İçeriğe geçmek için "Enter"a basın

Յոթ շրջանների պատկանելության վերաբերյալ պատրանքներ չպիտի լինեին․ Լավրով (լրացվող)

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան և օտարերկրյա լրատվամիջոնցներին, անդրադարձել ղարաբաղյան պատերազմին, հրադադարին, կարգավորմանը, խաղաղապահների հարցերին։ Լավրովի հարցազրույցից հատվածներ՝ ստորև․

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է՝ տարածաշրջանի ազգային և կրոնական կազմի հարցի լուծումից կախված։

«Ելնում ենք նրանից, որ կարգավիճակը որոշվելու է՝ կախված նրանից, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկելու, որպեսզի վերականգնենք Լեռնային Ղարաբաղում ազգային-կրոնական համերաշխությունը»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ «այտեղ իրենք չեն սահմանում որևէ արհեստական ժամկետներ»։

Թուրք խաղաղապահների տեղակայման մասին

Թուրքիայից ոչ մի խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում չի լինելու։ Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվելու են ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնով, որը գործելու է ադրբեջանական տարածքում, այլ ոչ թե հակամարտության տարածքում։ Ինչ վերաբերում է Թուրքիայից հնչող հայտարարություններին, որ թուրքերն աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսները, ապա խոսք է գնում բացառապես այդ կենտրոնի մասին, որը լինելու է ֆիքսված, առանց արտագնա նիստերի, Ադրբեջանի տարածքում։

Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին

Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները ամուր հիմքեր են ստեղծում կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար։

«Ես լիահույս եմ, որ այս հնգամյա շրջանը, որից սկսել ենք՝ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման, թույլ կտա առնվազն այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար ամուր հիմքեր դնել»,- ասել է Լավրովը։

Ղարաբաղյան նոր պայմանավորվածությունների տարբերությունը նախորդներից

Ռուսաստանի միջնորդությամբ կայացված վերջին պայմանավորվածությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ ենթադրում են տարածաշրջանում իրավիճակի մշտադիտարկման իրական մեխանիզմ։ 

Ադրբեջանին անցնող շրջանների մասին

Եթե հաջողվեր ղարաբաղյան հարցով դիվանագիտորեն ավելի շուտ համաձայնության գալ, Բաքվին կանցնեին հինգ շրջանները,  ապա՝ երկուսը, բայց խաղաղ ճանապարհով։

«Մենք կնախընտրեինք, որ ամբողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որոնց մասին բազմիցս եմ խոսել։ Իմիջիայլոց, Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում շեշտում էր իր պատրաստակամությունը այդ սկզբունքների հիման վրա կատարել այն, ինչ առաջարկել էին համանախագահները»,- ասել է Լավրովը։

Նա նշել է՝ եթե այն ուղիով գնային, արդյունքը թերևս նույնը կլիներ, նախ՝ հինգ, ապա՝ երկու շրջանների մասով, բայց դա կարվեր անարյուն և վերջնական քաղաքական կարգավորմամբ զուգորդված։ 

Լավրովը շեշտել է՝ յոթ շրջանների պատկանելության վերաբերյալ պատրանքներ չպիտի լինեին։

«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ պատրանքներ, որ յոթ շրջանները պետք է հավետ մնային այն վիճակում, որով էին դեռ մեկ-երկու ամիս առաջ, չպիտի լինեին»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ «պատասխանատու իշխանությունները պետք է բացատրեին բնակչությանը, որ ինչ-որ փուլում այդ կարգավորումն իրագործվելու է միջնորդների առաջարկած սկզբունքների հիման վրա՝ բացելով կատարյալ ճանապարհ առանց արյունահեղության և անվտանգության սպառնալիքի լուծման համար»։ 

Մինսկի խմբի համանախագահների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը պահպանվում է պայմանավորվածություններից հետո։

«Այդ դերը պահպանվում է, այսօր ինձ հետ հեռախոսազրույցում այդ փաստը լիարժեք հաստատել է Հայաստանի ԱԳ նախարարը։ Երեկ շփվել եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որը նույնպես հաստատել է համանախագահների հետ համագործակցությունը շարունակելու շահագրգռվածությունը»,- ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ, ըստ Լավրովի, Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու ծրագրեր չկան։

https://www.civilnet.am/news/2020/11/12/Յոթ-շրջանների-պատկանելության-վերաբերյալ-պատրանքներ-չպիտի-լինեին%E2%80%A4-Լավրովը՝-ղարաբաղյան-կարգավորման-մասին/407730

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın