İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայերն ու ադրբեջանցիները չկարողացան խոսել, ուրեմն՝ կխոսեն ռուսներն ու թուրքերը

Թաթուլ Հակոբյան

Արցախում շարունակվող պատերազմին զուգահեռ ընթանում է դիվանագիտական աշխատանք ռազմական գործողությունները դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտությանը լուծում տալու ուղղությամբ։

Միջազգային միջնորդները, տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնները միշտ են եղել ներգրավված, սակայն այսօր առավել քան երբեք, հիմնական խաղացողներն են Ռուսաստանը և Թուրքիան։

Երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, Ռուսաստանը՝ համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, Թուրքիան՝ ոչ։

Անդրկովկասը Ռուսաստանի կենսական շահերի գոտի է, և Մոսկվան միշտ պատրաստ է եղել անել ավելին, քան Մինսկի խմբի անդամ կամ որևէ այլ պետություն։ Եվ արել է․ 1994-ին ղարաբաղյան հակամարտության գոտուն բերել է կամ պարտադրել է խաղաղություն, նույնն արել է 2016-ի ապրիլին, իսկ այսօր, Թուրքիայի հետ միակ ուժն է, որ կարող է կանգնեցնել պատերազմը։ Պատերազմը կարող էր կամ է կանգնեցնել նաև Հայկական բանակը։

Որևէ միջնորդություն, բնականաբար, գին ունի, և այդ գինը վճարում են հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավված կողմերը, երբ նրանք չեն ցանկանում գնալ արժանապատիվ խաղաղություն գտնելու ճանապարհով։

Հայաստանն այսօր կանգնած է բարդագույն ընտրության ճանապարհին։ Լուծումները, ընդհանուր առմամբ, շատ չեն այլևս։

Առաջին․ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարողանում են համախմբվել, ցավալի հարվածներ հասցնել Ադրբեջանին, որը կստիպի Իլհամ Ալիևին հրաժարվել մաքսիմալիստական ախորժակից։ Այսպիսով, պատերազմը շարունակվում է, և ադրբեջանական բանակը մղվում է ելման դիրքեր։

Երկրորդ․ Հայաստանն ու հայ ժողովուրդը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, համաձայնում են ռուս-թուրքական պայմանավորվածություններին։

Անշուշտ, կարելի է ներկայացնել այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ տեսական, ցանկալի, երազային, սակայն այսօր դրա ժամանակը չէ։

Ռուսական և թուրքական, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցներում շրջանառվում են կարգավորման նոր տարբերակներ։ Հաշվի առնելով բարձր մակարդակի ռուս-թուրքական հեռախոսային շփումները, թուրք-ադրբեջանական և հայ-ռուսական խորհրդակցությունները, թվում է, խոսք է գնում արդեն մանրամասների շուրջ։

1994-ի մայիսյան զինադադարից ի վեր այսօր քննարկվող տարբերակը վատագույնն է։ Եթե նախկինում՝ 1997-ի փաթեթային և փուլային, 1998-ի Ընդհանուր պետություն, 2001-ի Քի Վեսթ, ապա 2004-ին սկիզբ դրված պրահյան գործընթացը (2006-ի Ռամբույե, 2007-ի Մադրիդյան, 2011-ի Կազան և 2017-ի վերջին սևագիր) ենթադրում էր հինգ կամ վեց շրջանի վերադարձ առաջին փուլում, ապա այսօր Ադրբեջանը պահանջում է ավելին։

Պատճառը պարզ է․ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական բանակը հասել է զգալի հաջողության։ Փաստացի, այսօր ադրբեջանական բանակը ամբողջապես կամ մասմաբ վերահսկողություն է հաստատել Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլուի և Հադրութի, ինչպես նաև Շուշիի շրջանների հատվածներում։

1991-1994-ի պատերազմի շրջանում ևս, երբ Ադրբեջանը հասնում էր ռազմական հաջողության, հրաժարվում էր բանակցել, հենց որ հայկական կողմն էր առավելություն ունենում, Բաքուն ցանկություն էր հայտնում անգամ պաշտոնական Ստեփանակերտի հետ խոսել, ընդ որում՝ ուղիղ և ոչ Երևանի միջոցով։

Մեր ունեցած տեղեկություններով, որոնք հաստատվում են նաև լրատվամիջոցներ սպրդող լուրերով, այսօր ռուսներն ու թուրքերը աշխատում են մի սևագրի վրա, որը, ինչպես նշեցինք, վատագույնն է նախկիում արված բոլոր առաջարկներից։ Ալիևը պահանջում է ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող շրջանները, որոնց մի մասը արդեն իսկ ռազմական ճանապարհով կարողացել է նվաճել, այլև Շուշին։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանը Արցախին կապող միջանցք տրամադրել, սակայն պահանջում է նաև միջանցք (անվտանգ ճանապարհ), որով կկարողանա անարգել կապվել Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով։

Արցախի կարգավիճակի խնդիրը, թվում է, այս պահին, թողնվում է ապագային, և առաջնային է դառնում անվտանգության խնդիրը։ Խոսքը խաղաղապահ առաքելության մասին է, որը, ինչպես նախկինում, լրջորեն ցանկություն են հայտնել իրականացնել երկու պետություններ՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Առաջինին միշտ դեմ է եղել Ադրբեջանը, երկրորդին՝ Հայաստանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակավ կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Ադրբեջանը, թվում է, դեմ էր։ Սակայն եթե Թուրքիան է այսօր տոն տալիս Բաքվին որոշումներ կայացնելու հարցում, ապա Ալիևը կարող է իր դիրքորոշումը փոխել։

Այս դեպքում, փաստացի արդեն խոսքը ղարաբաղյան հակամարտության շրջանը ազդեցության գոտիների բաժանելու տարբերակի մասին՝ ռուսական և թուրքական։

Դիվանագիտությունը ունի չարություն։ Երբ դու չես խոսում քո ոխերիմ հակառակորդների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, ապա դա կանեն այլոք։

Այսօր, փաստացի, հայերի և ադրբեջանցիների փոխարեն խոսում են ռուսներն ու թուրքերը։

Սա նորություն չէ մեր պատմության համար։ Մոտավորապես այդպես է եղել նաև 1920-ի աշնանը՝ ուղիղ 100 տարի առաջ այս օրերին։

Թաթուլ Հակոբյան

https://www.civilnet.am/news/2020/11/09/Հայերն-ու-ադրբեջանցիները-չկարողացան-խոսել-ուրեմն՝-կխոսեն-ռուսներն-ու-թուրքերը/406893

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın