İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ գիտնականն ու բանակը

Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)

Վերջապես ավարտվեց պատերազմը: Այս պատերազմում մեր կողմը տարավ որոշ փայլուն հաղթանակներ` հակառակորդին հսկայական կորուստներ պատճառելով, բայց նաև կրեցինք ցավալի պարտություններ: Երկար ժամանակ կպահանջվի պատերազմի փորձը ուսումնարիրելու համար, բայց այսօր արդեն որոշ ուրվագծեր պարզ են դառնում:  Մեր կորուստներից մեծագույն մասը կապված է մեր կողմի տեխնիկական թերությունների և հակառակրոդի տեխնիկական առավելությունների հետ: 5-րդ սերնդի զինտեխնիկան փաստորեն որոշեց այս պատերազմի ելքը:

Հայաստանը և Սփյուռքը ունեն գիտական բազա և գիտնականների մեծ համայնք, որը կարող է և պետք է մասնակցի պաշտպանության տեխնիկական ուժեղացման գործում:

Միանգամից խոստովանեմ` ես խաղաղության մեծ կողմնակից եմ: Անգամ կասեի` պացիֆիստ եմ: Որպես ֆիզիկոս ես աշխատում եմ միջուկային զինաթափման բնագավառում: Բայց նաև քաջ հասկանում եմ մի բան` հակառակորդին մի ձեռքով ձիթապտղի ճյուղ պարզելիս մյուս ձեռքում պետք է պատրաստ ունենաս լավ սրած և կոփած թուրը: Առանց վերջինի ձիթապտղի ճյուղերը դառնում են վառարանի մթերք: Այս պատերազմում պարզվեց՝ մեր թուրը բավական կոփված չէ, իսկ այն կառավարող ձեռքը` ոչ բավական մարզված: Սա հրատապ խնդիր է, որ պետք է ստանա շտապ լուծումներ  ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ավելի երկարաժամկետ հեռանկարում:

Մի քանի օրինակ 

Այս պատերազմում Ադրբեջանը արդյունավետ գործածեց թուրքական Բայքար Դիֆենս ընկերության Բայրաքթար ՏԲ2 մարտավարական ԱԹՍ-ը` թիրախավորելով մեր տանկային շարասյուններին, փոխադրամիջոցներին և կենդանի ուժի կուտակումներին:  ՏԲ2-ի աշխատանքի որոշ մանրամասներ հայտնի են: Այն գործածում է լազերային նշանակող (laser designator)`թիրախը ինֆրակարմիր (ԻԿ) լազերային բծով «լուսավորելու» համար: ՏԲ2-ը գործածում է Ռոքեթսան ՄԱՄ-Լ և ՄԱՄ-Ս կառավարվող ռումբեր`որոնք ունենալով ԻԿ կամերա, «տեսնում» են բիծը և շտկում են իրենց անկման հետագիծը՝ մեծ ճշտությամբ խոցելով թիրախը: Հիմնական թիրախը տանկի թույլ զրահավորված «կտուրային» հարթակն է: Բազմաթիվ այլ մանրամասներ կան, որոնք ես այստեղ չեմ կարող քննարկել: Իմանալով հայտնի և անհայտ, բայց կանխատեսելի մանրամասներ և նրանց հետ կապված ֆիզիկական և մաթեմատիկական սահմանափակումները, կարելի է ինչ-որ կերպ հակազդել ռումբի կառավարմանը և անձնակազմի/զրահատեխնիկայի թիրախավորմանը:

Մի քանի կոնկրետ օրինակներ: Լազերային փնջի արտացոլումը դիֆուզ է և նկարագրվում է Լամբերտյան օրենքով: Արդյոք կարելի՞ է «մարել» այս արտացոլումը` ԻԿ կլանող նյութերով: Թիրախավորումը նաև անհնար կդառնա, եթե արտացոլումը ոչ-թե դիֆուզ է, այլ հայելային է․ կարո՞ղ ենք արդյոք ծածկել զրահը հայելային մակերևույթով:

Եվ վերջապես՝ ուրիշ ի՞նչ հնարավորություններ կարող են լինել, օրինակ` թիրախավորումը խափանելու ակտիվ մեթոդներով: 

Այստեղ պետք է հասկանալ, որ ռազմական տեխնոլոգիայում «մոգական» բաներ չկան:  Գործածված մեթոդաբանությունները նույնպես շատ տարածված են էքսպերիմենտալ ֆիզիկայի և «կենցաղային» էլեկտրոնային ինժեներիայի տարբեր բնագավառներում:  Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ գործածվում են բավականին հնացած մեթոդներ:  Այս մեթոդների արդյունավետությունը տանկային միավորումների դեմ ոչ թե գալիս է նրանց արդիականությունից, այլ նրանից, որ Տ-72 տանկը (օրինակի համար) է՛լ ավելի հնացած է, քան վերոհիշյալ լազերային նշանառման մեթոդները: Այս հանգամանքը մեզ պետք է խրախուսի. հավանաբար կլինեն տարբեր, մեզ հասանելի ժամանակակից, բայց էժան տեխնիկական մեթոդաբանություններ, որոնցով կարող ենք զգալիորեն նվազեցնել ԱԹՍ-ի հարվածային արդյունավետությունը:

Իսկ ինչ եմ արել ես

Իսկ ինչ եմ արել ես` հայ գիտնականս, այս վերջին ծանր պատերազմի ժամանակ:  Պատերազմի առաջին օրերին ես իմ տեղը պարզապես չէի կարողանում գտնել: Դիտում էի հակառակորդի տարածած ԱԹՍ-ային հարվածների դաժան տեսահոլովակները, որտեղ երևում էր, թե ինչպես են զոհվում մեր ազգի լավագույնները: Ու գիշերները չէի կարողանում քնել: Հետո սկսեցի մտածել, թե ինչպես է աշխարում լազերային թիրախավորումը: Միանգամից մի-քանի մտահղացում ունեցա, որոնք, գորածելով շատ պարզ ու կարևորը էժան տեխնիկական մեթոդներ, կկարողանային մեր զինվորներին տալ վտանգի զգուշացման վաղաժամ ազդանշան:

Արագ կառուցեցի մի կոպիտ պրոտոտիպ: Այստեղ խորհրդակցվեցի մի քանի ծանոթ մասնագետ ֆիզիկոսների հետ: Կապվեցի հայաստանյան մի քանի գիտնական և ինժեներ ընկերներիս հետ, և սկսվեց այս նախագծի արագ զարգացումը: Ընդամենը քսան օրում կառուցեցին մի քանի կատարարելագործված պրոտոտիպներ, որոնք անցան թեստավորում դաշտային պայմաններում: Համոզված եմ, որ դրանք շուտով կվերածվեն աշխատող արտադրանքի, և հույս ունենք, որ ՊՆ-ի օգնությամբ կտարածվեն մեր զինված ուժերում: Միայն այս հասարակ՝ փոքր (10 սմ չափսի) և էժան ($5-10) սարքը կկարողանա ապագա առճակատման դեպքում փրկել հարյուրավոր կյանքեր: Այս ընթացքում մենք տեսանք, թե ինչպես էլեկտրոնային ինժեներները, IT մասնագետները, ֆիզիկոսները և զինվորականները միասին աշխատեցին՝ մի խնդրի լուծման ուղղությամբ: Եվ այն արդյունք տվեց: Եվ ավելին ասեմ՝ սա ընդամենը սկիզբն է: Դեռ կան շատ, շատ ուրիշ հնարավորություններ, որոնք մենք գտանք մեր աշխատանքի ժամանակ: Դրա մասին մեկ ուրիշ անգամ:

Գիտնականներն ու ինժեներները պետք է մնան ռազմական նշանակության խնդիրների վրա աշխատելու համար: Ինժեներական ամեն մի նման գյուտը կարող է հարյուրավոր զինվորների կյանք փրկել և թշնամուն տալ մեծ կորուստներ

Նաև պետք է նշեմ որ այս ընթացքում առերեսվեցինք մի լուրջ խնդրի, որը մոտս ահավոր վրդովմունք առաջացրեց: Այս աշխատանքի ժամանակ իմացանք, որ մեր ինժեներներից մի քանիսը զորակոչվեցին առաջնագիծ: Սա սարսափելի սխալ է և ի ցույց է դնում ՊՆ-ի կարճատեսությունը: Գիտնականներն ու ինժեներները պետք է մնա(յի)ն ռազմական նշանակության խնդիրների վրա աշխատելու համար: Ինժեներական ամեն մի նման գյուտը կարող է հարյուրավոր զինվորների կյանք փրկել և թշնամուն տալ մեծ կորուստներ: Այսպիսով մեկ լավ ինժեները հարյուրավոր զինվորների գործ կարող է կատարել: Որպես պատմական օրինակ՝ 1941-ին ԽՍՀՄ-ի համար անգամ ամենահուսահատ օրերին գիտնականները ռազմաճակատ չէին ուղղարկվում:  Գիտնականների առջև դրվեցին խնդիրներ, ինչի արդյունքում նրանք ԽՍՀՄ-ին տվեցին արդիական այն զենքը, որը թույլ տվեց պարտության մատնել մինչև ատամները զինված գերմանական զորքին: Նրանք պատերազմից հետո ստեղծեցին խորհրդային միջուկային զինանոցը:

Եթե ոգևորված ընթերցողը այստեղ ուզում է մեկնաբանել «վայ, հայ գիտնականներ ջան, մեր հույսը դո՛ւք եք», ապա միանգամից կտրեմ այդ ոգևորությունը` ո՛չ, այս գործը շատ մեծ է, և հետևաբար մեզ հարկավոր է բոլորի՛ օգնությունը: Այո՛, սիրելի ընթերցող, նաև քո՛ օգնությունը: Հայաստանի ամեն քաղաքացի կարող է և պե՛տք է մեզ օգնի այս գործընթացում: Ինչպե՞ս: Այդ մասին հաջորդ հոդվածում։

https://www.civilnet.am/news/2020/11/13/Հայ-գիտնականն-ու-բանակը/407857

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın