İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատերազմի իմ օրագրից. 7 ժամ, 7 դրվագ

Թաթուլ Հակոբյան

Նոյեմբերի 12-ն է, պատերազմն ավարտվել է, բայց չի ավարտվել: Վաղ առավոտյան արթնացել և պատրաստվում եմ ՍիվիլՆեթի օպերատոր Լևոն Արշակյանի հետ Ստեփանակերտից մեկնել Դադիվանք: 

Դրվագ 1

Վաղ առավոտյան ինձ ֆեյսբուքով գրեցին, որ իրենց տղան վիրավոր է Շուշիի տակ։ Խնդրեցին, որ մի բան անեմ։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Գրեցի Արցախի նախագահի խոսնակին, ապա նրա հեռախոսահամարը տրամադրեցի ընտանիքին, որոնց տղան վիրավոր մնացել է Շուշիի տակ: 

Դրվագ 2 

Ստեփանակերտում վաղ առավոտյան տեղատարափ անձրև է։ Գիշերել ենք մի ներքնահարկում, որը հենց դիահերձարանի մոտ է։ Ուազ մեքենայից իջեցնում են անշնչացած զինվորականի մարմին։ Անձրևի տակ կանգնած նայում եմ․․․ 

Պատերազմի առաջին օրերին մնում էի դիահերձարանի մոտ գտնվող մասնագիտացված դպրոցի հանրակացարանում: Ամեն անգամ անցնելիս տեսնում էի զոհված զինվորներին իջեցնող ավտոմեքենաներին:

Դիահերձարանի պատին հենած մի քանի տասնյակ պատգարակներ կան՝ մեծ մասը արյունոտ: 

Հետո, երբ Ստեփանակերտի վրա հրթիռների ու արկերի կարկուտ էր թափվում, որոշեցի տեղափոխվել Շուշիի հյուրանոցներից մեկը: Մի քանի օր հետո Շուշին ևս դարձավ ադրբեջանական հիմնական թիրախներից: Վերջին անգամ բերդաքաղաքում գիշերեցի հոկտեմբերի վերջերին: Ամեն ինչ մտածել եմ այս աղետալի պատերազմի ելքերի մասին, բայց մղձավանջային երազում անգամ չէի կարող տեսնել, որ մեկ շաբաթ անց Շուշին ընկնելու է: Վերջին անգամ քաղաքում եղա նոյեմբերի 3-ի երեկոյան՝ Ստեփանակերտից Գորիս վերադարձին:

Դրվագ 3 

Քարվաճառի կողմերը ամենայն արագությամբ ապամոնտաժում են Հէկ-երը։ Տեխնիկա են բերել, ավտոմեքենաներ, բանվորներ: Մարդիկ իրենց 18-ամյա տղաներին են տվել այս պատերազմին, իսկ սրանք հարստությունն են փրկում: Տեսնում եմ այս այլանդակ պատկերը՝ հէկ, սև սյուներ, էլեկտրալարեր, իսկ ականջներիս մեջ Շուշիի տակ մնացած վիրավոր տղայի/տղաների օգնության ձայնն է, աչքիս առաջ՝ հայրենիքի համար ընկած զինվորականի անշնչացած մարմինը։

Դրվագ 4․

Նոր Գետաշեն գյուղում մի ընտանիք, որ 1991-ին մազապուրծ փախել է Գետաշենից, հաստատվել Հայաստանում, իսկ հետագայում՝ Քարվաճառի այս գյուղում, հավաքում է տան կահ-կարասին և բարձում բեռնատար ավտոմեքենան։ Նոյեմբերի 15-ը վերջին օրն է: Քարվաճառի շրջանից պետք է դուրս գալ: Թափքում նրանց որդին, որ ծնվել է Նոր Գետաշենում, ներքևից հայրը և հարևանները նրան փոխանցում են ձմեռվա պահածոները և կոմպոտները: Տատը և հարսը անթարթ հայացքով նայում են դեպի բեռնատարը: Ընտանիքը դուրս է գալիս դեպի Հայաստան, բայց չգիտի, թե որտեղ է իր նոր տունը։ 30 տարում երրորդ գաղթն է, բայց կարող է վերջինը չլինել: Հեռացողների մի մասը խոսում է Ռուսաստանում իրենց սպասող բարեկամների մասին: 

Դրվագ 5․

Ճանապահին տեսնում եմ նաև թալան։ Մարդիկ պատմում են, որ պատերազմի առաջին օրը բարձրացել են մարտական դիրքեր, իսկ երբ վերադարձել են, պակասել է իրենց երինջը, ոչխարը, խոզը: Քարվաճառից դուրս եկող գաղթականները քշում են իրենց մնացած անասունները դեպի Վարդենիս: Վերջին օրերին վարդենիսցիները իրենց ավտոմեքենաներով լցվել են Քարվաճառ: Թալա՜ն, ամո՜թ…

Դրվագ 6․

Դադիվանքում հարյուրավոր մարդիկ կան ու մեքենաներ։ Եկել են վերջին անգամ ուխտի։ Հոգևոր հովիվը պատրաստ է խմբերով կնքել մարդկանց: Ինձ ասում է՝ ես չեմ հեռանալու Դադիվանքից: 

Դրվագ 7.

Վարդենիսում ենք: Թեթև ճաշ ենք անում: Կողքի սեղանների շուրջ 25-ից 50 տարեկան կամավորականներ են: Ականջիս հասնում են նրանց հերոսական պատմությունները: Մեկը Շուշիում է փակել թուրքի ճամփան, մյուսը՝ Հադրութում, երրորդը՝ Ջեբրայիլում: Ոչ Շուշին է մերը, ոչ Հադրութը…

Նայում եմ ժամացույցին, ընդամենը ժամը 4-ն է։ Յոթ ժամից մի քիչ ավելի է անեցել: Ահա այսպիսին էր նոյեմբերի 12-ի յոթ ժամերի կոնտրաստը: Ահա այսպես մեր կյանքը տակնուվրա արեց այս պատերազմը, որից մենք պարտավոր էինք խուսափել ամեն գնով: Այլընտրանքը նոյեմբերի 10-ի կապիտուլյացոն փաստաթուղթն է, որ մեր սեղանին դրեցին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը:

https://www.civilnet.am/news/2020/11/13/Պատերազմի-իմ-օրագրից-7-ժամ-7-դրվագ/407894

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın