուսող մշակույթը։ Հայերի մոտ չկա գոյութենական անհանգստություն, թե ով ենք մենք և որտեղից ենք եկել։ Մենք ստիպված չենք երևակայական պատմություն հորինել, ինչպես անում են ադրբեջանցիներն ու թուրքերը լրացնելու այն բացը, որ իրենց հավատացածի մեծ մասը հիմնված է կեղծարարությունների վրա։ 

Մեր մշակույթի ուժն է մեզ թույլ տվել գոյատևելու մեր բոլոր մյուս թերությունների պայմաններում։ Այն կարծես միահյուսված է մեր մշակութային ԴՆԹ-ում, թե ինչն է ընդունելի, ինչպես են մարդիկ միմյանց հետ փոխգործակցում։ Այսինքն, ի հակադրություն նաև այլ արևմտյան երկրների՝ այստեղ մարդիկ գիտեն՝ ովքեր են, որտեղից են ծագել, և դա դրևսորվում է այն բանում, թե ինչպես են մարդիկ արձագանքում ճգնաժամերին։ Երբ պատերազմը սկսվեց, մարդիկ խուճապի չմատնվեցին, յուրաքանչյուրը սկսեց անել այն, ինչ պետք էր, և նույնիսկ ավելին։ Եվ սա տեսանք նաև առաջնագծում մեր զինվորների շարքերում, որտեղ նրանք գործեցին սխրանքներ՝ իրենց ունեցած զենքերից ու ղեկավարությունից անդին։ 

Ուստի, այդ մշակութային ուժն ու կապերը այն սոսինձն են, որ կարող են միահյուսել այս բոլոր բարեփոխումները՝ քաղաքականություն, տնտեսություն և ռազմական ոլորտ։ Որովհետև սա է այն ցանցը, որ միասին է պահում ամեն ինչ։ Այսինքն, երբ խոսքը մշակույթի մասին է, մենք գերտերություն ենք և այլ երկրներից շատ առաջ։ 

Մենք պետք է օգտագործենք մեր մշակութային առավելությունը՝ ավելի ուժեղացնելու մեր երկիրը տնտեսական, ռազմական ու քաղաքական առումներով։ Մշակույթը քաղաքականության շատ թերագնահատված մաս է․ ձախակողմյան քաղաքական ուժերը չեն ուզում դրանով զբաղվել, որովհետև նրանք չեն զբաղվում տնտեսական դետերմինիզմով, իսկ աջակողմյան ուժերը չափազանց մեծ շեշտադրում են անում դրա վրա։ 

Սակայն պատճառ կա, որ եթե ես ու կինս գիշերվա ժամը երկուսին քայլում ենք այս երկրի որևէ մութ փողոցով, ես չեմ անհանգստանում։ Դա պատահական չէ։ Պատահական չէ, որ երբ պատերազմը սկսվեց, ի տարբերություն ԱՄՆ-ում համաճարակի սկզբի, Երևանի սուպերմարկետներում զուգարանի թղթի ու ջրի համար խցանումներ չգոյացան։ Որովհետև մարդիկ գիտեն՝ ինչպես վարվել և չվարվել։ Նրանց ոչ ոք չպետք է դա ասի։ Դու դա սովորում ես ընտանեկան ցանցից՝ մայր, հայր, տատիկ ու պապիկ։ Մենք միշտ թերագնահատել ենք դա, անկեղծ ասած, երբեք նույնիսկ չենք էլ նկատել։ Բայց պետք է դա օգտագործել, և այն կարող է լինել շարժիչ գործոն՝ անելու այն բոլոր լավ բաները, որ պետք է անել։ 

Շատերն են այժմ հուսահատ, շփոթված։ Ի՞նչ կասեք այդ մարդկանց։

Իմ պատասխանը նրանց՝ ինչպե՞ս եք համարձակվում հուսահատվել։ Հարյուր տարի առաջ մենք երկիր էինք, որ կես միլիոն որբ ուներ երկու լեռան ստվերում։ Այդ որբերը մեծացան, վերածնեցին մշակույթը, այդ որբերի երեխաները Եվրոպայում ֆաշիզմը ոչնչացրին։ Այդ որբերի թոռները անկախություն ձեռք բերեցին և հաղթանակ տարան Ղարաբաղյան պատերազմում։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Սա Հայաստանի պատմության մեջ ամենակրթված, ամենահարուստ սերունդն է։ Մենք իրավունք չունենք հուսալքվելու, երբ նրանք չէին հուսալքվում։ Ուստի, հաղթահարիր քո վշտերը, գիտեմ, որ սա դժվար  փորձություն է, սակայն ոտքի կանգնիր, գործ կա անելու։ Մենք չենք կարող մեզ դա թույլ տալ։ 

Հարցազրույցն անգլերենից թարգմանել է Զառա Պողոսյանը 

https://www.civilnet.am/news/2020/11/17/Մեկը-պետք-է-վարչապետի-ձեռքից-հեռախոսը-վերցնի%E2%80%A4-Էրիկ-Հակոբյան/408544

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın