İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուս խաղաղապահը միայն Հայաստանի ուզելով չէ, որ կարող է գալ

Թաթուլ Հակոբյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, միջազգային ընկալման տեսանկյունից, ունի չորս հիմնական առանցքային կետ.

1. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ կամ միջանկյալ կարգավիճակ,

2. նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող և Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներ,

3. փախստականներ և ներքին տեղահանված անձինք,

4. անվտանգություն, որ առաջին հերթին նշանակում է բազմազգ խաղաղապահ առաքելություն:

Սեպտեմբերի 27-ի ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական հարձակումից ի վեր ներհայկական, իշխանական դիսկուսրսում առաջին պլան է մղվել խաղաղապահների թեման: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ հրապարակավ հայտարարել են, որ կողմ են ռուս խաղաղապահների ներկայությանը, սակայն հակամարտության բոլոր կողմերը պետք է դրան համաձայն լինեն:

Զուտ հոգեբանական իմաստով, քանի դեռ պատերազմի մեջ ես, այնքան էլ շահեկան չէ այդ թեման անդադար արծարծել: Դա կարող է հակառակորդի և հակառակորդների մոտ ընկալվել թուլության նշան, մանավանդ որ 1994-ից ի վեր հպարտորեն հայտարարել ենք, որ այս հակամարտությունը աշխարհի այլ հակամարտություններից տարբերվում է նրանով, որ զինադադարը պահպանվում է ուժերի հավասարակշռության շնորհիվ, ինչը իրականություն է:

Ոչ միայն հակամարտության կողմերը, այլև ԵԱՀԿ-ն ու նրա եռանախագահությունը պետք է իրենց համաձայնությունը տան: Խաղաղապահների մանդատից, կազմից բացի առաջնային է նաև, թե որտեղ են նրանք տեղակայվելու:

Ռուս խաղաղապահների թեման լրջորեն քննարկվել է մինչև 1994-ի վերջերը և այն ժամանակներից, երբ շրջանառության մեջ դրվեց հակամարտության կարգավորման ռուսական կամ Լավրովի պլանը՝ 2016-ի Ապրիլյան քառօրյայից հետո:

Մինչև 1994-ի Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթաժողովը Ռուսաստանը ձգտում էր միայնակ խաղաղապահ առաքելություն իրականացնել, ինչը նրան հաջողվել էր Աբխազիայում: 1994-ի սեպտեմբերին ԱՊՀ մանդատով ռուսական խաղաղապահները մտան վրաց-աբխազական հակամարտության գոտի: Նույնը Մոսկվան փորձում էր անել Լեռնային Ղարաբաղում, որտեղ մայիսին կարողացել էր անժամկետ զինադադարի համաձայնագիր կնքել երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ:

1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերով, ինչպես նաև 1997-ից ի վեր հակամարտության կողմերին ներկայացված կարգավորման առաջարկներով՝ Փաթեթային, Փուլային, Ընդհանուր պետություն, Քի Վեսթ, Մադրիդյան և նրանից ածանցյալ Կազան, ենթադրվում է խաղաղապահների մուտք տարածաշրջան։

Բուդապեշտում 1994-ի դեկտեմբերին, ի հեճուկս Ռուսաստանի, ընդունվեց ԼՂ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու առաջարկը։ Ի կատարումն Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների, ստեղծվեց ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբը (OSCE High Planning Group), որը մշակեց և կողմերին ներկայացրեց խաղաղապահության չորս առաջարկներ։ Դրանք սակայն, ինչպես կարգավորման համապարփակ առաջարկները, չեն ընդունվել մինչև այսօր կողմերից մեկի, մյուսի կամ երրորդի մերժման պատճառով։

1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու իրական ցանկություն հայտնել է միայն երկու պետություն՝ Ռուսաստանը և Թուրքիան։ Ադրբեջանը կտրականապես դեմ է եղել ռուսական (Ադրբեջանում Խորհրդային Միությունից մնացած ռուսական ռազմական ներկայությունը վերացել է 1993-ին), իսկ Հայաստանը՝ թուրքական խաղաղապահությանը։

Հակամարտության կողմերի և ԵԱՀԿ քննարկումներում խաղաղապահության թեման եղել է ամենազգայուններից: Նշվել է, որ խաղաղապահ առաքելության մեջ չեն կարող լինել Մինսկի եռանախագահությունը ներկայացնող կենտրոնները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ինչպես նաև տարածաշրջանի ծանրքաշային պետությունները՝ Թուրքիան ու Իրանը:

Ավելի շատ խոսվել է համեմատաբար չեզոք, եվրոպական երկրների խաղաղապահության նպատակահարմարության մասին՝ Շվեյցարիա, Ավստրիա, Շվեդիա, Ֆինլանդիա:

Թաթուլ Հակոբյան

https://www.civilnet.am/news/2020/10/31/Ռուս-խաղաղապահը-միայն-Հայաստանի-ուզելով-չէ-որ-կարող-է-գալ/405239

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın