İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինչ դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից և ինչ անել ապագայում․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ

Ինչ դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից և ինչ անել ապագայում․ զրույց Էրիկ Հակոբյանի հետ

Ամերիկյան քաղաքականության հարցերով խորհրդատու Էրիկ Հակոբյանը Սիվիլնեթի Էմիլիո Կրիկիոյի հետ զրույցում խոսում է այն մասին, թե ինչ է նշանակում 2020թ. Ղարաբաղյան պատերազմի ավարտը Հայաստանի և հայերի համար, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, և ինչպիսին է ներկայիս իրավիճակը Հայաստանի ներսում: Հարցազրույցը անգլերենից թարգմանաբար՝ ստորև։

– Ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ է տեղի ունեցել, հատկապես կցանկանայի հարցնել՝ ի՞նչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ի երեկոյան Երևանում, խորհրդարանում և կառավարության շենքի մոտ։

Դե, ակնհայտ է, որ առկա է անչափ մեծ ցասում, շփոթություն այս համաձայնագրի շուրջ, չնայած մենք գիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագրի մեծ մասը, բայց ոչ ամեն ինչ։ Գիշերվա իրադարձությունների որոշ տեսարաններ, անկեղծ ասած, բավականին տգեղ էին, և ըստ իս՝ դա իրական մարդկանց իրական զայրույթի և, կարծում եմ, դրանից օգտվող մի խումբ պատեհապաշտների և հանցագործների համադրություն էր․․․ Տեսանք մարդկանց, որոնք, ըստ էության, ասում են՝ պատերազմը պետք է շարունակվի, և բոլորն էլ երիտասարդ, առողջ մարդիկ են, որոնք ֆիզիկապես ունակ էին խորհրդարանը ջարդուփշուր անելու, սակայն, չգիտես ինչու, ռազմաճակատ չեն գնացել։ Այնպես որ, ես կարծում եմ՝ մասամբ այդ հանրային զայրույթը և շփոթությունը իրական են, բայց ակնհայտ էր, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են օգտվել դրանից և դա հօգուտ իրենց շահերի օգտագործել՝ փորձելով վնասել ներկայիս իշխանություններին:

– Որպես հայ ազգ՝ ի՞նչ դասեր քաղեցինք 2020թ. այս պատերազմից և խաղաղության այդ համաձայնագրից։

– Եկեք մեկ քայլ հետ գնանք։ Ես կարծում եմ՝ ուսումնասիրման ենթակա երկու բան կա։ Նախ, մենք պետք է ընդունենք մեր պարտությունը և դրանից դասեր քաղենք։ Պետք է հասկանանք, թե ինչն է մեզ հասցրել այս պահին, ինչն է հանգեցրել պարտության, որքանով ենք մենք բոլորս պատասխանատու եղել ինչ-որ մակարդակում, չնայած ակնհայտորեն ոմանք ավելի պատասխանատու են, քան այլոք։ Ուստի առաջին հերթին պետք է դրան առերեսվենք, այնուհետ առաջ շարժվենք։ Մենք չպետք է չափից դուրս լավատես լինենք այս հարցում, պետք է խոստովանենք, որ այն, ինչ տեղի է ունեցել, աղետ ու պարտություն է։ Աշխարհի վերջը չէ, բայց մենք պետք է իրատես լինենք և սովորենք դրանից։

Պետք է հավերժ երախտապարտ լինենք այն գերմարդկային ջանքերի համար, որոնք գործադրվել են մեր բանակի կողմից։

Երկրորդը՝ մենք, որպես ազգ և ժողովուրդ պետք է հավերժ երախտապարտ լինենք այն գերմարդկային ջանքերի համար, որոնք գործադրվել են մեր բանակի կողմից, բանակ, որին գերազանցում էին զենքով, թվաքանակով, գերազանցում էին մնացած ամեն ինչով, որը 43 օրվա ընթացքում իր հերոսությամբ և անգին կյանքերի գնով կանխեց Արցախում լիակատար էթնիկ զտումն ու ցեղասպանությունը: Այնպես որ, մենք պետք է հավերժ շնորհակալ լինենք նրանց, և, որպես ժողովուրդ, պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ նրանց ընտանիքներին օգնելու համար։

Մարդկանց հետ իմ զրույցներում նկատել եմ այն, որ քանի որ կառավարությունը միշտ շատ դրական՝ «Հաղթելու ենք, հաղթելու ենք» ուղերձ էր հղում, մարդիկ երբեք իսկապես չեն հասկացել, թե ինչի են բախվել։ Հայաստանը կռվել է վեց կամ յոթ երկրների տարբեր ուժերի դեմ՝ այդ թվում հազարավոր թուրք հատուկջոկատայիններ, բուն Ադրբեջանը, որի բանակը կրկնակի գերազանցում է մերը, ինչպես նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից բերված վարձկանների և ահաբեկիչների հսկայական զանգվածներ։ Տեղեկություններ են ստացվել նաև պակիստանցի կամ աֆղանցի հատուկջոկատայինների ներգրավման մասին։ Ուստի մարդիկ պետք է հասկանան, որ մեր տղաները սոսկ Ադրբեջանի դեմ չէին պայքարում։

Պատմական ամենահամադրելի դրվագը 1940թ. Խորհրդային Միության ներխուժումն էր Ֆինլանդիա, որի ընթացքում ֆինները, որոնք ենթադրաբար պետք է ջախջախվեին մի քանի օրվա ընթացքում, դիմակայեցին մեկ-երկու ամիս և դրա շնորհիվ պահպանեցին իրենց անկախությունը, չնայած որոշ տարածքներ կորցրին։

Հայաստանը դիմակայում էր 90-100 մլն բնակչություն ունեցող երկրների համատեղ ուժերին։ Եվ նման անհավասարակշռությունը չէր կարող հավերժ շարունակվել։ Ռազմական կցորդների զեկույցներից գիտենք, որ պատերազմի նախնակական պլանով նախատեսվում էր այն ավարտին հասցնել 3-5 օրվա ընթացքում՝ նպատակ ունենալով 3-5 օրում կտրել-անցնել հարավով, ինչը տեղի ունեցավ, և հասնել Շուշի, իսկ հետո մեկ այլ խումբ կմտներ Կապան, և դա կլիներ մատ։ Սակայն այդ 3-5 օրը դարձավ 43 օր, և ի շնորհիվ մեր անձնուրաց երիտասարդների՝ մենք փրկվեցինք աղետից։

Մենք հասկացանք, որ կոռուպցիան սպանում է։ Վերջին 20 տարիների կոռուպցիան։

Այնպես որ, պետք է նախևառաջ հաշվի առնել այդ երկու հանգամանքները։ Իսկ թե ինչ սովորեցինք դրանից՝ այս պահից ի վեր մեզ համար ամենակարևորն է և անցյալում ևս եղել է ժողովրդավարական, բարգավաճ և արդար Հայաստանի կառուցումը, քանի որ ցանկացած բան, որ ուզում ենք անել, դրանից է բխում։ Եթե մենք դա չունենք, ապա մնացած ամեն ինչ անիմաստ է։

Երկրորդ՝ մենք հասկացանք, որ կոռուպցիան սպանում է։ Վերջին 20 տարիների կոռուպցիան։ Մեր անօդաչու թռչող սարքերը եղել են օլիգարխների տներում, մեր ՀՕՊ միջոցները եղել են Շվեյցարիայի իրենց բանկային հաշիվներում։ Դա իրականություն է, մենք պետք է դա ևս գիտակցենք, հասկանանք և առաջ շարժվենք։

Եվս մեկ բան՝ տեսլական չունեցող կամ միջակ դիվանագիտությունը սպանում է։ Մենք ունեինք դիվանագետներ առանց տեսլականի, որոնք երկիրը թողեցին միայնակ ու անօգնական, երբ սկսվեց ճգնաժամը։ Բացի այդ, Ադրբեջանն աշխարհում բարեկամներ ունի, մենք ունենք պարզապես ծանոթներ։ Նրանք ունեն ընկերներ, որոնք օգնության են հասնում, իսկ մեր բարեկամները հիմնականում մեզ լավ խոսքեր են հղում։ Դա, ինչպես տեսանք 43 օրում, հսկայական տարբերություն է։

Եվ ամենակարևորը, որ պետք է սովորենք՝ երբե՛ք չպետք է ճակատամարտի ուղարկել մեր տղաներին առանց ամենաժամանակակից  սարքավորումների, նույնիսկ եթե դա անելու համար պետք է պարտք վերցնել։ Մենք չենք կարող ապավինել 19-րդ դարի քաջությանը և 20-րդ դարի զենքին՝ 21-րդ դարի պատերազմներ մղելու համար։ Դա չի աշխատում։ Մենք՝ որպես հանրույթ, պետք է երդվենք, որ մեր մարտնչող տղամարդիկ և կանայք երբե՛ք չեն գնա ճակատամարտի առանց գերժամանակակից սարքավորումների՝ իրենց պաշտպանելու և պատերազմը հաղթելու համար։ 

– Ի՞նչ է նշանակում այս պատերազմը Հայաստանի և հայերի համար։ Հայոց պատմության տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունի այս պահը ապագայի համար։

– Դե, շատ առումներով սա աղետալի պահ է։ Չեմ ուզում չափազանցել, բայց սա մոտ է անցյալ դարասկզբին տեղի ունեցածին բացասական իմաստով։ Եվ մենք պետք է դրան նայենք այս տեսանկյունից, որովհետև եկեք ազնիվ լինենք՝ հակառակ կողմի նպատակն ու առաքելությունն էթնիկ զտումներն ու ցեղասպանությունն էին։ Այն երբեք օրակարգից չի հեռացել։ Մենք բոլորս դա գիտենք։ Եվ այսպես, առաջին ցեղասպանությունից 105 տարի անց մենք ականատես էինք երկրորդ հավանական ցեղասպանությանը։ Սակայն, ունենալով պետություն և բավարար միջոցներ, կարողացանք կանխել վատագույնը։ Եվ ես չեմ ուզում թերագնահատել այդ հանգամանքը։ Մենք պետք է դա հասկանանք և գնահատենք։ Պատճառը, որ այն, ինչ տեղի ունեցավ եզդիների հետ, տեղի չի ունենում հայերի հետ, պետություն ունենալն է և պաշտպանվելու հնարավորությունը։ Գուցե ոչ այնպես, ինչպես կցանկանայինք, բայց մենք հնարավորություն ունենք պայքարելու և կանխելու վատագույնը։

– Կա՞ որևէ այլ բան, որ կցանկանայիք ավելացնել։

– Կարծում եմ՝ պետք է հասկանանք՝ ինչ անել այս պահից ի վեր։ Կրկին՝ երկու բան։ Մենք պետք է պատրաստվենք պատերազմի և պետք է պատրաստվենք խաղաղության։ Չի բացառվում, որ այդ համաձայնագիրը գործի առաջիկա 50 տարիների ընթացքում։ Կան բազմաթիվ նմանատիպ օրինակներ՝ Կիպրոսը և այլ վայրեր, որտեղ տարբեր պատճառներով կողմերը չեն ցանկանում նոր պատերազմ սկսել։ Սակայն դատելով այդ համաձայնագրի բովանդակությունից՝ 5 տարի անց խաղաղապահներին կարող են խնդրել հեռանալ։ Եվ եթե խաղաղապահները հեռանան որևէ կողմի խնդրանքով, դա նոր պատերազմի համար գրեթե հստակ ազդանշան կլինի։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ է պետք  նրանց խնդրել հեռանալ։

Մենք պետք է ստեղծենք կայազորային պետություն։

Դրա համար մենք պետք է պատրաստվենք և պատրաստ լինենք գալիքին, և դա անելու համար պետք է նայենք զարգացման այն մոդելին, որը ես անվանում եմ «կայազորային պետություն», որը պետք է ստեղծի սեփական ռազմարդյունաբերական համալիրը։ Ես գիտեմ, որ շատ բարձրագոչ է հնչում այնպիսի փոքր կամ ոչ հարուստ երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, բայց ճշմարտությունն այն է, որ ժամանակակից պատերազմում այդ բոլոր նոր անօդաչուներով և նման ռազմական միջոցներով, որոնցից և ոչ մեկը բացառիկ թանկ չէ, իրականում այնքան էլ դժվար չէ դա անել: Աշխարհում ունենք շատ հարուստ հայեր, որոնք կարող են և պետք է ներդրումներ կատարեն այդ ոլորտում։ Այսպիսով՝ պետք է ստեղծենք «կայազորային պետության» այս մոդելը, որի դեպքում մշտապես պատրաստ կլինենք պատերազմի՝ խթանելով տնտեսության զարգացումը։ Իսկ մյուս կողմից, պետք է համակարգված ջանքեր գործադրենք և օգտագործենք Ադրբեջանի կողմից պատերազմի վարումը իր դեմ՝ որպես բացարձակ ապացույց, թե ինչու է Արցախին անհրաժեշտ ճանաչում ու անջատում հանուն փրկության։ 

Ադրբեջանը պետք է չունենա ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք՝ կառավարելու Արցախի ժողովրդին։

Այժմ հարցը հետևյալն է՝ արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ իշխելու Արցախի ժողովրդին, որը 30 տարվա ընթացքում եղել է անկախ և ինքնակառավարվող․ Ադրբեջանը ապացուցեց այս պատերազմում, որ ունի ցեղասպան և հանցավոր մտադրություններ։ Ադրբեջանն, ի դեպ, այս պատերազմում ապացուցեց, որ չպետք է կառավարի նույնիսկ իր ժողովրդին, առավել ևս այլ ազգերի՝ ելնելով նրանից, թե ինչպես է վերաբերվում իր իսկ զինվորներին՝ վիրավոր կամ մահացած։ 

Ամփոփելով՝ ասեմ․ այժմ որպես հանրույթ մենք պետք է մի կողմից կենտրոնացնենք մեր ջանքերը այդ «կայազորային պետության» ստեղծման և տնտեսական զարգացման ուղղությամբ ու, միևնույն ժամանակ, շատ ագրեսիվ լինենք և փորձենք հասնել Արցախի ճանաչմանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին՝ հանցավոր միջոցներով պատերազմ վարելու համար․ կան անհերքելի ապացույցներ՝ Ադրբեջանը պետք է չունենա ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք՝ կառավարելու Արցախի ժողովրդին։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

https://www.civilnet.am/news/2020/11/16/Ինչ-դասեր-քաղել-պատերազմից-և-ինչ-անել-ապագայում%E2%80%A4-զրույց-Էրիկ-Հակոբյանի-հետ/408283

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın