İçeriğe geçmek için "Enter"a basın

Եթե տեղի ունենար Ստեփանակերտի առումը, մենք կկորցնեինք մնացածը. Փաշինյան

Տվյալ պահին ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի տակ, եւ ԶՈՒ ԳՇ եւ Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ շատ թույլ է պաշտպանված… Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, վերադարձնել: Այս մասին facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, դրա հիման վրա է կայացվել այդ որոշումը: Ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի տակ, եւ ԶՈՒ ԳՇ եւ Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ շատ թույլ է պաշտպանված, կամ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորներին կթողներ շրջափակման մեջ: Արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածը, ինչ-որ այդ փաստաթղթով արձանագրված է։

Եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ասկերանն անպաշտպան էր, Մարտունիում պաշտպանությունը շատ անկայուն էր, եւ շատ մեծ էր հավանականությունը, եւ այդպիսին էր նաեւ ԳՇ-ի գնահատականը, Արցախի նախագահի գնահատականը, որ եթե չկանգնեցնեն, կամ Ասկերանով, կամ Մարտունիով մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ միգուցե վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կարող էին հայտնվել շրջափակման մեջ: Այդ դեպքում հազարավոր զինվորների կյանքը կհայտնվեր վտանգի տակ»,-հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով՝ Շուշիի անկումից հետո 2 անգամ քաղաքը հետ վերադարձնելու փորձեր են արվել… «Մի օր, ամսի, ես հիմա չեմ հիշում կոնկրետ օրը, Շուշին անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից, որը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Եվ այդ հակասությունները՝ ում հսկողության տակ է Շուշին, կապվում է այս խնդրի հետ։ Բայց մեծ հաշվով իրադրությունը չի հաջողվել փոխել»։

Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել. «Ասել է, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց ես չեմ համաձայնվել եւ համաձայնվել եմ միայն այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Ես դեռեւս հոկտեմբերի 22-ին ռուսական «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել եմ, որ կողմ եմ Ղարաբաղում ռուսական սահմանապահների տեղակայմանը: Նույնը կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական ՎԻՈՆ հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հետեւաբար, որեւէ կերպ հոկտեմբերի 28-ին չէի կարող որեւէ կերպ դեմ արտահայտվել խաղաղապահների տեղակայմանը: Սա պարզ տրամաբնություն է»,- ասաց նա:

Փաշինյանն հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու եւ անձամբ է գլխավորելու այդ ջոկատը. «Հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք Նիվաներ՝ կամուֆլյաժ ներկած, տեսանք Վիլիսներ եւ այլն: Բայց այդպես էլ կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ, առավել եւս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Գուցե հենց սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետեւ այն ջոկատը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, եւ մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավոր կլիներ Շուշին պահել: Թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկլյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտում: Սա գուցե մի քիչ սիմվոլիկ, բայց սիմվոլիկ էլ չէ: Բայց քանի որ հրապարակային հայտարարություններին չհետեւեց գործողություն… ես չգիտեմ, թե ինչպես է լինում, որ հրապարակային հայտարարվում է, կամուֆլյաժ Նիվաները ցուցադրվում են, Վիլիսները ցուցադրվում են, հետո ոչ մի բան չի չի լինում: Սրա մեջ կարո՞ղ է դավաճանություն կամ դավադրություն լինել: Համենայդեպս, վարկած է, որը արժանի է քննության: Իսկ գուցե այդ Նիվաները եւ Վիլիսները, եւ ջոկատները ոչ թե Շուշիում գործունեությունը ծավալելու համար են ձեւավորվել, այլ ՀՀ-ո՞ւմ: Համենայնդեպս, եթե այդպես է, այդ փաստը պետք է ստուգվի եւ արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն անպայման տեղի կունենա»,-ասաց նա:

https://news.am/arm/news/612661.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın