İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարմիր խաչ շահագրգռված է զարգացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հետաքրքրված է զարգացնել համագործակծությունը Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հումանիտար հարցերում: Այս մասին շաբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԽՄԿ ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը կազմակերպության նախագահ Փեթեր Մաուրերի` նոյեմբերի 17-ին Մոսկվա կատարելիք այցի կապակցությամբ:

«Նախագահ Փեթեր Մաուրերն արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա,- ասել է նա:- Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը քննարկվելիք հարցերից մեկն է: ԿԽՄԿ-ն մտքերի փոխանակում է ակնկալում հումանիտար հուզող թեմաների շուրջ»:

Հեթերինգտոնը շեշտել է, որ Կարմիր խաչն «անհամբեր սպասում է համագործակցության հետագա բարելավմանը, որն ուղղված է քաղաքացիական անձանց վրա հակամարտության ազդեցությունը մեղմելուն` նրանց կարիքներին ավելի լավ արձագանքման համար»: ԿԽՄԿ-ն կցանկանար նաեւ քննարկել հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց եւ զոհերի աճյունների տեղափոխման գործում կազմակերպության` որպես չեզոք միջնորդի դերն ուժեղացնելու «գործնական մոդելները»:

Փեթեր Մաուրերը Մոսկվա կժամանի նոյեմբերի 17-ին, որտեղ հանդիպումներ կանցկացնի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Այս մասին ուրբաթ հայտարարել էր Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդասիրական հիմնախնդիրների լուծմանը նվիրված տեսախորհրդակցության ժամանակ: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել էր, որ ԿԽՄԿ-ն երկար ժամանակ աշխատել է Լեռնային Ղարաբաղում եւ երկար տարիներ ներկա է եղել Ստեփանակերտում: «Ռազմական գործողությունների բռնկումից հետո նրանք ստիպված էին այդ ներկայությունը տարհանել Երեւան: Այժմ նրանք վերադարձել են այնտեղ եւ վերսկսում են իրենց աշխատանքը: Նրանք եւս շահագրգռված են համակարգման հաստատմամբ մեր ներկայացուցիչների հետ»,- շեշտել է նախարարը:

Լավրովը հինգշաբթի հայտնել էր, որ ԿԽՄԿ նախագահը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա` քննարկելու, թե ինչպես Կարմիր խաչը կարող է վերսկսել իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` զոհերի դիերի փոխանակմանը, գերիների, պատանդների եւ այլ ձերբակալվածների փոխանակմանը նպաստելու համար:

https://armedia.am/arm/news/89413/karmir-khach-shahagrgrvats-e-zargacnel-hamagortsakcutyuny-rd-i-het-xarabaxi-harcov.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın