İçeriğe geçmek için "Enter"a basın

Հադրութ, 30 սեպտեմբեր, 2020թ. կյանքիս ամենածանր օրը

Թաթուլ Հակոբյան

Իմ նոթատետրից՝ չգրված թերթեր

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ստեփանակերտից ՍիվիլՆեթի հինգ-հոգանոց թիմով շարժվեցինք Հադրութ:

Պատերազմում դու չես որոշում, թե ինչ ես նկարում: Որոշողը պատերազմն է:

Իմ Ջիփը կանգնեց Հադրութի կենտրոնում: Ինձ ու մեր ռեժիսոր Հակոբ Մանուկյանին մոտեցավ մի ոստիկան: Նա ստուգեց անձը հաստատող մեր փաստաթղթերը, ապա առաջարկեց ներկայանալ ոստիկանություն: Նստեց մեր մեքենան, միասին շարժվեցինք:

Պետը ինձ ճանաչեց, ժպտաց և կարգադրեց, որ նկարեն, որտեղ պետք է: Ոստիկանը հարցրեց՝ կուզե՞ք հոսպիտալ:

Մենք գիտեինք, որ հոսպիտալ նկարել չեն թողնում: Ասացինք՝ այո և զարմացանք:

Երբ հասանք հոսպիտալ, հարավային առաջնագծից առավոտյան արդեն մի քանի վիրավոր էին բերել: Մեկի վիճակը ծանր էր: Բժիշկ Տարոն Տոնոյանը ասաց, որ հնարավոր է՝ ներքին արյունահոսություն է:

Քիչ անց տեղեկացրեցին, որ նոր վիրավորներ են բերում: Սկզբում բերում էին Նիվաներով՝ մեկ-մեկ կամ երկու-երկու: Հետո սկսեցին բերել Ուազներով:

Բժիշկներն ու բուժքույրերը մի կերպ էին հասցնում:

Հետո ասացին, որ երկու ավելի մեծ՝ զինվորական մարդատար ավտոմեքենաներով են բերում վիրավորներին:

Ամեն մեքենայի մեջ առնվազն 10 վիրավոր ու զոհ կար, գուցե ավելի: Նրանք թեթև, միջին և ծանր վիրավորներ էին: Մեքենաներից իջեցնելիս լսվում էին նրանց ցավերի դժոխային ձայները: Նախ վիրավորներին իջեցնում էին, առաջին օգնությունը ցույց տալիս, իսկ ընկածներին տանում կողքի շենք, որտեղ դիահերձարանն էր: Վիրավորներն այնքան շատ էին այդ առավոտ, որ նրանց օգնություն ցույց էին տալիս հոսպիտալի հենց հրապարակում՝ պատգարակի վրա:

Ես մոտեցա տեսնելու, թե ինչպես են զոհվածներից մեկին տանում դիահերձարան: Տղայի կրծքին Կալաշնիկով կար: Դիրքից հոսպիտալ բերած բուժակը նրա կրծքից գլխի վրայով հանեց ավտոմատը, ստուգեց՝ լիցքավորված փամփուշտ կա, թե ոչ: Կար: Մի զինվորական վերցրեց Կալաշնիկովը և օդ կրակեց: Սահմանին ընկած տղայի վերջին կրակոցն էր: Ընկել էր՝ Կալաշնիկովը կրծքին:Հոսպիտալում մեզ տեսավ Մարգարիտա Սարգսյանը, որը ղարաբաղյան շարժման ամենահին ակտիվիստներից է։ Եկել էր օգնելու: Նրան լավ եմ ճանաչում, մի քանի անգամ զրույց եմ ունեցել հետը, եղել նրանց տանը: Ասաց՝ կգաք մեր տուն կեսօրին:

Սեպտեմբերի 30-ը կյանքիս ամենածանր օրն էր: Երբ հասանք Մարգարիտայենց տուն, այնտեղ էին ՍիվիլՆեթի օպերատոր Լևոն Արշակյանը, լրագրողներ Անի Փայտյանն ու Լիկա Զաքարյանը: Միասին էինք մեկնել Հադրութ, բայց տարբեր նկարահանումներ էինք անում: Մարգարիտան մեզ համար սուրճ դրեց:

Սեպտեմբերյան հրաշալի և տաք կեսօր էր: Նստել էինք ծառի տակ դրված սեղանի շուրջը: Հադրութի անտառային գույները մեր աչքին չէր գալիս: Այս պատերազմը, կյանքերից բացի, մեզանից տարել էր նաև բնությամբ հիանալու զգացողությունը:

Ես մի քիչ հեռացա բոլորից, նստեցի դեպի ներքև՝ այգի տանող աստիճաններից մեկի վրա ու լաց եղա ավտոմատը կրծքին ընկած տղայի համար: Հետո մոտեցա իմ գործընկերներին, և մենք կրկին մեկնեցինք տարբեր ուղղություններով՝ շարունակելու նկարահանումները:

Այդ օրվանից ես ամեն օր ապրում էի մարդկային իմ անձնական, բայց նաև մեր պատմության ողբերգությունը: Իմ առաջ 1920 թվականի աշունն էր, երբ մենք կորցնում էինք Սարիղամիշը, Կարսը, Սուրմալուն…

Հիմա, վաղ առավոտյան, ներքնահարկից, որտեղ գիշերել եմ օպերատոր Լևոն Արշակյանի հետ, ես դուրս եմ գալիս Ստեփանակերտի փողոց, նայում դեպի Շուշի և գիտեմ, որ նոյեմբերի 7-ից ադրբեջանցիները գրավել են բերդաքաղաքը:

https://www.civilnet.am/news/2020/11/11/Հադրութ-30-սեպտեմբեր-2020թ-կյանքիս-ամենածանր-օրը/407389

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın